Կարագանդայի «Շախտյորում» վարձավճարով հանդես եկող Գեւորգ Ղազարյանը հավանաբար կհեռանա թիմից: Այս մասին Vesti.kz-ի հետ զրույցում հայտնել է թիմի գլխավոր մարզիչ Վիկտոր Կումիկովը: Ըստ մարզչի, արդեն քայլեր են ձեռնարկվում Ղազարյանին, Խիժնիչենկոյին եւ Կանյասին համարժեք փոխարինողներ գտնելու:
Ղազախական «Կայրաթի» վետերան Յուսուպ Շադիեւի կարծիքով, միայն կոլումբիացի Կանյասի հեռանալը կորուստ կլինի «Շախտյորի» համար, իսկ Սերգեյ Խիժնիչենկոյին եւ Գեւորգ Ղազարյանին կարելի է փոխարինողներ գտնել: «Ղազարյանը Մխիթարյան չէ, ուստի չեմ կարծում, թե նա կարող է ուժեղացնել ՌԴ պրեմիեր լիգայի որեւէ թիմ: Նույնիսկ «Անժիի» մակարդակով նա չի կարող խաղալ», նշել է Շադիեւը:
Հիշեցնենք, որ Գեւորգ Ղազարյանը «Շախտյոր» էր տեղափոխվել Դոնեցկի «Մետալուրգից», որին են պատկանում ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքները: Նա ղազախական ակումբում հանդես է գալիս վարձավճարով, որի ժամկետը լրանում է այս տարվա դեկտեմբերին:
Գեւորգ Ղազարյանը News.am-ի թղթակցին հայտնել է, որ Դոնեցկի «Մետալուրգն» ու Կարագանդայի «Շախտյորը» նախնական պայմանավորվածություն ունեն իր նոր պայմանագրի հարցում: Բայց կան նաեւ առաջարկներ Ռուսաստանից, Ուկրաինայից եւ Ղազախստանի այլ ակումբներից: Ըստ Ղազարյանի, հավանականությունը մեծ է, որ ելույթները շարունակի «Շախտյորում»:
Թեեւ Ղազախստանի առաջնությունն արդեն ավարտվել է, սակայն «Շախտյորի» ֆուտբոլիստները նախապատրաստվում են Եվրոպայի լիգայի խմբային մրցաշարի հանդիպումներին: Նոյեմբերի 28-ին թիմն Աստանայում կհյուրընկալի հունական ՊԱՕԿ-ին, իսկ դեկտեմբերի 12-ին Իսրայելում կմրցի «Մաքաբիի» հետ: «Շախտյորն» առայժմ անհաջող է խաղումՙ L խմբում 2 միավորով ընթանալով 3-րդ տեղում: