Եթե Հայաստանից անկախ պատճառներով Հայաստանի մուտքը Մաքսային միություն չստացվի (այդ կարգի զարգացումների ծիլեր երեւում են` եթե Ուկրաինայի, Ղազախստանի, Բելառուսի պահվածքը նկատի առնենք), միաժամանակ` Եվրոմիության հետ Ասոցիացման պայմանագիրն էլ արդեն նախկին ծավալով այլեւս հնարավոր չի լինելու իրականացնել, չի՞ ստացվում, որ Հայաստանն ակամա երկու տեսակի խոր համագործակցությունից միաժամանակ հետ կմնա` իր հետեւանքներով հանդերձ, երբ երկրին տնտեսական զարգացում եւ սոցիալական լարվածության թուլացում են հարկավոր. «Ազգի» այս հարցը երեկ քաղաքական ուժերը տարբեր տեսակետներից դիտարկեցին: Միաժամանակ` մեզ հետաքրքրում էր, թե Վիլնյուսի գագաթաժողովում Հայաստանի ստորագրելիք նոր թղթի բովանդակությունից տեղյա՞կ են մեր քաղաքական ուժերը, քանի որ ընդամենը երկու շաբաթ է մնում այդ համաժողովին:
Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը տեղյակ չէր փաստաթղթից եւ ենթադրեց, որ հավանաբար նրա պատրաստումը դեռ չի ավարտվել` ավարտվի, կիրազեկեն: Իսկ ՄՄ-ին անդամակցելուց Հայաստանի դուրս մնալը նա անհիմն վարկած համարեց. «Մեր քաղաքական մոտեցումները, համաձայնությունները կախված են մեզնից, էնպես որ` աշխարհը շատ մեծ է, մենք բաց աշխարհում ենք, եւ պիտի շահագրգիռ լինենք շահավետ համագործակցություն ունենալու տարբեր երկրների հետ` եւ Ռուսաստանի, եւ Եվրոպայի ու նաեւ այլ երկրների, որոնք բարեկամ են մեզ հետ», հարցին ավելի ընդհանրական մոտեցավ նա:
ԲՀԿ խմբակցության անդամ Ստեփան Մարգարյանը համոզված էր, որ ցանկացած ինտեգրման գործընթացի անդամագրվելու համար կարեւոր է ունենալ երեք հարցի պատասխան` ապահովո՞ւմ է այդ ինտեգրումը Հայաստանի ռազմական, տնտեսական անվտանգության եւ Ղարաբաղի անվտանգության պահանջները: Այս պայմաններին չհամապատասխանող յուրաքանչյուր պայմանագրերից պետք է կամ ձեռնպահ մնանք, կամ` համապատասխան կետեր ավելացնելու առաջարկներով պետք է հանդես գալ: Իր կամքից անկախ Մաքսային միությունից Հայաստանի դուրս մնալը նա հավանական չհամարեց` այս ուղղությամբ որեւէ տեղեկացվածություն չուներՙ եւ, իր կարծիքով, դա միայն հնարավոր կլինի ՄՄ չկայանալու պարագայում: Ընդհանրապես` ինտեգրացիոն գործընթացներից դուրս մնալը նա վատ է համարում` Հայաստանն, այո, դուրս է մնում տարածաշրջանային ինտեգրման լուրջ ծրագրերից, ինչը վատ է անդրադառնում մեր տնտեսության վրա: Մեզ համար սպասվում են բավականին բարդ իրավիճակներ տարածաշրջանում` կապված, օրինակ, Կարս-Ախալքալաք երկաթգծի բացման հետ. «Մասնակցությունից դուրս մնացել ենք, չենք կարողանա նույնիսկ օգտվել դրանից», ասաց նա` նշելով, որ ինտեգրման գործընթացներին մասնակցելն այսօր Հայաստանի համար անհրաժեշտություն է, մենք ինքներս պետք է ինչ-որ ֆորմատներ նախաձեռնող լինենք: Անվտանգության վերաբերյալ հարցերին Ասոցիացման համաձայնագիրը պատասխանում էր , թե՞ ոչ, սրանից եւս նա տեղյակ չէր, որովհետեւ այդպես էլ չհրապարակվեց այն: Իսկ Վիլնյուսում ստորագրվելիք փաստաթղթի մասով Ա. Մարգարյանը համոզված է, որ որեւէ քաղաքական ուժ նույնպես տեղյակ չէ դրանից. «Դա քաղաքական ուժերից թաքուն է պահվում, հրապարակված չկա, եւ Ազգային ժողովում որեւէ քննարկում չի եղել»:
ՀՅԴ-ից Արմեն Ռուստամյանը հարցը տեղափոխեց այլ հարթություն: Ըստ նրա` շատ բան կախված է մեր դիվանագիտությունից, ու մեր սխալներով չպետք է սահմանն անցնենք այնքան, որ երկու տեղից էլ զրկվենք եւ հայտնվենք բացարձակապես անօգնական ու մեկուսացած վիճակում, ինչը նույնպես հնարավոր է` նույն սխալները համառորեն եւ երկարատեւ կրկնելու պարագայում. «Բայց ես կարծում եմ, որ նաեւ ունենք հնարավորություն, ընդհակառակը, ճիշտ դնելու հարցերը երկու ուղղության վրա էլ: Մենք, եթե շարժվենք այն տրամաբանությամբ, որ Հայաստանն ունի կենսական անհրաժեշտության խնդիրներ, դրանք լուծելու համար Հայաստանն իրավունք ունի յուրաքանչյուրի հետ հարաբերություններն ամրապնդելու. մենք դա արել ենք հաճախ, եւ դա ստացվել է»: Որպես ստացված օրինակ` նա բերեց Իրանի հետ հարաբերությունները, երբ ամերիկյան գործընկերները հասկանում են, որ այդ հարաբերությունները բխում են Հայաստանի կենսական անհրաժեշտությունից: Ահա նույն խնդիրներով պետք է ներկայանալ թե Եվրոպային, թե Մաքսային միությանը: Մասնավորապես` քանի որ անվտանգության խնդիր ունենք եւ այն լինելիության աստիճանի կարեւոր հարց է, ըստ Ռուստամյանի, այդ դաշտը պիտի տեղափոխվենք հարաբերություն կառուցելիս, եւ որեւէ մեկը մեզ չի կարող մեղադրել: Եվրոպայի հետ 4 տարի բանակցելիս եւ պարտավորություններ ստանձնելիս` մեր անվտանգության խնդիրները Եվրոպայի առաջ չենք դրել, չենք ասել` երկու կողմից շրջափակված ենք, պետք են համապատասխան արտոնություններ Հայաստանին: Իսկ ահա Ադրբեջանը ժամանակին շահարկելով հակամարտության պարագան` հասավ նրան, որ ասաց` իմ ժողովրդավարության մակարդակի վրա աչքներդ փակեք, եւ էսօր երրորդ նախագահության մանդատը ստացավ Ալիեւը. «Երբ որ անվտանգության տեսակետից ես դնում հարցերը, էդ գործընկերոջ համար հասկանալի զրուցակից ես դառնում, բազաներն էլ ես հիմնավորում` նույն Ամերիկային եւ Եվրոպային, որովհետեւ ասում ես` Թուրքիայի սպառնալիքը կա, վերացրեք այդ սպառնալիքը, բազաների կարիքն էլ չի լինի… Էսօր Ուկրաինան նույն բանն է ասում, թե` մեզ ոչ ոք չփոխհատուցեց Ռուսաստանի հետ հարաբերությունների խզմամբ պայմանավորված կորուստները, որեւէ մեկն էդպիսի փոխհատուցման հնարավություններ մեզ ցույց չտվեց, եւ մենք չենք կարող խզել հարաբերությունները Ռուսսաստանի հետ: Եթե Ուկրաինան չի կարող խզել, Հայաստանն ի՞նչ պիտի անի, որ բացի ռազմական անվտանգության 100 տոկոս կախվածությունից, էներգետիկ անվտանգության պրոբլեմ ունի, երբ մեր ողջ տնտեսությունը դրա վրա է կառուցված», ասաց Ա. Ռուստամյանը` հավելելով, թե Եվրոպային էլ պետք է ասենք, որ նրանք էլ սխալ վարվեցին` Հայաստանին մղելով այլընտրանք չլինելու դաշտը: Հիմա պետք է մոտեցումները վերանայվեն: Իսկ Մաքսային միության անդամակցության առումով Ռուստամյանը չի կարծում, որ կփակվի կամ կփլուզվի հնարավորությունը: