Կիրակի, 26 Հուլիս, 2026

Մեղադրանքների միակ նպատակը Գարիկ Գալեյանին, «Որդիների կանչ» ՀԿ-ին, նրանց պայքարը վարկաբեկելն ու արժեզրկելն է. փաստաբան

Քննչական կոմիտեն հաղորդագրություն է տարածել Գարիկ Գալեյանին մեղսագրվող առերևույթ հանցանքների որակման և կալանքի միջնորդության ներկայացման մասին։ Ընդ որում՝ թե վերնագրում և թե տեքստում մի քանի անգամ վկայակոչվել է Գարիկ Գալեյանի անուն ազգանունը։ Մինչ այժմ ՀՀ ՔԿ-ն զերծ է մնացել մեղադրյալի անուն ազգանունը հրապարակելուց ( ՔԿ պաշտոնական էջի մակերեսային ուսումնասիրությունը կփաստի խոսքերիս ճշմարտացիությունը). նկատել է Գարիկ Գալեյանի պաշտպան Վահան Հովհաննիսյանը։

Նա մեկնաբանել է, թե ինչու է այս անգամ հրապարակվել Գարիկ Գալեյանի անուն ազգանունը։

Իրավական և փաստական հիմք չունեցող մեղադրանքների միակ նպատակը Գարիկ Գալեյանին, «Որդիների կանչ» ՀԿ-ին, վերջիններիս կողմից իրականացվող պայքարը վարկաբեկելն ու արժեզրկելն է. կարծում է փաստաբանը։

«Կեղտոտ ձկան» հանրահայտ տեխնոլոգիայի համաձայն՝ թիրախավորվող անձին մեղադրում են չկատարած և գոյություն չունեցող արարքի համար, որից հետո կեղծ մեղադրանքից «մաքրվելը» գրեթե անհնարին է դառնում։

Եթե թիրախավորվածը՝ զոհը, փորձում է արդարանալ, ապա դրանով նպաստում է մեղադրանքի էլ ավելի տարածմանը։ Նա կարող է հայց ներկայացնել զրպարտանքի համար, կարող է հետագայում ամբողջությամբ արդարացվել, սակայն դա այլևս ոչ ոքի չի հետաքրքրի, քանզի տեխնոլոգիան կհասնի իր նպատակին, և հանրության հիշողության մեջ զոհի անունը կկապվի, նրա անձը կասոցացվի կեղծ մեղադրանքի հետ։

Կոչ եմ անում ՔԿ-ի իմ գործընկերներին զերծ մնալ անթույլատրելի տեխնոլոգիաների գործածումից»,- նշել է Վահան Հովհաննիսյանը։