Ինչպես հայտնի է, 2014-ի բասկետբոլի Եվրոպայի առաջնության C խմբի մրցաշարն անցկացվելու է Երեւանում: Հայաստանի տղամարդկանց հավաքականը ուժերը կչափի Ուելսի, Մալթայի, Շոտլանդիայի, Անդորրայի եւ Սան Մարինոյի ընտրանիների հետ: Մեր հավաքականը, որի կազմում ընդգրկված են նաեւ սփյուռքահայ մի խումբ բասկետբոլիստներ, ամերիկահայ Կառլ Բարդակյանի գլխավորությամբ լրջորեն է նախապատրաստվում այդ մրցաշարին:
Լոս Անջելեսից Մինաս Գոճայանի ՙ «Ազգին» ուղարկված թղթակցությունից տեղեկացանք, որ ԱՄՆ-ում ՀՀ հյուպատոսարանում տեղի է ունեցել ընդունելություն, որին ներկա են գտնվել բասկետբոլի Հայաստանի հավաքականի խաղացողներն ու մարզիչները, մարզաձեւի վետերաններ, պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Վանես Մարտիրոսյանը եւ այլք:
Ողջունելով ներկաներին, Հայաստանի գլխավոր հյուպատոս Գ. Հովհաննիսյանը նշել է, որ բասկետբոլի Հայաստանի տղամարդկանց հավաքականը Հայաստան-Սփյուռք համագործակցության լավագույն օրինակներից է:
Հավաքականի գլխավոր մարզիչ Կառլ Բարդակյանը տեղեկացրել է, որ տղաները նոր են վերադարձել հայրենիքում անցկացրած ուսումնամարզական հավաքից, որտեղ քրտնաջան մարզումներ են անցկացրել: Այժմ էլ մարզումները շարունակվելու են Լոս Անջելեսում: Ըստ գլխավոր մարզչի, Եվրոպայի առաջնությունը շատ կարեւոր ստուգատես է եւ դրանում հաջող հանդես գալը պարտավորեցնող է, քանի որ մրցաշարը կայանալու է մեր հայրենիքում: Գլխավոր մարզիչը նաեւ վստահեցրել է, որ աշխատանքներ են տարվում հավաքականի կազմն ուժեղացնելու ուղղությամբ ինչպես հայրենիքում, այնպես էլ Արցախում եւ Սփյուռքում հանդես եկող բասկետբոլիստների շրջանում: Բարերարների եւ բասկետբոլի Հայաստանի ֆեդերացիայի ջանքերով բոլոր դժվարությունները հաղթահարված են:
«Ինձ համար մեծ պատիվ է, որ ներկայացնելու եմ Հայաստանը: Յուրաքանչյուր հայ ցանկանում է օգտակար լինել իր հայրենիքին: Հույս ունեմ, որ մեր հաջողությամբ կկարողանանք բարձրացնել մեր երկրի դրոշը», նշել է հավաքականի ավագ Մայք Դանիելյանը : Իսկ նրա խաղընկեր Գոռ Փլավչյանը վստահ է, որ Հայաստանում Եվրոպայի առաջնության անցկացումը մեծապես կնպաստի Հայաստանում բասկետբոլի նկատմամբ հետաքրքրության աճին:
Հանդիպման ժամանակ մեր բասկետբոլիստներին խրախուսական խոսքեր են հղել եւ հաջողություն են մաղթել նախկին մարզիկներ Ալբեր Բոյաջյանն ու Թոմիկ Ալեքսանյանը :