Շաբաթ, 25 Հուլիս, 2026

Էրդողանը ՄԱԿ-ի ամբիոնից  արդարացրել է Ադրբեջանի ագրեսիան ընդդեմ Արցախի, իսկ Պեսկովը՝ հավելել. «Ադրբեջանի գործողությունները Ղարաբաղում դե յուրե օրինական են»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, մասնակցելով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 78-րդ նստաշրջանին, ելույթ է ունեցել, որը թուրքական իշխանամետ շրջանակները «պատմական» են որակում:

Ըստ երևույթին այն պատճառով, որ նա այնտեղ Արևմուտքի երկրներին դատապարտել է ահաբեկչական կազմակերպուններին հովանավորելու և նրանց միջոցով Մերձավոր և Միջին Արևելքում միջնորդավորված պատերազմներ մղելու մեջ, դեռևս 1983-ին հռչակված ինքնակոչ «Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետությունը» ճանչելու կոչ է արել միջազգակին հանրությանը, հանդես է եկել Ուկրաինայի տարածքային ամբողջականության պահպանման օգտին և «ինքնիշխան Ադրբեջանի իրավունքները» պաշտպանելուց զատ, պաշտպանել է նաև ադրբեջանական լայնածավալ վերջին ագրեսիան՝ ընդդեմ Արցախի:

Հայկական լրատվամիջոցների վկայությամբ՝ նա նշել է, որ Ղարաբաղն Ադրբեջանի տարածք է, այժմ դրանում բոլորն են համամիտ, իրենք չեն ընդունի վերջինին այլ կարգավիճակի պարտադրումը, սատարում են Ադրբեջանի բոլոր քայլերը և միասին քայլում «մեկ ազգ, երկու պետություն» կարգախոսով:

 Որո՞նք են այդ բոլոր քայլերր: Ըստ թուրքական «Էվրենսել»-ի ու «Միլլիյեթ»-ի՝  Էրդողանը, սատարել ասելով, նկատի է ունեցել Ադրբեջանի այն քայլերը, որոնք ուղղված կլինեն երկրի տարածքային ամբողջականության պաշտպանությանը:

Սակայն այստեղ խոսքը վերաբերում է Արցախի հանդեպ Արդրբեջանի ձեռնարկած լայնածավալ ագրեսիային, որն Էրդողանը բնութագրել է «հակաահաբեկչական», իսկ Թուրքիայի արտգործնախարարությունը հանդես է եկել պաշտպանությամբ, թե Ադրբեջանը ստիպված եղավ դիմել իր տարածքային ամբողջականության պահպանման համար անհրաժեշտ գործողությունների:

Մինչ Էրդողանը ՄԱԿ-ի ամբիոնից փորձում էր սատարել Ադրբեջանին, Թուրքիայի ատգործնախարարությունն էլ Անկարայից նրան է սատարել: Այդ ընթացքում վրա է հասել Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝  Ղարաբաղում Ադրբեջանի գործողությունների մասին  ընդգելով.  «Խոսքը սեփական տարածքում իրականացվող գործողությունների մասին է»:

Էրդողանը միաժամանակ ելույթում արծածել է նաև Զանգեզուրի հարցը: Նա, ինչպես «Էվրենսել»-ն է նշում, ասել է. «Մենք ի սկզբանե պաշտպանել ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցային գործընթացի ծավալումը, սակայն Հայաստանը չկարողացավ օգտվել պատմական այս հնարավորությունից: Դրա համար, անշուշտ, սպասում ենք, որ Հայաստանը կատարի իր տված խոստումները, հատկապես «Զանգեզուրի» միջանցքի բացմանն առչվող:

Ի դեպ՝ «Զանգեզուրի» միջանցքը, բացի Էրդողանից, մեծապես շահագրգռում է նաև Վլադիմիր Պուտինին:

Գուցե դա է պատճառը, որ   «INTERFAX.RU» ն, ներկայացնելով ՄԱԿ-ում Էրդողանի ելույթը, տեքստից հանել է «Զանգեզուրի» միջանցքին վերաբերող հատվածը, որ քողարկի Պուտինի շահագրգռությունը:

 Հարկ է, սակայն, նշել, որ դա սովորական միջանցք չէ, աշխարհաքաղաքական նշանակություն ունի ոչ միայն Ռուսաստանի, տարծաշրջանի երկրների, այլև ԱՄՆ-ի ու Եվրոպական Միության համար, ինչպես նաև կարևոր դեր է խաղում  Հարավային Կովկասում հանուն ազդեցության Ռուսաստանի և Արևմուտքի միջև ծավալվող անհաշտ մրցապայքարում: Հետևաբար, Էրդողանը դեռ երկար կսպասի միջանքի բացմանը, քանի դեռ շարունակում է անտեսել ՀՀ վարչապետի հայտարարությունը. «Հայաստանի տարածքում որևէ միջանցք չի կարող բացվել»:

Հակոբ Չաքրյան