Շաբաթ, 25 Հուլիս, 2026

«Անհրաժեշտ է հավատարիմ մնալ ՀԱՊԿ անդամների հետ վարժանքների պրակտիկային». Մոսկվան հայ-ամերիկյան զորավարժություններից մտահոգված է

Մոսկվան հաշվի է առնում այն, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամները պետք է հավատարիմ մնան իրենց դաշնակիցների հետ վարժանքների պրակտիկային։ Այս մասին լրագրողներին ասել է ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը՝ մեկնաբանելով սեպտեմբերի 11-ից Հայաստանի տարածքում անցկացվելիք հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունները։

«Հայաստանը դաշնակից է ՀԱՊԿ-ում.  դաշինքի ոգով անհրաժեշտ է հավատարիմ մնալ այս միության անդամների հետ վարժանքների պրակտիկային»,- ասաց նա՝ պատասխանելով  ՏԱՍՍ-ի հարցին։

«Մենք ուշադրություն դարձրինք այս փաստին և այդ առիթով   մտահոգություն ենք հայտնում»,- հավելեց դիվանագետը։

Ավելի վաղ ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ սեպտեմբերի 11- 20-ը Հայաստանի տարածքում կանցկացվեն Հայաստանի և Միացյալ Նահանգների Eagle Partner 2023 համատեղ զորավարժությունները։

«Երկուշաբթի  ՆԱՏՕ-ի Եվրոպական զարգացման կոմիտեի նախագահ Գյունտեր Ֆելինգերը հայտարարեց, որ Հայաստանը պետք է միանա Հյուսիսատլանտյան դաշինքին։ Նույն օրը Հայաստանի փոխարտգործնախարար Վահան Կոստանյանը հայտարարեց, որ երկիրը տարբեր ձևաչափերով համագործակցում է ՆԱՏՕ-ի հետ և պատրաստ է շարունակել այդ գործընթացը»,-գրել է ՏԱՍՍ-ը։