Մոսկվայի քաղաքային դատարանը բավարարել է ՌԴ մամուլի վերահսկողության գործակալության հայցը` «Ռոսբալթ» գործակալության արտոնագիրը վաղաժամկետ դադարեցնելու մասին: Պատճառը գործակալության նյութերում «հայհոյախոսությունների առկայությունն է»:
Ավելի վաղ գործակալությունը «Ռոսբալթ»-ին նույն պատճառով գրավոր դիտողություն եւ զգուշացում էր արել: «Ռոսբալթ» գործակալությունը հիմնադրվել է 1997թ.-ին` Ադրբեջանի ՊԱԿ-ի նախկին նախագահ Վագիֆ Հուսեյնովի կողմից, որը 1992-ին Բաքվում ձերբակալվել էր «պետական դավաճանության» մեղադրանքով, դատապարտվել եւ ներման արժանանալուց հետո վտարանդվել Ռուսաստանի Դաշնություն:
Ադրբեջանական լրատվամիջոցները, հաղորդելով «Ռոսբալթ»-ի արտոնագիրը վաղաժամկետ դադարեցնելու` Մոսկվայի քաղաքային դատարանի վճռի մասին, ակնարկում են, որ «դա չէր կարող տեղի ունենալ առանց Կրեմլի իմացության»:
Խնդրին անդրադարձել է ՌԴ նախագահի մամլո խոսնակ Դմիտրի Պեսկովը: Նրա ասելով, «քանի որ այդ որոշումն ընդունվել է դատարանի կողմից», ապա ինքը «իրավունք չունի որեւէ մեկնաբանություն անելու»: Պեսկովը միաժամանակ ընդգծել է, թե «կոռեկտ չէ հարցը ներկայացնել այնպես, որ պետությունը ԶԼՄ-ի վրա ճնշում է գործադրում»: ՌԴ նախագահի մամլո խոսնակը ավելացրել է, որ «կան վճիռը բողոքարկելու մեխանիզմներ, եթե տվյալ դեպքում այդ մասին կարող է խոսք լինել, բայց եթե օրենքը նման հնարավորություն ընձեռում է, ապա բոլոր մեխանիզմները կարող են գործի դրվել»:
«Ռոսբալթ»-ի գլխավոր խմբագիր Նիկոլայ Ուլյանովը, հղում անելով գործով իրենց փաստաբանին, ասել է, որ իրենց «անհագստացրել է դատավորի պահվածքը, որին չի հետաքրքրել գործակալության տեսակետը»: Ուլյանովի գնահատմամբՙ «դատական նիստն ընթացել բավական միակողմանի, դատարանը լսել է մամուլի վերահսկողության գործակալության տեսակետը եւ կայացրել վճիռ»:
Գործակալությունը մտադիր է մեկամսյա ժամկետում բողոքարկել Մոսկվայի քաղաքային դատարանի վճիռը, իսկ մինչ այդ «շարունակում է աշխատել սովորական ռեժիմով»: «Ռոսբալթ»-ը համարվում է ՌԴ առաջատար 5 գործակալություններից մեկը, գրասենյակներ ունի Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում եւ բազմաթիվ ներկայացուցչություններ մոտ եւ հեռավոր արտերկրում: «Ռոսբալթ»-ի տնօրենների խորհրդի նախագահը Վագիֆ Հուսեյնովն է:
Դատելով կատարվածի հանդեպ ադրբեջանական լրատվամիջոցների վատ քողարկվող հաճույքից, Վագիֆ Հուսեյնովի գլխավորած լրատվական-վերլուծական հաստատության արտոնագիրը կասեցնելու մասին Մոսկվայի քաղաքային դատարանի վճիռը Բաքվում իշխող վարչախմբին լիովին ձեռնտու է:
Ադրբեջանի նախագահական «ընտրություններին» նախորդած շրջանում, երբ պաշտոնական Բաքվի քարոզչամեքենան տարփողում էր «Կրեմլի հովանավորությամբ Իլհամ Ալիեւի դեմ ծրագրվող խարդավանքի» թեման, որպես «կազմակերպիչներից մեկը» հիշատակվել էր նաեւ Վագիֆ Հուսեյնովի անունը:
Իրավիճակը հատկապես սրվել էր, երբ նույն օրերին Մոսկվայում վաճառքի էր հանվել Հուսեյնովի «օրագրությունը», որտեղ խիստ աննպաստ գնահատականներ կային Հեյդար Ալիեւի հասցեին: Հեղինակը, որ 1989-91թ.թ. զբաղեցրել է Ադր. ԽՍՀ ՊԱԿ-ի նախագահի պաշտոնը, մասնավորապես զարգացրել է այն տեսակետը, որ 1990թ. Բաքվի հունվարյան դեպքերի անդրկուլիսային ռեժիսոր է հանդիսացել Հեյդար Ալիեւը, որի «հմուտ ձեռքերն էին կառավարում Ադրբեջանի ժողովրդական ճակատի խամաճիկներին»:
Հուսեյնովը կասկածել է, որ Հեյդար Ալիեւը Մոսկվայից բարեհաջող Նախիջեւան է տեղափոխվել հատուկ ծառայությունների կողմից «մինչեւ վերջին մանրամասնությունները ճշգրտված ծրագրի շնորհիվ»: Փաստացի, Ադր. ԽՍՀ ՊԱԿ-ի նախկին նախագահը հրապարակայնացրել էր, որ Հեյդար Ալիեւը Մոսկվայից Ադրբեջան է տեղափոխվել ԽՍՀՄ ՊԱԿ-ի հովանավորությամբ: Հուսեյնովի «օրագրությունից» հատվածներ տպագրվել են ադրբեջանական ընդդիմադիր թերթերում` նախագահական «ընտրությունների» քարոզարշավի օրերին:
Դժվար է ասել, որ «Ռոսբալթ»-ի արտոնագիրը վաղաժամկետ դադարեցնելու մասին Մոսկվայի քաղաքային դատարանի վճիռը կայացվել է գործով Ադրբեջանի «իշխանությունների կարծիքը հաշվի առնելու» վերաբերմունքի շրջանակներում, կամ էլ Իլհամ Ալիեւի «նախաձեռնությունն է դեր խաղացել»:
Բայց որ «Ռոսբալթ»-ի դեմ կայացված դատական վճիռը լիովին համապատասխանում է Վագիֆ Հուսեյնովի դեմ ինչ-որ քայլեր ձեռնարկելու` Իլհամ Ալիեւի ցանկություններին, այստեղ երկու կարծիք լինել չի կարող: Ադրբեջանում իշխող վարչախմբի ձեւավորման գաղտնիքների բացահայտումը, որ իրեն թույլ է տվել անել Վագիֆ Հուսեյնովը, հավանաբար ՌԴ իշխանությունների համար նույնպես ոչ ցանկալի է: