Մոսկվայի ՄՄՀՊԻ(Հ)-ի գիտխորհրդի դահլիճում 2013 թ. նոյեմբերի 18-ին Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Դաշնային խորհրդի խոսնակ Վալենտինա Իվանովնա Մատվիենկոյի նախագահությամբ տեղի ունեցավ նրա ղեկավարած Ինտեգրային ակումբի նիստը` «Պատմական արմատների ընդհանրությունը` որպես Եվրասիական միության կայացման գործոն» թեմայով:
Ակումբի նիստում ելույթ ունեցան Ինտեգրային ակումբի նախագահ Վալենտինա Իվանովնա Մատվիենկոն, Ռուսաստանի ԱԳՆ Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի (համալսարան) ռեկտոր Անատոլի Վասիլեւիչ Տորկունովը, Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի Ընդհանուր պատմության ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Օհանի Չուբարյանը, Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի Իրավիճակային վերլուծության կենտրոնի գիտական ղեկավար Եվգենի Մաքսիմովիչ Պրիմակովը, ՌԴ նախագահի` տարածաշրջանային տնտեսական ինտեգրման հարցերով խորհրդական Սերգեյ Յուրեւիչ Գլազեւը, Մոսկվայի Մ. Վ. Լոմոնոսովի անվան պետական համալսարանի ռեկտոր Վիկտոր Անտոնովիչ Սադովնիչին, Ռուսաստանի Դաշնության նախագահի միջազգային մշակութային համագործակցության գծով հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Եֆիմովիչ Շվիդկոյը, ՊՆ Դ.Կանայանի անվան ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի պետ Հայկ Սարգսի Քոթանջյանը (Հայաստանի Հանրապետություն), ՅՈՒՆԵՍԿՕ-ի գործերով Ռուսաստանի Դաշնության հանձնաժողովի փոխնախագահ Ալեքսանդր Սերգեեւիչ Ձասոխովը, Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի տնտեսագիտության ինստիտուտի տնօրեն Ռուսլան Սեմյոնովիչ Գրինբերգը, Կիեւի Տարաս Շեւչենկոյի անվան ազգային համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետի դեկան Անատոլի Եվգենեւիչ Կոնվերսկին (Ուկրաինա):
Ներկայացնում ենք ՀՀ ՊՆ ԱՌՀԻ-ի պետ, պաշտպանության նախարարի` անվտանգային քաղաքականության հարցերով խորհրդական, քաղաքական գիտությունների դոկտոր (ՌԴ), Պաշտպանական ազգային համալսարանի հրավիրված պրոֆեսոր (ԱՄՆ), ՌԴ ռազմական գիտությունների ակադեմիայի իսկական անդամ, ՀԱՊԿ-ի գիտափորձաքննական խորհրդի անդամ գեներալ-մայոր Հայկ Սարգսի Քոթանջյանի զեկուցման տեքստը: Ուշագրավ է, որ դոկտոր Քոթանջյանը Հայաստանի Հանրապետության ռազմավարական անվտանգային ուղենիշները Ռուսաստանի Սենատի խոսնակ Վալենտինա Մատվիենկոյի Ինտեգրային ակումբի ամբիոնից վերահաստատեց Ղարաբաղյան հակամարտության լուծման հարցով ՀՀ եւ Ադր. Հ նախագահներ Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի հանդիպման նախօրեին` «Արեւմտյան գորընկերության» Վիլնյուսի գագաթաժողովի եւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի Հայաստան կատարվելիք այցի նախաշեմին:
«Ռազմավարական երկխոսությունը` որպես Եւրասիական տարածությունում ինտեգրման առաջմղման բանալիական գործոն
1991 թ. Հայաստանի անկախության ձեռքբերումից սկսած` նրա արտաքին քաղաքականության հիմնաքարը փոխլրացման սկզբունքն է, ինչպես հարեւան պետությունների, այնպես էլ Հարավային Կովկասի անվտանգային դինամիկայի ձեւավորման գործում ներգրավված ուժային կենտրոնների հետ գործընկերային հարաբերություններ հաստատելու ձգտումը: Տվյալ ընտրությունն արտացոլում է անկախ հայկական պետության` որպես Հայաստանի Հանրապետության, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության եւ Սփյուռքի թվով տասը միլիոն հայության կայուն զարգացման եւ անվտանգության երաշխավորի արդյունավետ կենսագործունեության աշխարհաքաղաքական հրամայականները: Միեւնույն ժամանակ պետք է նշել, որ Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ փոխլրացման սկզբունքը ամենեւին էլ չի նշանակում հավասար, նույնաչափ հարաբերություններ բոլոր գործընկերների հետ: Հայաստանի ռազմավարական դաշնակիցը եւ համար մեկ անվտանգային գործընկերը Ռուսաստանն է: Ռուսաստանի հետ երկկողմ ձեւաչափով անվտանգային ռազմավարական դաշնակցությունը Հայաստանը հաջողությամբ լրացնում է ՀԱՊԿ-ի շրջանակներում նրա եւ մյուս պետությունների հետ ծավալվող ռազմավարական գործընկերությամբ: Հայաստանի եւ Ռուսաստանի խոր, ստեղծագործաբար նորացվող երկխոսության գրավականը Մոսկվայի կողմից օպտիմալ ինտեգրումային որոշումների որոնման բազմավեկտորությունն է, որոնում, որի հիմքում ռուսական պետականության արդիականացման ինչպես ասիական, այնպես էլ եվրոպական բաղադրիչների զարգացման` Պետրոս Մեծի մշակած ռազմավարական ուղենիշների նորամուծական ընթերցումն է:
Հայաստանը արդյունավետ շփումներ է հաստատել նաեւ Եվրատլանտյան ուժային կենտրոնների հետ, ինչպիսիք են ԱՄՆ-ը, ՆԱՏՕ-ն եւ ԵՄ-ը: 2005 թվականից Հայաստանը հաջողությամբ իրացնում է ՆԱՏՕ-ի Անհատական գործընկերության գործողության ծրագրերը` նպատակաուղղված պաշտպանական անվտանգային բարեփոխումների առաջմղմանը: Երկիրը նաեւ Իրաքում, Կոսովոյում, իսկ այժմ` Աֆղանստանում իրականացվող խաղաղարարական օպերացիաներին մասնակցության միջոցով ձեռք է բերում միջազգային անվտանգության համակարգում ներգրավման փորձ:
Հայաստանը 2009 թվականից ԵՄ-ի «Արեւելյան գործընկերության» ծրագրի մասնակիցն է եւ վերջին երեք տարիների ընթացքում` Մաքսային միությանը միանալու հնարավորության քննարկումներին զուգահեռաբար, ԵՄ-ի հետ բանակցություններ է վարել Ասոցիացման պայմանագրի ստորագրման վերաբերյալ: 2013 թ. սեպտեմբերին Հայաստանը պրագմատիկորեն ճշգրիտ որոշում ընդունեց Մաքսային միությանն անդամակցելու, ապա` Եվրասիական տնտեսական միության ձեւավորմանը մասնակցելու վերաբերյալ: Այդ որոշումն զգալի չափով պայմանավորված է Հարավային Կովկասում առկա ռազմաանվտանգային իրողություններով, ինչպես նաեւ նրան շրջապատող տարածաշրջանում ընթացող զինված հակամարտությունների եւ խռովարարական պատերազմների հետեւանքով անվտանգության համար ծագող համաչափ ու անհամաչափ մարտահրավերներով եւ սպառնալիքներով:
Միեւնույն ժամանակ, Հայաստանը շարունակում է ԵՄ-ի հետ համագործակցությունը` ուղղված ժողովրդավարական փոխակերպումների, մարդու իրավունքների պաշտպանության ոլորտներում հարաբերությունների եւ գիտության, կրթության ու մշակույթի բնագավառներում գործակցության հետագա զարգացմանը:
Տվյալ համատեքստում ուշագրավ է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի նախաձեռնությունը` անցկացնելու միջազգային ռազմավարական ֆորումներ, որոնց մասնակցեն ՀԱՊԿ-ի անդամ պետությունների այնպիսի առաջատար կազմակերպություններ, ինչպիսիք են ՄՄՀՊԻ(Հ)-ն, ՌԴ նախագահին առընթեր Ռուսաստանի ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը, Ղազախստանի նախագահին առընթեր Ղազախստանյան ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը, Բելառուսի նախագահի աշխատակազմին առընթեր Տեղեկատվական-վերլուծական կենտրոնը, Ղրղզստանի ռազմավարական վերլուծության եւ կանխատեսումների ինստիտուտը, ինչպես նաեւ մեր արեւմտյան գործընկերները, այդ թվում` Հարվարդի եւ Օքսֆորդի համալսարանները, ԱՄՆ-ի Պաշտպանական ազգային համալսարանը, Արտաքին քաղաքականության ամերիկյան խորհուրդը, «Չաթամ Հաուսը», Երուսաղեմի համալսարանը եւ այլն:
Նման ֆորումները, գիտափորձագիտական մակարդակով լինելով տարածաշրջանային անվտանգության եւ կայունության հարցերի քննարկման մտավոր հարթակ, հնարավորություն են տալիս ակադեմիական ձեւաչափով դիտարկելու սուր անվտանգային պրոբլեմների իմաստավորման նկատմամբ տարբեր մոտեցումներ եւ փոխանակելու երկխոսության շահագրգիռ կողմերին կառուցողական որոշումների որոնմանը կողմնորոշող ազդակներ:
Վերջին ֆորումի ժամանակ ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Նիկոլայ Նիկոլաեւիչ Բորդյուժան ՀԱՊԿ-ի քարտուղարությանը եւ ՀՀ պաշտպանության նախարարությանը առաջարկեց Երեւանում համատեղ անցկացնել ամենամյա ռազմավարական քաղաքական ֆորումներ, որոնցում ներգրավվեն ոչ միայն ՀԱՊԿ-ի անդամ երկրները, այլեւ այն ուժային կենտրոնները, որոնք շահագրգռված են ՀԱՊԿ-ի պատասխանատվության գոտում անվտանգության ու կայունության պահպանման գործում: Այս գաղափարը արժանացել է Հայաստանի Հանրապետության Նախագահ մեծարգո պարոն Սերժ Սարգսյանի հավանությանը:
Ռուսաստանի, ԱՄՆ-ի ու Եվրոպայի առաջատար ուղեղային կենտրոնների առավել արդյունավետ գիտակազմակերպական եւ մեթոդաբանական ձեռքբերումների համադրմամբ եւ նրանց հետ համագործակցությամբ իրականացվում է Հայաստանի Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի ստեղծման նախագիծը, ընդսմին համալսարանի հետազոտական բազան լինելու է ԱՌՀԻ-ն: Ապագա համալսարանը կարող է դառնալ ինչպես գիտնականների, այնպես էլ քաղաքական գործիչների սիներգիկ համագործակցությամբ ոչ միայն ՀԱՊԿ-ի պատասխանատվության գոտում, այլեւ սահմանակից շրջանների հրատապ անվտանգային պրոբլեմների քննարկման նոր կառուցողական հարթակ:
Կարող ենք հուսալ, որ Ռուսաստանի Դաշնության ղեկավարի առաջիկա այցը Հայաստան կօգնի ճշգրտելու մեր բարեկամական պետությունների միջեւ դաշնակցային համագործակցության ռազմավարական հորիզոնները Արեւմուտքի եւ Արեւելքի միջեւ երկխոսության համատեքստում, որն այդքան անհրաժեշտ է միջազգային անվտանգության եւ ժողովուրդների կայուն զարգացման երաշխավորման համար ինչպես մեր անհանգիստ տարածաշրջանում, այնպես էլ Եվրասիական տարածությունում եւ ընդհանրապես աշխարհում:
Եվ այս առումով Եվրասիական ինտեգրման թեմատիկան կարող է դառնալ մեր Պաշտպանական ազգային հետազոտությունների համալսարանի ռազմավարական քաղաքական ֆորումների գերակայություններից մեկը:
Նկար 1. Գենարալ-մայոր Հայկ Քոթանջյանը եւ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան