Շաբաթ, 25 Հուլիս, 2026

տեսանյութ. Արցախցին ադրբեջանական ողորմություն չի ընդունում

Արցախից տեղեկացնում են, որ չնայած ադրբեջացիների տարածած տեսանյութերին ու տեղեկություններին, թե իբր Բաքվի ուղարկած 40 տոննա «հումանիտար բեռը» ուղևորվել է Ստեփանակերտ, ոչ մի բեռնատար մուտք չի գործել Արցախ՝ Մարտունի, Մարտակերտ կամ Ասկերան։

Արցախցիները հաստատակամ են՝ Ադրբեջանից ոչ մի օգնություն չեն ուզում, մերժում են բոլոր առաջարկները, Ակնա-Ստեփանակերտ ճանապարհով որևէ բեռնափոխադրման, առավել ևս՝ ադրբեջանական «հումանիտար օգնության», որը տրամադրել է «Կարմիր մահիկը», համաձայն չեն։ Նրանց միակ պահանջը Բերձորի միջանցքը բացելն է։

Նշենք, որ այսուհետև Արցախում յուրաքանչյուր ընտանիք կարող է գտնել ընդամենը մեկ հաց։

Բայց արցախցին ադրբեջանական ողորմություն չի ընդունում։

Հարյուրավոր արցախցիներ այս պահին Ակնա-Ստեփանակարետ ճանապարհին կանգնած են, որպեսզի թույլ չտան ադրբեջանական կեղծ մարդասիրական դրսևորման մուտքը Հայկական Արցախ։

Փաստորեն, Արցախին հումանիտար օգնություն ուղարկելով՝ Բաքուն ընդունում է, որ արցախահայությանը սովի է մատնել։ Ինքը մատնել է, ինքն էլ իբր «ցավին դարման է անում»։