ԵՐԵՎԱՆ – Բրազիլաբնակ դերասան, բեմադրիչ Արթուր Հարոյանը ծնվել է Վանաձորում: Ուսանել է ծննդավայրի մանկավարժական ինստիտուտի ռուսական բաժնում: 1999-2008 թթ. աշխատել է Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնում, հանդես եկել «Աշնան արեւ», «Բոլերո», «Ո՛չ պահել, ո՛չ դեն նետել», «Համբարձման քառասուն օրը», «Մետաստազ» եւ այլ բեմադրություններում: 2008-ից բնակվում է Բրազիլիայում, 2011-ին ուսանել է Սան Պաուլուի թատրոնի եւ հեռատեսիլի դպրոցում: Նույն թվականին հիմնել է «Արկա» թատերախումբը, որը տնօրինում է մինչ օրս: Նկարահանվել է բրազիլական գովազդներում, հեռուստասերիալներում եւ ֆիլմերում:
Արթուրին տեսել էի բրազիլահայ բեմադրիչ Տատյանա Բուդակյանի «Տեղացի» կարճամետրաժ ֆիլմի դրվագային մի դերում, իսկ հուլիսին հանդիպեցինք Երեւանում…
–Արթո՛ւր, ասում են՝ դերասանների համար դժվար է ամենուր: Իսկ եթե քո բուն երկրից դուրս ես աշխատում՝ է՛լ ավելի դժվար է…
-Ճիշտ է: Մանավանդ որ համավարակը ցույց տվեց, որ դերասանի մասնագիտությունն այնքան էլ պետքական չէ, ցավոք սրտի: Բոլորի համար էր դժվար, բայց այդ համավարակի ժամանակաշրջանը դերասանների համար առանձնակի դժվար էր: Չկային նկարահանումներ, չկային ներկայացումներ, բնականաբար՝ գումար էլ չկար, ու շատ դժվար էր: Այդ պատճառով ես մեքսիկական «Ինչպես տանը» խոհարարական հեռուստակայանով սկսեցի տատիկիցս սովորած ճաշերի պատրաստումը ներկայացնել՝ դրանից առաջ նման փորձ ունենալով բրազիլական հեռուստակայանում: Հիմա նորից սկսել եմ աշխատել, նկարահանվել, նաեւ թատերախումբս՝ «Արկան», որ 12 տարի է, ինչ գործում է, նորից սկսել է աշխատել:
–Խմբիդ անունը կապ ունի՞ մեր «արքա» կամ «առկա» բառերի հետ:
-«Տապան» բառն է, բայց լավ միտք էր, կարելի է կապել նաեւ ձեր ասած բառերի հետ: Ես միտումնավոր Հայաստանի հետ կապված անուն էի ուզում ունենալ, քանի որ Բրազիլիայում ոչինչ չգիտեն Հայաստանի մասին, բայց Նոյյան տապանի մասին գիտեն: Սան Պաուլուում կա Արմենիա մետրոյի կայարան, մարդիկ չեն հետաքրքրվում՝ ինչո՞ւ է այդ անունով: Իմանալով, թե որտեղից եմ, ինձ երբեմն հարցրել են՝ Արմենիա կայարանի՞ց: Ես էլ ասում եմ՝ այո, վագոնում եմ ծնվել, մետրոյում մեծացել (ծիծաղում է):
–Եվ ինչպե՞ս վանաձորցի տղան հայտնվեց հեռավոր ու տարաշխարհիկ Բրազիլիայում:
-Ես ցանկանում էի ուսանել Երեւանի թատրոնի եւ կինոյի ինստիտուտում, բայց ըստ մեր ավանդական ընտանիքի կարծրատիպերի՝ տղան չպիտի դերասան լինի, դերասանները լավ համբավ չունեն, չեն ամուսնանում, հարբեցող են: Ուստի ինձ զոռով խցկեցին գյուղատնտեսական տեխնիկումի ավտոճանապարհային բաժին, որտեղ ես պիտի դառնայի գայիշնիկ: Բայց ես մերոնցից թաքուն արդեն աշխատում էի Աբելյանի անվան թատրոնում: Ծնողներս ինձ պատուհանից հետեւում էին, ես բռնում էի տեխնիկումի ճանապարհը, բայց հետո շեղվում էի, գնում թատրոն: Այդպես վեց ամիս դասի չգնացի, ծնողներս իմացան, հայրս ինձ արգելեց թատրոն գնալ, ես էլ տնից փախա, որոշ ժամանակ ապրեցի թատրոնում: Բանակում ծառայելուց հետո ընդունվեցի մանկավարժական ինստիտուտի ռուսաց լեզվի ու գրականության բաժին, որն ինձ ավելի մոտ էր: Բայց ես երազում էի դերասան դառնալ, տարված էի բրազիլական սերիալներով, ուստիեւ դա պիտի լիներ միմիայն Բրազիլիայում: Եվ եղա՛վ. դերասանական կրթություն ստացա արդեն Սան Պաուլուում: Այն ժամանակ պորտուգալերեն լավ չգիտեի, ընդամենը մի քանի բառ՝ սերիալներից ու բառարաններից. չեմ էլ հասկանում՝ ինչպես ավարտեցի…
–Ասում են, որ եթե շատ հետեւողականորեն հետապնդում ես քո երազանքը՝ անպայման հասնում ես: Քո կյանքը ցույց է տալիս, որ դա կարծես թե ճիշտ է:
-Իրոք ճիշտ է: Պաոլո Կոելյոն «Ալքիմիկոսը» գործում անընդհատ այն միտքն է շեշտում, որ եթե մի բան շատ ցանկանաս, ողջ տիեզերքը կնպաստի դրա իրականացմանը: Ես 24 տարեկան էի, երբ մեկ ճամպրուկով ու շատ քիչ դրամով՝ վարտիքիս գրպանում կարված, մեկնեցի Բրազիլիա որպես զբոսաշրջիկ: Ինձ դժվարությամբ վիզա տվեցին, կարծես հասկանում էին, որ մշտական եմ մեկնելու: Սակայն հյուպատոս Հովսեփ Սեֆերյանն անսպասելիորեն ինձ վերադարձրեց անձնագիրս՝ բրազիլական վիզայով ու ասաց. «Միայն մեկ բան եմ խնդրում՝ ուշադի՛ր եղիր»: Տնեցիներիս ասացի, որ մեկնում եմ վեց ամսով ուսանելու: Լավ է, որ նրանք չտեսան վիզայում նշված «տուրիստական» բառը, այլապես մեծ սկանդալ կլիներ, ինչը ամեն դեպքում եղավ, երբ ասացի, որ չեմ վերադառնալու… Հիմա հայրս հաշտվել է իրականության հետ, ասում է՝ «Վերադարձի՛ր, մեր թատրոնում աշխատիր», բայց արդեն ուշ է…
–Ինչպիսի՞ն էր քո առաջին օրը Բրազիլիայում:
-Մեկնելուցս մի քանի օր առաջ տատիկս ինձ համար գուլպաներ էր գործել, որ հետս տանեմ արեւադարձային Բրազիլիա: Չէի ուզում վերցնել, բայց գիտենք ինչպիսին են հայ տատիկները. ասաց՝ կա՛մ իմ ասածով պիտի լինի, կա՛մ դու չպիտի գնաս Բրազիլիա: Ի՞նչ պիտի անեի օվկիանոսի ափին այդ տաք գուլպաները: Բայց իջա ինքնաթիռից ու սկսեցի մրսել: Կտրող ցուրտ, անձրեւ, քամի. դե հունիս էր, որն այնտեղ ձմեռային ամիս է, տաս աստիճան, որը Բրազիլիայի համար տաք չէ: Առաջին բանը, որ արեցի, հագա տատիկի գործած գուլպաները: Ու գնացի ուղիղ Սան Պաուլուի հայկական եկեղեցիներից մեկը, որին կից կա դպրոց: Հանդիպեցի տնօրենին, որը նաեւ եկեղեցու քահանան էր, ներկայացա, ասացի, որ ունեմ տարբեր դիպլոմներ, հիմա ինձ աշխատանք է պետք ու ավելացրի. «Դուք ունեք ընդամենը մեկ տարբերակ՝ ինձ ընդունել»: «Նե՛րս եկուր»,- ասաց տնօրենն ու ինձ ընդունեց աշխատանքի: Ես նախապես արեւմտահայերեն էի սովորել, ու առաջին աշխատանքս Բրազիլիայում եղավ հայոց լեզվի ուսուցչությունը: Ինձ օթեւան չտվեցին, նախապես ապրում էի մի մեծ բնակարանում, Բրազիլիայի տարբեր մասերից եկած ուսանողների հետ, ու իմ պորտուգալերենը զարգացավ նաեւ նրանց խոսած բարբառները յուրացնելով: Սկզբնական շրջանում շատ դժվար էր, մնալու թույլտվություն չունեի, բայց բախտս բերեց. երբ 2008-ին եկա Բրազիլիա, երկրի նախագահը համաներում տվեց երկրում բոլոր անօրինական մնացողներին: Մարդիկ կային՝ 10-15 տարի սպասում էին, որ իրենց օրինական թույլտվություն տրվի երկրում մնալու: Եթե ես մեկ շաբաթ ուշ մտած լինեի Բրազիլիա, ապա համաներումն ինձ չէր վերաբերի: Այնպես որ երազանքներն իրականանում են… Հինգ տարի աշխատեցի հայկական դպրոցում, նաեւ եղել եմ փողոցում ցրիչ, վաճառող, հայերենի ու ռուսերենի անհատական դասեր եմ տվել, գործից երբեք չեմ խուսափել, բայց ընտանիքիս չեմ ասել, որ չանհանգստանան: Նաեւ որպես ֆոտոմոդել եմ աշխատել. Ինստագրամում դիտելով իմ լողափի լուսանկարները՝ ինձ առաջարկեցին էրոտիկ ֆոտոշարքում լուսանկարվել: Դժվար էր, մտածում էի՝ տատիկս ի՛նչ կասի, պապա՛ն ինչ կասի, բայց հետո մտածեցի, որ վատ բան չեմ անում, արվեստի տեսակ է, գեղեցիկ է… Ճիշտ է, ինձ հետո շատ առաջարկներ եղան պոռնոֆիլմերում նկարահանվելու, բայց դա արդեն դաստիարակության, բարոյականության հետ է կապված, մերժեցի, իմը չէ…
–Քո առաջին հաջողությունը Բրազիլիայում ի՞նչ գործի հետ էր կապված:
-«Արկա» խմբով բեմադրած «1915» ներկայացման: Այն դարձավ մեր թատերախմբի հիմնադիր ներկայացումը ու նաեւ առաջին բեմադրությունը Լատինական Ամերիկայում, երբ բեմից խոսվեց Հայոց ցեղասպանության մասին: Պիեսն ինքս գրեցի պորտուգալերեն, չնայած այն ժամանակ լեզվի իմացությունս դեռ այնքան լավ չէր: Ասեմ, որ գրելու ձիրք միշտ ունեցել եմ, բանաստեղծություններս տպագրվել են մամուլում եւ գրքերում, անգամ որպես լրագրող աշխատել եմ «Վանաձորյան խճանկար» եւ «Վանատուր» պարբերականներում: Շարունակում եմ գրել, բայց՝ պորտուգալերեն: Վերջին թատերախաղս՝ «Բենժամինը», կենդանիների իրավունքների պաշտպանության թեմայով է: Ամեն ներկայացման վերջում բեմ էինք դուրս բերում մի անտեր շուն, որին հանդիսատեսը կարող էր որդեգրել: Այդպիսով, երեք թատերաշրջանի ընթացքում 15-ից ավելի շուն որդեգրեցին:
Սակայն թատրոնում խաղալով չես ճանաչվի. թատրոն գնում է թատերասերը, սերիալ դիտողը թատրոն չի գնում: Դա միգուցե համաշխարհային երեւույթ է: Բրազիլիայում ինձ սկսեցին ճանաչել, երբ ինձ հյուրընկալեց «Գլոբո» հեռուստաընկերության «Ժոյի հաղորդումը» թոք շոուն, որը բոլորն են դիտում եւ որը վարում է Բրազիլիայում հռչակավոր դերասան, շոումեն, անցած տարի մահացած Ժո Սուարեսը: «1915» ներկայացման մամլո հաղորդագրությունը «Գլոբո» հեռուստաընկերություն ուղարկեցինք, ու հարցազրույցի հրավեր ստացա: Ես էլ, միամիտ լոռեցի, ասացի՝ բայց մեր թատերաշրջանը վերջանում է (ծիծաղում է): Ինձ ասացին, որ Սուարեսն ուզում է հարցազրույց վարել իմ կյանքի վերաբերյալ: Շատ անհանգստացա, շատ պատախանատու քայլ պիտի անեի, Սուարեսը բոլորին չի հրավիրում, բայց ամեն ինչ լավ անցավ, ու երկու տարի անց նա ինձ նորից կանչեց իր հաղորդմանը հյուր լինելու: Այդպես սկսեցին ինձ ճանաչել, հրավիրել նկարահանվելու: Հիմնական եկամուտս գովազդներից է. թատրոնից ու կինոյից գումար չկա: Սերիալները համեմատաբար լավ են վճարում, բայց ես չեմ ստանա այնքան, որքան ստանում է, ասենք, Արասի Բալաբանյանը…
–Ի դեպ, հանդիպեցի՞ր այդ նշանավոր բրազիլահայ արտիստուհուն…
-1990-ականներին ընտանիքով որոշ ժամանակ ապրում էինք Օմսկում, հեռուստացույցով դիտում էինք բրազիլական «Նոր զոհը» սերիալը: Ինձ զարմացրեց, որ այդ սերիալում Ֆիլոմենա Ֆեռետտոյի դերում Արասի Բալաբանյանն է: Չգիտեի, որ Բրազիլիայում հայեր կան: Ու որոշեցի, որ մի օր անպայման պիտի ծանոթանամ նրա հետ, ինչն իրականություն դարձավ տասնութ տարի անց: Ժո Սուարեսի առաջին հարցազրույցի ժամանակ հիշատակել եմ Արասիի անունը, նա դիտել է ու ցանկություն է հայտնել հանդիպել ինձ հետ: Իր հետ աշխատող մի աղջիկ գրեց ինձ այդ մասին. նախ չհավատացի, բայց շուտով ինձ հրավիրեցին որպես հանդիսատես ներկա լինել մի հեռուստաներկայացման, որտեղ խաղում էր Արասին: Ինձ ասացին, որ ներկայացման ավարտին Արասին ինձ կսպասի իր սենյակում: «Գլոբոն» ու այլ հեռուստաալիքներ եկան, այս մասին ռեպորտաժ պատրաստեցին՝ «Արթուրը փնտրում է Արասիին» վերնագրով: Երբ մտա Արասիի սենյակը, նա ինձ հայերեն ողջունեց. «Արթո՛ւր ջան, բարե՛ւ, լա՞վ ես»: Հետո անցանք պորտուգալերենի:
Ինձ մի անգամ ասաց՝ երբ Հայաստան գնանք, դու կլինես իմ գիդը: Սակայն առողջական խնդիրների պատճառով նա չայցելեց Հայաստան(*)…
–Դու այնքան լավ ես յուրացրել պորտուգալերենը, որ արդեն քո կենսագրությունն ես հրատարակել: Պատմի՛ր, խնդրեմ, գրքիդ մասին:
-Այն գրեցի ընկերներիս խորհրդով: Վերնագիրն է՝ «Արմենիկոն», ենթավերնագիրը՝ «Ես սովորեցի պորտուգալերեն, որ գրեմ այս գիրքը»: Գիրքը ներկայացնում է իմ կյանքը ծնվածս օրվանից մինչեւ 2020 թիվը: Իմ հետեւորդներից նկարիչ Մառլո Տոռն առաջարկեց պատկերազարդել գիրքը ու շատ տանջվեց իմ ձեռքին, քանի որ շատ բծախնդիր եմ: Գծանկարները սեւ սպիտակ են, միայն գուլպաներս են գունավոր պատկերված: Ասեմ, որ գիրքը բեսթսելեր է դարձել, առաջին տպագրությունը սպառվել է երեք ամսում, հետո եւս երկու տպագրություն է ունեցել: Ինձ առաջարկում են թարգմանել հայերեն, պիտի ժամանակ գտնեմ:
Ասեմ նաեւ, որ պորտուգալերեն հային ասում են «արմենիո», բայց ես նոր բառ հորինեցի ինձ համար՝ «արմենիկո», որը դարձավ իմ մի տեսակ մականունը: Ի դեպ, երբ 2019 թվականի Սան Պաուլուի կառնավալի թեմաներից մեկը Հայաստանն էր, ես դրան մասնակցեցի մշակույթի մեքենայով որպես «արմենիկո»՝ նստած Արասի Բալաբանյանի նկարի տակ: Մեծ հպարտություն զգացի այդ կերպ Հայաստանը ներկայացնելով, իմ ամենամեծ հանդիսատեսի՝ 20 հազար հոգու ներկայությամբ, մանավանդ երբ երրորդ տեղը գրավեցինք ու այդ մասին մեկ ժամ «Գլոբոն» խոսեց: Այնպես որ Բրազիլիայում միշտ պրոպագանդում եմ Հայաստանը (իսկ այստեղ՝ Բրազիլիան), ցանկացած ներկայացման մեջ, անկախ թեմայից, ինչ-որ հայկական բան եմ ներմուծում, չեմ հրաժարվում իմ թեթեւ օտար առոգանությունից ու հարցազրույցներում միշտ խոսում եմ Հայաստանի մասին: Նաեւ Հայաստանի հետ պրոֆեսիոնալ համագործակցության մտահղացումներ ունեմ, որոնք, հուսով եմ, նույնպես մի օր իրականություն կդառնան…
(*) Հարցազրույցից երկու շաբաթ անց Արասի Բալաբանյանը հրաժեշտ տվեց կյանքին (այս մասին եւս «Ազգը» ծանուցեց ընթացիկ տարվա օգոստոսի 18-ի համարում):
ԱՐԾՎԻ ԲԱԽՉԻՆՅԱՆ