«Մեզ հաճախ հարցնում են, թե ինչու են հարևան պետություններում համերգներով հանդես գալիս երաժշտության ոլորտի մեգա աստղերը, սակայն Հայաստանում նման համերգներ տեղի չեն ունենում, իսկ մեր քաղաքացիները ստիպված են լինում գնալ այլ պետություններ ներկա գտնվելու այդ շոուներին:
Եվ ուրեմն, կառավարությունը նախաձեռնել է թոփ աստղերից մեկի համերգ-շոուն Երևանում, որի մասին կհայտարարվի առաջիկա ժամերին»,- ֆեյսբուքյան էջում գրել է վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը:
Մոտ 1000 օգտատեր հիացական հավանումով է արձագանքել Արայիկ Հարությունյանի գրառմանը։
Գրառումից հետո պարզ դարձավ, որ Երևան է գալու ռեփեր Snoop Dogg-ը։ համերգը տեղի է ունենալու սեպտեմբերին. այն նույն սեպտեմբերին, երբ եղավ 44-օրյա պատերազմը, այն նույն սեպտեմբերին, որ տեղի են ունենալու Երևանի քաղաքապետի ընտրությունները։ Այս համերգի համար, ըստ շրջանառվող լուրերի, պետբյուջեից ծախսվելու է 23 միլիոն դոլար։
Հանրությանը թմբիրի մեջ պահելու, ուրախության, երջանկության իմիտացիա ստեղծելու, ուրիշի ցավի, Արցախի վրա թքած ունենալու միջավայր ստեղծելու համար հայրենի իշխանությունը պատրաստ է ամենանողկալի, ամենաանբարոյակն քայլի։
23 միլիոն դոլար ծախսել ռեփեր Snoop Dogg-ի համերգի վրա, երբ Արցախում ու Հայաստանում անվտանգության ամենօրյա խնդիր ունենք, երբ բանակը զինելն օրհասական անհրաժեշտություն է, երբ 10000-ից ավելի զինհաշմանդամ ունենք, երբ Ադրբեջանն ավելացնում է իր ռազմական բյուջեն, ամեն օր սպառնում է նոր պատերազմով, իսկ Հայաստանի իշխանություններն ընկել են ժողովրդին զբաղեցնելու հետևից։
Անմեղսունակությո՞ւն, անտարբերությո՞ւն, հանցավոր անգործությո՞ւն, դիտավորյալ անգործությո՞ւն. ինչ անուն տալ ՀՀ իշխանության ղեկին նստածների գործունեությանը։