ԱՎԵՏԻՔ ՎԻԳԵՆԻ ԻՍԱՀԱԿՅԱՆ, ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի տնօրեն, ՀՀ Արվեստի վաստակավոր գործիչ
Երբ խմբավարն է Հովհաննես Չեքիջյանը, միանգամից մի քանի հրաշք է կատարվում պուլտի մոտ: Նախ իր վառ, հարուստ ու գունեղ էությունը որեւէ մի այլ տեղ այդպես ամբողջական, ցնցող ու աներկբայորեն չի բացահայտվում ինչպես իր խմբավարական պուլտի առաջ: Երկրորդ, որտեղ եւ երբ լսես դիցուք Մոցարտի եւ Վերդիի ռեքվիեմների կատարումները, դու կլինես Վիեննայում, Փարիզում, Լոնդոնում, դու կասեսՙ այո, սա դասական գործի դասական կատարում է այստեղից բխող բոլոր հանգամանքներով, սակայն այդ նույն ռեքվիեմները երբ լսում ես Չեքիջյանի ղեկավարած կապելլայի կատարմամբ, դու մինչեւ քո էության ուղն ու ծուծը կհամակվես ողբերգականության զգացողությամբ եւ չես կարողանա զսպել արցունքները Մոցարտի կամ Վերդիի ճակատագրի հանդեպ: Հիրավի այդպես դասական երաժշտական ստեղծագործությանը կարող է ողբերգական շունչ տալ միայն մարդկության մեծագույն եղեռնը տեսած (ընդ որում, ուղղակիորեն տեսած ու զգացած) պոլսահայ մի հին գերդաստանի զավակը: Եվ, սակայն, այդ ողբերգականության կողքին անկարելի է եւ չզգալ մարդկային հանճարի, տվյալ դեպքումՙ Մոցարտի եւ Վերդիի ստեղծագործ ու արարիչ մեղեդու բարձր, անհավատալի բարձր թռիչքը, որի ունկնդիրն ենք դառնում մենք, շունչներս պահած, երբ խմբավարի պուլտի մոտ է Չեքիջյանը:
Եվ երրորդ, նա իր կախարդական փայտիկի միջոցով միասնականություն է մտցնում մեր այնքան անմիասնական ազգի մեջ: Սկսում է Կոմիտասովՙ նրա անմահ պատարագներով, ապա կարծես անցնում հայոց հերոսական պատմության կեռմաններով ի դեմս Ալեքսանդր Հարությունյանի «Հայաստան» կանտատի, որն այնպես է կատարում, որ իրոք զգում ես, որ նրա յուրաքանչյուր նոտան թաթախված է ազգային ոգով, ազգային էությամբ: Եվ ավարտում Արամ Խաչատրյանիՙ «Ձոն ցնծությամբ» հանճարեղ ստեղծագործությամբ, որը թեեւ գրվել եւ ուղղվել է մեր ոչ հեռու անցյալին, սակայն Չեքիջյանի կապելլան այնպես է կատարում, որ այն ուղղված է քո գալիքին, այն հավատ է սփռում, որ հայ ժողովուրդը հաղթահարելով բոլոր այն ողբերգություններն ու ծանրագույն զրկանքները, որ մեզ բաժին հանեց XX դարը, կգնա դեպի իր գալիքը, Արամ Խաչատրյանի անկոտրում լավատեսությամբ, որն ահա արդեն կես դարից ավել հնչեցնում է իր կախարդական պուլտիցՙ մեծ հայրենասերը, մեծ երաժիշտն ու մեծ խմբավարըՙ Հովհաննես Չեքիջյանը: