Նոր պատերազմը ոչ թե մոտիկ է, այլ մենք փաստացի պատերազմի մեջ ենք։ Պատերազմն ավարտվում է պայմանագրով, իսկ այդ պայմանագիրը չկա, և երբ ՀՀ իշխանություններն ասում են, որ Ադրբեջանը ցանկանում է հարցերը լուծել պատերազմի ճանապարհով, շատ կարևոր է, որ հստակեցնեն, թե հատկապես ինչ հարցերի մասին է խոսքը։ Azg.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին ասաց քաղաքագետ Արմեն Բաղդասարյանը՝ անդրադառնալով ՔՊ-ական պատգամավոր Սարգիս Խանդանյանի այն հայտարարությանը, որ սահմանին կուտակումները վկայում են Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականության շարունակության և հերթական անգամ հարցերն ուժի միջոցով լուծելու նպատակի մասին։
«Պետք է պարզ ասվի, թե Ադրբեջանը որ հարցերն է ուզում լուծել պատերազմի միջոցով։ Այս հարցի պատասխանը չկա. ՀՀ իշխանություններն ընդամենն ասում են, որ թշնամին ուզում է պատերազմով լուծել հարցերը, բայց թե ինչ հարցերի մասին է խոսքը, չեն հայտարարում։ Դա անորոշ է. գուցե նրանք գիտեն, սակայն չեն ասում»,- ասաց մեր զրուցակիցը։
Ինչ վերաբերում է իշխանական պատգամավորի զուգահեռ այն դիտարկմանը, որ անկախ ամեն ինչից՝ Հայաստանը պատրաստ է ցանկացած պահի վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ, քաղաքագետը նկատեց՝ եթե թշնամու նպատակը ոչ թե խաղաղությունն է, այլ պատերազմի միջոցով, իր պայմաններով խաղաղություն թելադրելը, իրական խաղաղության և բանակցությունների մասին դժվար է խոսել։
«Ադրբեջանն, այո՛, ակնհայտորեն խաղաղություն չի ուզում։ Ադրբեջանը ցանկանում է ստեղծել այնպիսի իրավիճակ, որ Հայաստանը, որպես ինքնիշխան պետություն, փաստացի գոյություն չունենա։ Նման թշնամու հետ բացարձակապես անիմաստ է խոսել բանակցությունների մասին։ Պետք է հասկանալ, թե ինչ է ուզում թշնամին, պետք է հասկանալ, թե այդ հարցում դու ինչ հնարավոր դաշնակիցներ կարող ես ունենալ, և պետք է այդ դաշնակիցների օգնությամբ և նրանց հետ միասին պատրաստվել այդ պատերազմին։
Իսկ բանակցային գործընթացը, թեկուզ անիմաստ և ձևական, պետք է շարունակել՝ ընդամենը ժամանակ ձգելու և պատերազմին նախապատրաստվելու համար, ինչը ՀՀ գործող իշխանությունների գործելաոճում, ցավոք, այսօր չեմ տեսնում»,- ասաց Արմեն Բաղդասարյանը։
Անդրադառնալով Ադրբեջանի նախագահի օգնականի այն հայտարարությանը, որ Բաքուն Երևանից Ալիևի հետ հրատապ բանակցություններ վարելու առաջարկ չի ստացել, քաղաքագետը շեշտեց՝ եթե առաջարկն իսկապես լուրջ է, Հայաստանը պետք է ուղիղ ներկայացներ այն, ոչ թե հարցազրույցների տեքստում կամ սոցցանցերում խոսեր այդ մասին։