Հոկտեմբերի 15-ին Տոկիոյի Գինզա կենտրոնի Օջի համերգասրահում տեղի ունեցավ Արամ Խաչատրյանի ծննդյան 110-ամյակին նվիրված համերգ:
Միջոցառման մեկնարկին ներկաներին ողջունեց Ճապոնիայում Հայաստանի դեսպան Հրանտ Պողոսյանը խոսելով համաշխարհային արվեստում կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ավանդի եւ սերունդներին փոխանցած ժառանգության մասին:
Համերգի ընթացքում հնչեցին Արամ Խաչատրյանի եւ Կարեն Խաչատրյանի ստեղծագործությունները` անվանի երաժիշտներ դաշնակահար Արմեն Բաբախանյանի, թավջութակահար Արամ Թալալյանի եւ դաշնակահար Ջուլիետա Վարդանյանի կատարմամբ:
Համերգն ունկնդրելու էին եկել Ճապոնիայի պետական կառույցների պաշտոնյաներ, դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներ, Ճապոնիա – Հայաստան ընկերակցության, ճապոնահայկական բարեկամության միության անդամներ, դասախոսներ, արվեստագետներ, լրագրողներ: