ՎԱՐՈՒԺԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ
Եվրոմիությունը դեռ հույսեր ունի, իսկ Ուկրաինան բացահայտ նշում է, թե ինչպես զգալի միջոցներ ունեցող հարեւանը քոռ կոպեկ տալ չի ցանկանում:
Ասոցիացման համաձայնագիրն ու Խոր եւ համապարփակ ազատ առեւտրի գոտու ստեղծման համաձայնագիրը ստորագրելու առաջարկը մնում է սեղանին: Ասոցիացման համաձայնագրի բանակցությունները կասեցնելու մասին Ուկրաինայի որոշման առնչությամբ այսպիսի պատասխան պաշտոնական հայտարարությամբ են հանդես եկել Եվրոպական հանձնաժողովի նախագահ ժոզե Մանուել Բարոզուն եւ Եվրոպական խորհրդի նախագահ Հերման վան Ռոմպեյը:
ԵՀ պաշտոնական կայքէջի համաձայնՙ հայտարարությամբ նաեւ հիշեցում է արվում, որ Ուկրաինան պետք է քաղաքական կամք դրսեւորի, պատրաստակամություն եւ շոշափելի առաջընթաց ապահովի Ասոցիացման համաձայնագիրը ստորագրելու համար դրված պահանջները բավարարելու նպատակով: Եվրոհանձնաժողովի եւ Եվրոպական խորհրդի նախագահները վստահություն են հայտնել, թե «Ասոցիացման համաձայնագրի եւ ԽՀԱԱԳ` ԵՄ երբեւէ առաջարկած ամենահավակնոտ համաձայնագրի ստորագրումը լավագույն հնարավոր աջակցությունն է տրամադրում Ուկրաինայի տնտեսական իրավիճակին, բարեփոխումների ընթացքին ու արդիականացմանը` բոլոր ուկրաինացիների համար բարգավաճ ու կայուն ապագա կառուցելու նպատակով»:
Հայտարարության համաձայնՙ Եվրոմիությունը պատրաստակամ է ավելի բաց ու առավել աջակցող լինել բոլոր նրանց հանդեպ, ովքեր պատրաստ են ներգրավվել բարեփոխումներում եւ արդիականացման հարցերում:
«Տեղյակ լինելով Ուկրաինայի վրա գործադրվող արտաքին ճնշումներին` կարծում ենք, որ կարճաժամկետ դատողությունները չպետք է գերակայեն երկարաժամկետ օգուտների համար, որ կբերի Ուկրաինա-Եմ գորընկերությունը», ասված է հայտարարության մեջ, միեւնույն ժամանակ ընդգծելով, որ Եվրոմիությունը չի պարտադրի Ուկրաինային կամ որեւէ այլ գործընկերոջՙ ընտրելու ԵՄ կամ տարածաշրջանային այլ միության միջեւ: Նույն տրամաբանությամբ, Ուկրաինան պետք է ազատորեն որոշի, թե ինչ ներգրավվածություն է ցանկանում Եվրոպական միության հետ: «Ուկրաինացի քաղաքացիները վերջին օրերին կրկին ի ցույց դրեցին, որ իրենք ամբողջապես ըմբռնում են եվրոպական ասոցիացման պատմականությունը»:
Այս ամենի հիման վրա հայտարարության հեղինակները «խստորեն անհավան» են Ռուսաստանի դիրքորոշման ու քայլերի առումով: Եվրոմիության հետ սերտ հարաբերությունները, ըստ ԵՄ պաշտոնյաների, ի վնաս չեն Արեւելյան գործընկերների եւ նրանց հարեւանների հետ, ինչպիսին Ռուսաստանն է, հարաբերությունների: «ԵՄ-ը պատրաստակամ է մնում պարզաբանելու Ռուսաստանի Դաշնությանը հարեւանների հետ աճող առեւտրի եւ փոխանակության ընդհանուր օգտակար ազդեցությունը` մնալով հարգալից Արեւելյան գործընկերների ինքնիշխանության ու անկախության հանդեպ եւ Ասոցիացման համաձայնագրի ու ԽՀԱԱԳ երկկողմ բնույթի նկատմամբ»:
Ամեն դեպքում, Վիլնյուսյան գագաթաժողովը մեկնարկում է նոյեմբերի 28-ին, այսինքն` առանձնակի շատ ժամանակ չի մնացել, որ Ուկրաինան` Եվրոմիության ու Ռուսաստանի արանքում կարողանա որեւէ այլ` հետդարձի կտրուկ քայլեր անել, այլն էլ այն պայմաններում, որպիսիք Ռուսաստանն առաջ քաշել ու Ուկրաինային էլ սեղմել է դրանց աքցանում:
Եվրոպական կողմից հնչած այս հայտարարության ֆոնին նույն եվրոպացիների համար բնավ էլ հուսադրող չէ այն ամենն, ինչ տեղի է ունենում Ուկրաինայում եւ Ուկրաինայի շուրջը, որի ղեկավարությունը հայտարարեց ԵՄ-ի հետ բանակցությունների կասեցման մասին ու հիմա էլ, Հայաստանից ավելի արագ, փորձում է գլորվել նժարի հակառակ կողմում հայտնված Ռուսաստանի կողմը` հնարավոր ու անհնար բոլոր միջոցներով ուկրաինա-ռուսական կապերի դրսեւորման ուղիներ փնրտելով:
Ուկրաինական կողմից բարձր` վարչապետի մակարդակով հնչած պարզաբանումները, թե ինչու են կասեցվել Ասոցիացման բանակցությունները, միայն ընդգծում են, որ Ուկրաինան ներկա դրությամբ ուղղակի կատարում է այն, ինչ հարմար եւ պահանջված է Ռուսաստանի կողմից, այլապես դժվար կլինի հասկանալ, թե տնտեսական դժվարութունների առջեւ հայտնված Ուկրաինան, որ անշեղորեն գնում էր դեպի Ասոցիացում, հանկարծ որոշեց կասեցնել բանակցություններն ու աղերսող հայացքով շրջվել դեպի Ռուսաստան:
Ու մինչ Ուկրաինայի մայրաքաղաքի հեղափոխական հրապարակում ԵՄ-ի հետ ասոցիացման ջատագովների շարքերը ստվարանում են, մարդիկ մեկ այլ հեղափոխության տրամադրություններով արդեն քանի օր գրավել են Մայդանը, Ուկրաինա-Ռուսաստան «սիրալիրությունները» շարունակվում են` ոչ այնքան քողարկված, որքան բացահայտ ու քաղաքական առեւտրին հատուկ էժան դրսեւորումներով:
Մասնավորապես, ուկրաինական կողմն իր բանակցությունների կասեցման որոշումից հետո երեւի մեծ ախորժակով կամ ակնկալիքով հույսեր էր փայփայում ՌԴ հետ գազային պայմանագրի վերանայման առնչությամբ, ռուսական գազային հսկա «Գազպրոմ»-ը, ի դեմս ընկերության պաշտոնական ներկայացուցիչ Սերգեյ Կուպրիյանովի, հայտարարում է, թե Ուկրաինայի հետ գազային պայմանագրի որեւէ վերանայում նախատեսված չէ:
Այսինքն` կարելի է ենթադրել, որ Ռուսաստանի համար դեռեւս բավարար չէ, որ Ուկրաինան կասեցրել է բանակցությունները, որոնք Ասոցիացման համաձայնագրի ստորագրման տեսքով կարող են կրկին մեջտեղ գալ հաջորդ տարեսկզբին կամ տարվա ընթացքում: Ռուսաստանում թերեւս ավելին են սպասում Ուկրաինայի նախավիլնյուսյան քայլից, որպիսին կարող է լինել, ասենք, Մաքսային միությանն ապագա անդամակցության մասին հայտարարությունը: Ստացվում է, որ դեռ հերիք չէ, որ Ուկրաինային ծնկի են բերել, մինչդեռ Ռուսաստանին անհրաժեշտ է ավելին: Այն ժամանակ, երբ Ուկրաինան կբավարարի Ռուսաստանի ցանկությունները, թերեւս Կուպրիյանովն այլ նախատեսումների մասին խոսի:
Մյուս կողմից, ԵՄ առաջ քաշած պահանջները, ամենից առաջ Ուկրաինայի նախկին վարչապետուհի Յուլյա Տիմոշենկոյի բուժումն արտերկրում թույլատրելու առնչությամբ, ուկրաինական իշխանությունները մի կողմ են թողնում` առաջ քաշելով զուտ գումարային հարցերը այն համատեքստում, թե զգալի միջոցների տիրապետող Եվրոմիությունը չի ցանկանում ֆինանսապես օգնել Ուկրաինային: Իսկ որ ուկրաինացիները կրկին դուրս են եկել փողոց ու, ոմանց մեկնաբանությամբ, պատրաստվում է «նարնջագույն հեղափոխության» մի նոր փուլ կամ տարբերակ, ուկրաինական իշխանություններին չի հուզում:
Մայդանում հավաքվածներին իշխանությունների անտարբեր ու անգամ հոխորտացող կեցվածքի փոխարեն «դիմակայելու եւ հաղթելու» կոչերով դիմել է Ուկրաինա-Եվրոմիություն հարաբերություններում սլովանական երկրի կոկորդում մնացած տիկինը` Տիմոշենկոն` նամակով, թե պետք է իշխանություններին պարտադրել ստորագրելու Ասոցիացման համաձայնագիրը:
Ուկրաինական «թատերաբերում» քաղաքական առեւտուրն, այդուհանդերձ, դեռ շարունակվում է. մի կողմիցՙ Ուկրաինան հայտարարում է ԵՄ հետ բանակցությունները կասեցնելու մասին, բայց չի խոսում Մաքսային միություն մտնելու հեռանկարներից, մյուս կողմիցՙ Ռուսաստանը հենց միայն դրան է սպասում, որ Արեւելյան գործընկերության եւս մեկ երկիր Մաքսային միության հեռանկարից խոսի:
Իրարանցում է նաեւ Մոլդովայում, որը պատրաստվում է նախաստորագրել Ասոցիացման համաձայնագիր Եվրոմիության հետ ճիշտ այնպես, ինչպես Վրաստանը, որտեղ տրամադրությունները դեռեւս հանդարտ են` Մաքսային միությանն անդամակցության հեռու, հեռավոր թվալու ֆոնին: