Գերմանիայի բժշկական զբոսաշրջության բիզնեսը ներսից
Սարգիս Սարգսյանը մեկն է այն հիվանդներից, որոնք ընկել են կասկածելի միջնորդների ու անկուշտ բժիշկների ճանկը: Սարգսի մեջ բժիշկները հայտնաբերել են քաղցկեղ: Գերմանացի բժիշկները համակարգչային նկարների միջոցով նրան ցույց են տվել, թե քաղցկեղի հետեւանքով ինչպես են նրա լյարդում, թոքերում եւ ուղեղում արդեն տարածվել մետաստազները:
46-ամյա Սարգիս Սարգսյանը Ռուսաստանի քաղաքացի է: Նրա պատմությունը դժբախտության, հուսահատության, բայց եւ հույսի պատմություն է, սա նաեւ սուտ խոստումների, շռայլ շահույթների եւ խղճի խայթի բացակայության մասին է: Սարգիս Սարգսյանի պատմությանն անդրադարձել է գերմանական հեղինակավոր «Շպիգել» հանդեսը, որից օգտվելով` ստորեւ թարգմանաբար ներկայացնում ենք մեր հայրենակցի հետ կատարվածը, ինչպես խոստացել էինք նախորդ համարում:
Սարգիս Սարգսյանի պատմությունը սկսվում է 2012-ի սեպտեմբերից, երբ նա հայտնաբերում է արյան հետքեր իր նստած աթոռին: Դրանից հետո Մոսկվայում նա դիմում է բժշկի, հիվանդանոցում անցնում է հետազոտություն, եւ բժիշկը Սարգսին տեղեկացնում է. «Դուք աղիներում ուռուցք ունեք: Եթե գումար ունեք, ապա լավ կլինիՙ գնաք Գերմանիա, այնտեղ Ձեզ կօգնեն»:
Սարգսի ընտանիքը Մոսկվայում մի փոքր ռեստորան եւ հյուրանոց ունի, ուստի նա համոզված էր, որ Գերմանիայում կարող էր հոգալ իր բուժման ծախսերը:
Կնոջ` Նելլիի (38 տարեկան) եւ եղբոր` Դերենիկի (49 տարեկան) օգնությամբ Սարգիսն ինտերնետով ուսումնասիրում է գերմանական հիվանդանոցները, տեղեկանում մասնագետների մասին: Հենց այդ ժամանակ Սարգսի ծանոթներից մեկը նրան խորհուրդ է տալիս դիմել IMZ (Innovation Medizin Zentrum) կոչվող գործակալություն, որը հիմնվել է Մյունխեն քաղաքում: Գործակալության անվանումը հայերեն թարգմանվում է «Իննովացիոն բժշկական կենտրոն»: Անվանումն արդեն իսկ բավականին տպավորիչ է հնչում:
Սարգսի եղբայրը` Դերենիկը զանգահարում է IMZ, նկարագրում ենթադրվող քաղցկեղի ախտորոշումը Բ. Արսեն անունով մի բժշկի, որը հաճախել էր հայաստանյան բժշկական համալսարանը: Ի դեպ, Սարգսյանները (նկատի ունենք Սարգսի ընտանիքը) նույնպես ծնվել են Հայաստանում:
«Եկե՛ք Մյունխեն, եւ շուտով Ձեր եղբոր հիվանդությունը կդառնա ընդամենը հիշողություն», Դերենիկի հետ խոսելիս ասում է բժիշկ Արսենը: Այս զրույցից մի քանի օր անց Սարգիսը, Նելլին ու Դերենիկը նստում են Մյունխեն թռչող ինքնաթիռը` առանց ունենալու որեւէ պատկերացում, թե որքան երկար էր տեւելու իրենց ճամփորդությունը, եւ որ այդ պահից սկսվելու էր իրենց կյանքի վատագույն շրջանը:
Սարգիս Սարգսյանի նման hարյուրհազարավոր մարդիկ ամեն տարի բուժում են ստանում որեւէ օտար երկրում: Այսօր նույնիսկ բժշկությունն է տեղի տալիս գլոբալիզացիային: Բժշկական զբոսաշրջությունը Գերմանիայի հիվանդանոցներին ու բժիշկներին տարեկան բերում է մոտավորապես մեկ միլիարդ եվրո (1.35 միլիարդ դոլար) եկամուտ: Միայն 2011 թվին օտարերկրացի 82 854 հիվանդ ստացիոնար բուժում է ստացել Գերմանիայում, իսկ 123 000 օտարերկրացի Գերմանիայի բուժհիմնարկներում ստացել է ամբուլատոր բուժում: Գերմանիայում բուժվող օտարերկրացիների մեջ զգալի տոկոս են կազմում ռուսները. ամեն տարի Ռուսաստանից շուրջ 6000 հոգի ստացիոնար բուժում են ստանում Գերմանիայում, որտեղ բուժում ստանալը ռուսների համար միշտ էլ եղել է պատվաբեր: Դեռեւս այն օրերից, երբ Ֆյոդոր Դոստոեւսկին բուժում է ստացել Բադեն-Բադենում, Նիկոլայ Գոգոլը մելանխոլիայից բուժվելու համար գնացել է Բալթիկ ծովի ափի գերմանական Տրավեմյունդե քաղաքը, իսկ նախկին նախագահ Բորիս Ելցինը, որ սրտի հաջորդական 5 վիրահատություն էր անցկացրել, իր առողջական կանոնավոր ստուգումներն ստանում էր Բեռլինի սրտաբանական ինստիտուտում, իսկ տիկին Ռաիսա Գորբաչովան լեյկեմիայից բուժումներն ստանում էր Մյունստերի համալսարանական հիվանդանոցում:
Վերադառնալով Սարգսի պատմությանը` պարբերականը գրում է, որ Սարգիսը, նրա կինն ու եղբայրը հասնում են Մյունխեն 2012-ի սեպտեմբերի 16-ին: IMZ գործակալությանը նրանք արդեն վճարած են լինում 3500 եվրո վիզաների ու նաեւ որպես կանխավճար բուժման համար:
Սարգսյանների փոխանցմամբ` Մյունխեն իրենց ժամանումից հետո գնում են IMZ գործակալության գրասենյակ, որտեղ հանդիպում են Արսենին, որի անգամ այցեքարտը նրանց վստահություն է ներշնչել: Ըստ այցեքարտի` Արսենը դոկտոր, պրոֆեսոր է, ավագ բժիշկ, նեյրովիրաբույժ եւ այլն: Վերջինս Սարգսյաններին խոստացել է, որ Սարգսի համար ձեռք կբերի անհրաժեշտ բոլոր պայմանավորվածությունները մասնավոր բուժհիմնարկների ու բժիշկների գրասենյակների հետ:
Սակայն IMZ-ը վիճարկում է Սարգսյանների պատմածը, թե Մյունխեն ժամանումից հետո նրանք հանդիպել են Արսենին: Գործակալության փոխանցմամբ`Բ. Արսենն այդ ժամանակ եղել է արտասահմանում, իսկ Սարգսյանների նշած հասցեում IMZ-ը գրասենյակ չունի:
Այս հարցազրույցը տալիս Սարգիսը եղել է Գերմանիայում, երկսենյականոց կահավորված մի բնակարանում, որը գտնվում է հյուսիսային Մյունխենում: Այդ ժամանակ նա նոր էր ստացել ճառագայթային բուժումն ու վերադարձել Մյունխենի իր վարձու բնակարանը:
Սարգիսն ու Նելլին արդեն 21 տարի ամուսնացած էին: Նելլիի խոսքով` Սարգիսը եղել է շատ ուժեղ, նա կարատեիստ է եղել: Սակայն Նելլիի նկարագրած ամուսնու եւ բազմոցին նստած Սարգսի միջեւ ոչ մի նմանություն չկար այլեւս: Սարգսի աչքերի տակ մուգ պարկեր էին գոյացել, նա ընկճված եւ ուժասպառ տեսք ուներ: Նույնիսկ դժվար էր երեւակայել, որ այդ մարդը երբեւէ ծիծաղել է:
Սարգիսը պատմում է, որ առաջին պայմանավորվածությամբ գնացել է «Արաբելլա« հիվանդանոցը, որտեղ անցել է հաստ աղիքի մեկ այլ հետազոտություն: Իսկ ստացված ախտորոշումը հետեւյալն էր` ուռուցքը չարորակ է: Բժիշկները հայտնաբերել են մետաստազները նաեւ նրա թոքերում ու լյարդում: Չնայած ախտորոշմանը` Սարգիսը հույսը չի կորցրել: «Ես վստահում էի բժիշկներին ու նաեւ վստահում էի Արսենին», ասում է նա:
Կանխելու համար նրա աղիների խցանումըՙ բժիշկները կատարում են կոլոստոմիա, տեղի բժիշկներից Սարգիսն ընդունում է նաեւ քիմիաթերապիայի եւ դրան հաջորդող ճառագայթային թերապիայի առաջին կուրսը:
Իսկ բուժման ֆինանսական մասով զբաղվում էր Սարգսի եղբայրը: IMZ-ի գրասենյակին Դերենիկը վճարել էր 10 հազար եվրո նախնական բուժման համար, ու քանի որ Դերենիկը վճարում էր կրեդիտ քարտով, նրանից 5 տոկոս էլ լրացուցիչ վճար էին գանձում: Ըստ նախնական հաշվարկների` ենթադրվում էր, որ 10 հազար եվրոն կբավականացներ քիմիաթերապիայի ու ճառագայթային թերապիայի համար, բայց շուտով Դերենիկին խնդրում են վճարել եւս 20 հազար եվրո, քանի որ բժիշկներն իբր մոռացել էին ընդգրկել նաեւ դեղորայքային բուժման ծախսերն առաջին հաշվեցույցի մեջ: Դերենիկը պատմում է, որ Արսենն իրեն նույնիսկ ասել է` չկա վճարում, չկա նաեւ բուժում: Սակայն Արսենն այլ բան է ասում, նա պնդում է, թե հավելյալ վճարման կարիք եղավ, քանի որ պարզվեց` Սարգսի բուժումը կանխատեսվածից շատ ավելի բարդ ու ավելի թանկ արժե:
Այս տարեսկզբին, երբ բուժման ընդմիջում է լինում, Սարգիսն ընտանիքի հետ վերադառնում է Մոսկվա: Սակայն վերադարձից երկու շաբաթ անց Սարգսի առողջական վիճակը հանկարծակի վատանում է: Դերենիկը զանգահարում է IMZ գործակալություն, որտեղից նրան պատասխանում են. «Անմիջապես վերադառնալ Գերմանիա»:
Ըստ «Շպիգելի»` 2011-ի դեկտեմբերից IMZ գործակալությունը էջ է բացել Facebook սոցիալական ցանցում: Իսկ IMZ հապավումը գործակալության համար մտածված ընտրություն է, քանի որ Մյունխենում գոյություն ունի Isar Medizin Zentrum անունով հայտնի մի մասնավոր հիվանդանոց, եւ եթե IMZ հապավումով համացանցում որոնում կատարեք, ապա կտեսնեք, որ ինտերնետային էջի այցելությունների թվով առաջիններից մեկը Isar Medizin Zentrum հիվանդանոցի կայքէջն է, եւ որոնման առաջին արդյունքները ցույց են տալիս այս հիվանդանոցի ինտերնետային էջը:
Երկու կազմակերպությունների լոգոները եւս զարմանալիորեն նման են իրար, սակայն IMZ գործակալությունը IMZ հիվանդանոցի հետ որեւէ կապ չունի: Հիվանդանոցը գտնում է, որ իր ապրանքանիշը յուրացնելու փորձ է կատարվել, նույնիսկ այս հարցով դատավարություն է ընթանում: Իսկ գործակալությունը մինչ վերջերս ռուսական մի կայքով գովազդում էր իր ծառայությունները հետեւյալ կարգախոսներով. «Կյանքը շարունակվում է, մենք վստահեցնում ենք` հիվանդությունները չեն կարող արգելել ձեզ լիարժեք վայելելու կյանքը», «Դուք դեռ կկարողանաք վայելել աշխարհն իր բոլոր գույների մեջ»:
Իսկ Սարգսի պատմությունը գերմանական զբոսաշրջային տուրիզմի խարդախության մասին թերեւս միակ պատմությունը չէ, ու Սարգիսն էլ խաբվածներից միակը չէ: Նրա նման շատերն են վճարել բժիշկներին` հավատալով միջնորդների կամ բժիշկների խոստումներին, սակայն հիվանդություններից ազատվել չեն կարողացել: Այս պատմությունը, սակայն, գրավեց մեր ուշադրությունը, քանի որ դրանում ընդգրկված են նաեւ մեր հայրենակիցները: Բացի դրանից` վերջերս հայերից շատերն անհրաժեշտության դեպքում առաջին օտար երկիրը, որտեղ ուզում են բուժում ստանալ, Գերմանիան է: Միգուցե այն պատճառով, որ միջնորդող կազմակերպություննե՞րն են ճարպկորեն անում իրենց գործը` «որսալով» կյանքը փրկելու համար անգամ վերջին դրամը ծախսելու պատրաստ հուսահատ հիվանդներին: Եվ ինչպես գրում է «Շպիգել» պարբերականը, այս ամենի առջեւ հանուն շահի հիվանդանոցներն աչք են փակում: Քաղաքական գործիչները նույնպես տեղյակ են, որ օրինական, սակայն գորշ մթնոլորտում է բժշկական զբոսաշրջությունը: Բայց այս մասին պաշտոնյաները նույնպես լռում են:
Խմբ. կողմից – «Շպիգելի» հոդվածը Մոսկվայից խմբագրությանս տրամադրած Կարինա Սարգիսովան կից նամակում խնդրում է զգուշացնել «հուսահատության մեջ գտնվող մեր ազգակիցներին զգուշանալ նման միջնորդներից»: Իսկ նրանց, ովքեր արդեն տուժել են, խորհուրդ է տալիս համապատասխան կլինիկաներից պահանջել օրիգինալ հաշվեցույցները, իսկ մերժվելու դեպքումՙ դիմել Գերմանիայում գտնվող փաստաբանական ծառայությանը http://ssr-advokat.de/, որն զբաղվում է արդեն մի քանի տուժածների գործով:
Ի դեպ, երեկ ստացանք IMZ Yerevan գրասենյակից պատասխան հոդվածՙ ռուսերենով, որը թարգմանաբար կտպագրենք մեր հաջորդ համարում:
Նկար 1. Սարգիս Սարգսյանը (խորքում) Մյունխենի «Իսար» կլինիկայում, տիկնոջ եւ եղբոր հետ:
Մոսկովյան օդանավակայաններում աչքի են զարնում գերմանական կլինիկաների գովազդները: