ՌՈՒԲԵՆ ՄԱՐԳԱՐՅԱՆ, «Գոլոս Արմենիի», 17 հոկտ. 2013 թ., Ռուս. թարգմ. Պ. Ք.
Վլադիմիր Պուտինին Զորի Բալայանի գրած բաց նամակը լրագրողական, քաղաքագիտական եւ դրանց մոտիկ կանգնած որոշ շրջանակներում առաջացրել է փոքր-ինչ անսպասելի բացասական արձագանք: Ինչ-որ խելոք այդ նամակում տեսել է «Ղարաբաղը Ռուսաստանին տալու» կոչ: Եվ ամեն ինչ շարունակվել է «փչացած հեռախոս» մանկական խաղի նման:
Զորի Բալայանի նամակը երկար էՙ մոտ 18 համակարգչային էջ: Հասկանալի է, որ շատերը ծուլացել են կարդալ, մանավանդ որ անհամեմատ հեշտ եւ հաճելի է քննադատել չկարդացածը, հեղինակին տալ իմաստուն խորհուրդներ եւ փայլել սրամտությամբՙ վստահելով սոցիալական ցանցերի տնաբույս հեղինակությունների գնահատականներին: Բալայանին ինչ պիտակ ասես փակցրել են. «խայտառակ նամակ», «դավաճանություն», «Արցախի շահերի առեւտուր» եւ այլ անմտություններ: Մինչդեռ, եթե քննադատները, ավելի ճիշտՙ Զորի Բալայանի չարակամները, բարեհաճեին ընթերցել նամակը, թերեւես այնտեղ գտնեին իրենց համար նոր եւ հետաքրքրական ինչ-որ բան:
Նամակում խոսվում է Գյուլիստանի եւ Թուրքմենչայի պայմանագրերի կարեւորության, Ռուսաստանի քաղաքականության հաջորդայնության, տարածաշրջանում Հայաստանի եւ Ռուսաստանի աշխարհաքաղաքական շահերի ընդհանրության մասին, այն մասին, թե տարածաշրջանում ինչպես է սկսել իրացվել պանթուրքական ծրագիրը Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո: Նաեւ խոսվում է Ռուսաստանիՙ որպես Մինսկի խմբի համանախագահի առանձնահատուկ պատասխանատվության, բանակցությունների սեղանի շուրջը Նախիջեւանի խնդիրը հաշվի առնելու անհրաժեշտության, Ղարաբաղի Սահմանադրության մասին, որի համաձայն, Արցախի Հանրապետության իրավադատությունը տարածվում է նաեւ ազատագրված տարածքների վրա: Տեքստում նաեւ մեջբերում կա Սոբչակից, որ Ղարաբաղը Ռուսաստանի խնդիրն է, եւ հասկանալի է, որ խոսքը հենց խնդրի պատմական ու աշխարհաքաղաքական համատեքստի մասին է… Սակայն նամակում չկա եւ, իհարկե, չէր կարող լինել «Ղարաբաղը Ռուսաստանին տալու» կոչ… Մինչդեռ, տպավորություն է ստեղծվում, թե Բալայանի չարակամներին դա չի հետաքրքրում. իրենց ժամը հասավ եւ ոհմակով հարձակվեցին:
Եթե պահանջվեր մեկ նախադասությամբ բնութագրել նամակի բովանդակությունը (թեեւ դա ակնհայտորեն անշնորհակալ խնդիր է), ես կասեի այսպես. այդ նամակը հիշեցնում է տարածաշրջանում Ռուսաստանի, Հայաստանի եւ Իրանի աշխարհաքաղաքական շահերի ընդհանրության մասին, երկրներ, որոնք դիմակայում են պանթուրքական ծրագրերի իրագործմանը, եւ այս կապակցությամբ Մոսկվային հիշեցնում է իրՙ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահի մեծ պատասխանատվությունը Արցախի եւ ամբողջ տարածաշրջանի հետագա ճակատագրի համար:
Այստեղ ի՞նչն է զայրացնում: Բալայանի որոշ վայ-քննադատների հայտնի չէ՞ Ռուսաստանի դերը տարածաշրջանում: Նրանք չգիտե՞ն, թե ով է Հայաստանի գլխավոր ռազմավարական դաշնակիցը: Մենք ո՞ւմ հետ ունենք անվտանգության պայմանագրեր եւ ո՞վ է ՀԱՊԿ-ում գլխավոր ջութակի դեր կատարում: Ո՞ւմ ռազմակայանն է գտնվում Հայաստանում եւ ո՞ւմ սահմանապահներն են կանգնած հայ-թուրքական սահմանում: Եթե իրոք չգիտեն, ապա թող գոնե մի օր կարդան ադրբեջանական մամուլը, որտեղ այդ մասին խոսում են կանոնավորապես, լուտանքներ տեղալով այդ նույն Բալայանի հասցեին:
Սակայն… Ինչ-որ մեկը տակառ գլորեց, եւ այն շարունակում է գլորվել: Ոմանք բացահայտորեն փնովում են, մյուսները, հավանաբար իրենց առավել անաչառ համարելով, «խելոք» հարցեր են տալիս, նշում, թե ինչը պետք է շեշտեր Զորին եւ ինչըՙ ոչ, ով պետք է գրեր եւ ովՙ ոչ, եւ ինչու Բալայանը չի գրել մեր նախագահին: Երեւի այն պարզ պատճառով, որ եթե Զորի Բալայանը Սերժ Սարգսյանին ասելու բան ունենա, դրա համար հարկ չի լինի նամակներ գրել… Մանավանդ որ հայտնի է. բաց նամակները մեծ մասամբ ոչ թե սոսկ նամակներ են, այլ ավելի շատՙ հրապարակախոսական նյութեր: Եվ հեղինակի իրավունքն է որոշելու, թե ինքը ինչ ձեւով պետք է խոսի ցավոտ հարցերի մասին:
Մեծ հաշվով, դա հին պատմություն է այն մասին, թե ինչպես գրել չիմացողները ուրիշներին սովորեցնում են, թե ինչպես պետք է դա անել: Զորի Բալայանին հասցեագրված այդ բոլոր խրատներն ու հանձնարարականները հիշեցրին մի ֆուտբոլային դրվագ: Երկու կամ երեք տարի առաջ, երբ «Շախտյորը», որի կազմում այն ժամանակ հանդես էր գալիս Հենրիխ Մխիթարյանը, պետք է խաղար «Բարսելոնի» հետ, ակտիվորեն քննարկվում էր այն թեման, թե «Շախտյորը» ինչպես պետք է խաղա ահարկու կատալոնցիների դեմ: Շատ զվարճալի էր, երբ Ուկրաինայի ֆուտբոլային «փորձագետներից» մեկը անվարան հայտարարեց. «Մխիթարյանի խնդիրը պարզ է. նա պետք է չեզոքացնի Խավիին եւ Ինիեստային…»: Իրոք, ավելի պարզ չի լինում: Ի դեպ, պատշաճը հատուցենք ուկրաինացի մեկնաբանի համեստությանը. նա Մխիթարյանին առաջարկեց չեզոքացնել «Բարսելոնի» ընդամենը երկու խաղացողների եւ ոչ թե ամբողջ թիմին: Զորի Բալայանի նամակը հազիվ թե կարդացած ներկայիս որոշ քննադատներ չունեն համեստության նույնիսկ այդ աստիճանը: