Որևէ փորձ՝ հավասարության նշան դնել Լաչինի միջանցքի և այլ ճանապարհների միջև, մեզ համար անընդունելի է։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի ԱԳ նախարար Սերգեյ Ղազարյանը։
«Արցախյան կողմը բաց է ողջամիտ առաջարկներ քննարկելու համար, բայց պարտադրել արցախյան կողմին ընդունել վտանգավոր առաջարկներ, անթույլատրելի է։ Անկախ տարբեր միջազգային կառույցների ներկայացուցիչների հայտարարություններից՝ Արցախի ժողովուրդը և իշխանությունները ղեկավարվում են սեփական տեսլականով։ Արցախի ժողովուրդը չի շեղվել 1991թ-ի դեկտեմբերի 10-ին ընտրած իր ուղուց»,- ասաց նա։
Ղազարյանը նշեց, որ Ադրբեջանի կողմից իրականացված սադրանքների նպատակներից մեկը նաև ռուս խաղաղապահների գործողությունները հեղինակազրկելն է, և որ պաշտոնական Ստեփանակերտը մշտական կապի մեջ է խաղաղապահ զորախմբի հրամանատարության հետ։
Անդրադառնալով Բաքու-Ստեփանակերտ ուղիղ բանակցություններին և միջազգային մեխանիզմի ներգրավվածությանն այդ բանակցություններում, Արցախի ԱԳ նախարարը ասաց․
«Այս հարցին բազմիցս անդրադարձել ենք․ Արցախը պատրաստ է բանակցությունների միջոցով, խաղաղ ճանապարհով այս հակամարտությանը փոխընդունելի լուծումներ գտնել, բայց սա հնարավոր կլինի միայն միջազգային մեխանիզմի շրջանակներում։ Տեղյակ եք, որ միջնորդները ներգրավված են, իրենք էլ իրենց հերթին ջանքեր են գործադրում, որպեսզի ստանանք նման հնարավորություն»։