Ամերիկյան System of a Down ռոք խմբի մենակատար Սերժ Թանկյանը, Արցախում օրեցօր վատթարացող մարդասիրական ճգնաժամի ֆոնին, հանդես է եկել բաց նամակով՝ կոչ անելով Ադրբեջանին բացել Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհ՝ Լաչինի միջանցքը:
Ինչպես գրում է spin.com-ը, նամակի տակ ստորագրել են երաշտության ոլորտի հայտնի ներկայացուցիչներ՝ Փիթեր Գաբրիելը, Ռոջեր Ուոթերսը, Թոմ Մորելոն, Ստյուարտ Քոուփլենդը, Սեբու Սիմոնյանը, Ռոզա Լինը, Նիկոլաս Ջաարը, կինոռեժիսորներ Ատոմ Էգոյանը, Ալեն Հյուզը, դերասանները Արսինե Խանջյանը, Էրիկ Բոգոսյանը, Հերիեթ Ուոլթերը, Ալիա Շավքաթը, Սեփիդեհ Մոաֆին:
«Ադրբեջանցի զինվորներն այժմ արգելափակում են մարդասիրական օգնություն տեղափոխող ավտոշարասյունների մուտքն ու ելքը, և հումանիտար ճգնաժամն ավելի է խորանում։ Խանութներում սպառվում են առաջին անհրաժեշտության պարենային ապրանքները. հիվանդանոցներն ունեն դեղերի և բժշկական պարագաների սուր պակաս։ Փետրվարին (Միավորված ազգերի կազմակերպության) բարձրագույն դատական մարմինը՝ ՄՔԴ-ն (Արդարադատության միջազգային դատարանը) հանձնարարել է Ադրբեջանին ապահովել ճանապարհով ազատ տեղաշարժը, սակայն Ադրբեջանը շարունակում է անտեսել որոշումը», – spin.com-ի հետբ զրույցում նշել է Թանկյանը։
«Բոլորն աջակցում են շրջափակման բացմանը, ԱՄՆ-ից մինչև Պետդեպարտամենտը և Եվրամիությունը, բայց այդ ամենը խոսակցություն է: Մարդիկ սովամահ են լինում և բռնատիրական ռեժիմին ուղղակի ասելը, որ ապօրինի շրջափակումը վերացնի, չի օգնի այդ մարդկանց գոյատևել: Դրանք պարզապես խոսքեր են: Գործողություններ չկան, և դա է խնդիրը: Դա արդեն բոլորն են դատապարտել, բայց ոչ ոք ոչինչ չի անում։ Օրինակ, ԱՄՆ ՄԶԳ-ն (Միացյալ Նահանգների միջազգային զարգացման գործակալությունը) կարող է հեշտությամբ ասել Ադրբեջանին, որ մենք պատրաստվում ենք օդային ճանապարհով մատակարարումներ անել: Նրանք Հայաստանում գրասենյակ ունեն, իսկ ՀՀ կառավարությունը պատրաստած պաշարներ ունի: Մենք փորձում էինք կապ հաստատել (ԱՄՆ ՄԶԳ ադմինիստրատոր) Սամանթա Փաուերի հետ, որպեսզի վերջինս ուշադրություն դարձնի այդ խնդրի վրա, և նա տեղյակ է այդ մասին, քանի որ նա այդ մասին գրառում է կատարել Twitter-ում», – շարունակել է երաժիշտը:
Նա նաև նկատել է, որ լրատվամիջոցներում ամեն օր կարելի է կարդալ Ուկրաինայում պատերազմի մասին, սակայն միևնույն ժամանակ շատերը չգիտեն, թե ինչ է կատարվում Արցախում։
«Մենք՝ որպես միջազգային հանրություն, կեղծավոր ենք, որովհետև չի կարելի մի երկրի հաշվին զոհաբերել մյուսը։ Դա ճիշտ չէ», – նշել է Թանկյանը։
Tert.am