FourFourTwo ամսագիրը ՀՀ հավաքականի եւ Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին ընդգրկել է մրցաշրջան-2013-ի 100 լավագույն ֆուտբոլիստների ցանկում: Մխիթարյանը 66-րդ հորիզոնականում է:
«Դոնեցկի «Շախտյորից» հեռանալուց հետո Հենրիխ Մխիթարյանն իսկական սուպերաստղ դարձավ: Նրան հաջողվեց Լոնդոնում տխրեցնել «Արսենալի» երկրպագուներին, ինչպես նաեւ արժանի փոխարինող դառնալ Մարիո Գյոտցեին: Նա Գերմանիայի ընթացիկ առաջնության 10 խաղում դարձել է 3 գոլի եւ 5 գոլային փոխանցման հեղինակ: Այս պահին Հենրիխը սովորում է 6-րդ լեզունՙ գերմաներենը: Նա Հայաստանի հավաքականի առաջատարն է: 2014-ի աշխարհի առաջնության ընտրական մրցաշարում նա դարձել է 3 գոլի եւ 2 գոլային փոխանցման հեղինակ: Ֆուտբոլիստը կատարել է 416 փոխանցում, 20 անգամ մրցակցից խլել է գնդակը», գրում է ամսագիրը:
Whoscored.com-ն էլ Հենրիխ Մխիթարյանին ընդգրկել է չեմպիոնների լիգայի 5-րդ տուրի խորհրդանշական հավաքականում:
Իսկ աշխարհի 10 լավագույն ֆուտբոլիստների ցանկը գլխավորում է Մադրիդի «Ռեալի» հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն: Նրան հաջորդում են Լիոնել Մեսին եւ Ֆրանկ Ռիբերին: Լավագույն տասնյակում են նաեւ Ռադամել Ֆալկաոն, Անդրես Ինիեստան, Զլատան Իբրահիմովիչը, Ֆիլիպ Լամը, Գարեթ Բեյլը, Ռոբին վան Պերսին եւ Տիագո Սիլվան:
Իտալական «Նապոլիի» հետ խաղում Հենրիխ Մխիթարյանի գործողությունները բարձր գնահատականի է արժանացրել իսպանական AS պարբերականը. «Այդ հանդիպման իսկական հերոսը հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն է: Այդ ֆուտբոլիստը նման է Լիոնել Մեսիինՙ նրա լավագույն դրսեւորումներով»: