Ադրբեջանի մարդու իրավունքների պաշտպան Սաբինա Ալիևան և Ազգային կանխարգելիչ խմբի անդամները հանդիպել են Հակարիի ապօրինի անցակետից ադրբեջանցիների կողմից առևանգված արցախցիներին։
Ինչպես հայտնի է, Ադրբեջանը մեր 3 տղաների՝ Ալեն Սարգսյանի, Լեւոն Գրիգորյանի, Վահե Հովսեփյանի նկատմամբ 10-օրյա կալանք է սահմանել։
Նրանք Մարտունու «Ավո» ֆուտբոլային թիմի ֆուտբոլիստներ են։
Ադրբեջանի գլխավոր դատախազության հաղորդագրության համաձայն՝ «Ադրբեջանի պետական դրոշի նկատմամբ վիրավորական գործողություններ կատարելու փաստի առթիվ, քրեական գործ է հարուցվել քրեական օրենսգրքի 283.2.3 հոդվածի (Կազմակերպված խմբի կողմից իրականացվող ազգային, ռասայական, սոցիալական կամ կրոնական ատելություն և թշնամություն հրահրելը) և 324 (Ադրբեջանի Հանրապետության պետական դրոշի կամ պետական զինանշանի պղծում) հոդվածների հատկանիշներով»։
Նաև նշվել է, որ դատարանի վճռի կատարումից հետո 3 տղաները կվտարվեն Ադրբեջանի տարածքից։
Նշենք, որ նրանց մուտքը Արցախ չի թույլատրվելու։
Հետաքրքիր է՝ Սաբիա Ալիևան նկատե՞լ է Ալենի ձեռքի արյան զեղումը։
Արցախի Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից ձեռք բերված տեղեկատվության համաձայն՝ 2001 թվականի ծնված Ալեն Նելսոնի Սարգսյանն ադրբեջանական սահմանապահ և այլ ծառայությունների ներկայացուցիչների կողմից ուժի և հարկադրանքի կիրառմամբ առևանգվել և տարվել է անհայտ ուղղությամբ։
Բացի դրանից, Արցախից ՀՀ տեղափոխվող անձանցից ևս հինգ հոգու Ադրբեջանի սահմանապահ և այլ ծառայությունների ներկայացուցիչները տարել են անցակետի մոտ տեղադրված հատուկ սենյակ՝ հարցաքննելու։ Հարցաքննության ընթացքում տվել են տարաբնույթ հարցեր՝ սպորտով զբաղվածությունը, ՀՀ գնալու նպատակը, Հայաստանում և Արցախում տնտեսական իրավիճակը և այլն։
Ձեռք բերված տեղեկությունների համաձայն՝ նախօրոք համաձայնեցված ցուցակներում առկա անձանցից ևս երկու հոգի՝ Վահե Հովսեփյանը և Լևոն Գրիգորյանը չեն հատել անօրինական անցակետը, սակայն չի հաջողվում նրանց հետ կապ հաստատել։
Երեքն էլ Հայաստանի Հանրապետության ուսումնական հաստատությունների ուսանողներ են։