Սեպտեմբերի 25-ին Գերմանիայի կառավարության ասուլիսին լրագրողները հարց են ուղղել պարզելու՝ ԼՂ-ում տիրող իրավիճակի վերաբեյալ ԳԴՀ տեսակետը: Կրճատ՝ այդ ասուլիսից:
Լրագրողներից մեկի հարցին, թե «ԼՂ-ից տեղեկատվություն ստանալն անհնար է, ինտերնետն ու լույսը կտրել է Ադրբեջանը: Ըստ փորձագետների պարզ չէ, թե Ադրբեջանն այնտեղ (էթնիկ) մաքրազտման գործողություններ արդեն արե՞լ է: Ի՞նչ գիտի կառավարությունը, ԵՄ դիտորդներն ի՞նչ են զեկուցում»: Արտգործնախարարության խոսնակ Ֆիշերը (Fischer) պատասխանել է, որ ԵՄ դիտորդական առաքելությունը ՀՀ սահմաններում է, ուստի չի կարող ԼՂ-ից տեղեկատվություն տրամադրել:
«Նրանց էլ չե՞ն թողնում ԼՂ գնալ» հարցին Ֆիշերը պատասխանում է, որ դա նրանց մանդատից դուրս է: «Շատ մտահոգված ենք Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության համար: Անցյալ շաբաթ այստեղ ասել ենք, բայց նաեւ՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում եւ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում շեշտել. ռազմական բռնությունը, որը տեսանք Ադրբեջանի կողմից անցյալ շաբաթ, անընդունելի է: Հայաստանի իշխանությունը հայտարարել է, որ մարդիկ արդեն սկսել են փախչել Լեռնային Ղարաբաղից: Մեր կարծիքով, կարեւոր է, որ Ադրբեջանն այժմ կրում է Լեռնային Ղարաբաղում բնակվող խաղաղ բնակչության հուսալի եւ համակողմանի պաշտպանության պատասխանատվությունը, իսկ էթնիկ հայերի արտաքսումը կամ նույնիսկ հարկադիր ելքը Ղարաբաղից, անընդունելի է: Մեր գործընկերների հետ միասին կոչ ենք անում Ադրբեջանին պաշտպանել խաղաղ բնակիչներին, կատարել այդ պարտավորությունները, հարգել ԼՂ ժողովրդի մարդու իրավունքները եւ ապահովել, որ Ադրբեջանի ԶՈՒ-ը համապատասխանի միջազգային մարդասիրական իրավունքին: Սրանով էլ չափելու ենք Ադրբեջանին»:
Հարց ուղղվեց կանցլեր Շոլցի խոսնակ Հեբեշթրայթին (Hebestreit) ՝ «ինչպես եք բացատրում, որ ԵՄ- ի, ԳԴՀ-ի գործընկեր Ադրբեջանը այս մարդասիրական պարտականություններին հավատարիմ չէ: Կանցլերը միջամտե՞լ է, խոսե՞լ է նախագահ, բռնակալ (դիկտատոր) Ալիեւի հետ անձամբ, որ նա այնտեղ մարդկանց հոգ տանի»:
Հեբեշթրայթի ցինիկ վարքի մասին «Ազգ»ի ընթերցողին ծանուցել ենք: Նա էր նախորդ ասուլիսներից մեկում ժպտում, երբ գերմանացի լրագրողը Արցախի սովահարության մասին ՄԱԿ-ի քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օքամփոյի «ցեղասպանություն» որակումն էր հիշատակում, որը կառավարության խոսնակը «պրոպագանդա» անվանեց: Ներում չի խնդրել դեռ, ուստի թե՛ կանցլեր Շոլցի, թե՛ արտգործնախարար Բերբոքի՝ Ալիեւին ուղղված պահանջները չենք կարող լուրջ ընկալել, որքան էլ ցանկանանք, դժվարանում ենք: Թող հրապարակավ դատապարտեն իրենց կողքին կանգնող, կանցլերի խոսքը մեզ փոխանցող բարոյազուրկ պաշտոնյային: «Երկրորդ հարցին պատասխանեմ՝ կանցլերը ուրբաթ օրը (նկատի ունի սեպտեմբերի 22-ին- Ան. Հ.) արդեն որերորդ անգամ հեռախոսով խոսել է Հայաստանի նախագահի հետ (հնարավոր է շփոթել է՝ վարչապետի հետ-Ան. Հ.): Նախորդ վերջինը 2 շաբաթ առաջ էր կարծում եմ: Մենք պարզ ասել ենք, Ադրբեջանից պահանջել անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները, հարգել միջազգային իրավունքը, Հայաստանի տարածքային ամբողջականությունն ու անկախությունը, ինչպես նաեւ ապահովել միջազգային իրավունքի եւ նմանատիպ պահանջների պահպանումը ԼՂ-ում: Մենք կշարունակենք դա անել»: Նորից հարց հնչեց՝ «Պարոն Շոլցն Ալիեւի հետ խոսե՞լ է»:
Հեբեշթրայթը պատասխանեց, թե նման զրույցի մասին իրազեկ չէ: Բայց կարծում է, որ Ալիեւը տեղյակ է իրենց դիրքորոշման մասին, ասաց խոսնակը՝ հիշեցնելով ՄԱԿ-ում կանցլերի ելույթը: Նույն հարցին պատասխանեց ԱԳՆ խոսնակ Ֆիշերը, որ համոզված էր, թե Ադրբեջանի կառավարությունը հստակ գիտի իրենց դիրքորոշման մասին, քանի որ ՄԱԿ-ի ԱԽ-ում նախարար Բերբոքը շարադրեց այն: «Մեզ համար ծայրահեղ կարեւոր է, որ հնարավորինս թափանցիկ լինի ԼՂ-ում իրավիճակը: Մեր կարծիքով, ԼՂ-ում ռուսական զորքի պարտականությունն է բնակիչների պաշտպանությունը»: (Չորեքշաբթի՝ սեպտեմբերի 27-ին Բլինքենի հայտարարությունից հետո Բերբոքը հաղորդեց, թե գործընկերների հետ աշխատում են հնարավորինս արագ ԼՂ դիտորդներ ուղարկելու ուղղությամբ- Ան. Հ.):
Այնուհետ հարց եղավ Գերմանիայի, Ֆրանսիայի,Հայաստանի, Ադրբեջանի ԱԽ քարտուղարների եւ ԵՄ ներկայացուցչի Բրյուսելում հանդիպման մասին, «կարո՞ղ եք հաստատել, որ այն կայանալո՞ւ է» (սեպտեմբերի 26-ին արդեն կայացել է՝ հոկտեմբերի 5-ին Գրանադայի հանդիպմանն ընդառաջ- Ան. Հ.): Հաստատական պատասխան եղավ եւ պարզաբանում հնչեց, որ ԳԴՀ ներկայացնում է կանցլերի արտաքին եւ անվտանգության քաղաքականության խորհրդատու Յենս Պլյոթները (Jens Plötner) (գերազանց պատրաստված դիվանագետ- Ան. Հ.):
Ներքին գործերի նախարարի խոսնակին ուղղվեց հետեւյալ հարցը. «Ադրբեջանը անվտանգ պետությունների մե՞ջ է: Կարծում եմ ԼՂ-ի բնակիչները, արձանագրության համաձայն, գերմանական տեսանկյունից Ադրբեջանի քաղաքացիներ են: Փախստականների հոսք ակնկալու՞մ եք, որը նաեւ Գերմանիա կհասնի»:
«Իմ տեղեկությամբ՝ոչ, բայց կստուգեմ», պատասխանեց ՆԳՆ խոսնակ Քալլը (Kall)՝ հավելելով, որ առաջին հոսքը Գերմանիա չի հասել:
ԱԳՆ խոսնակ Ֆիշերին հարց ուղղվեց, թե կառավարությունը համամի՞տ է Գերմանիայի արտաքին քաղաքականության ընկերակցության այն վարկածի հետ, որ ադրբեջանական զինուժը էլի կհարձակվի հայկական դիրքերի վրա:
Ֆիշերը հայտնեց, թե՝ «Այս պահին չունեն տեղեկություն հետագա հարձակումների մասին:
Սակայն Ադրբեջանի կառավարությունն է այժմ ԼՂ բնակիչների անվտանգության պատասխանատուն: Անընդհատ քննարկում ենք իրավիճակը, այդ թվում նաեւ՝ Բրյուսելում, եւ անհրաժեշտության դեպքում կխոսենք համապատասխան արձագանքների վերաբերյալ»:
Լրացուցիչ հարց հնչեց՝ «Ինչպե՞ս է դաշնային կառավարությունը տեղեկանում այն կասկածի մասին, որն արտահայտում է այժմ տարածաշրջանում կատարվող էթնիկ զտումների մասին:
Ուշագրավ էր ԳԴՀ ԱԳՆ խոսնակի պատասխանը՝ «Մեզ հասանելի բոլոր աղբյուրներից»:
ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ
Գերմանիա