Նոյեմբերի 30-ին IDeA («Հայաստանի զարգացման նախաձեռնություններ») հիմնադրամի հրավերով «UWC Դիլիջան» միջազգային դպրոց այցելեցին Հայաստանում հավատարմագրված դեսպանները եւ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները:
Հյուրերը շրջեցին դպրոցի տարածքում, ծանոթացան շինարարական աշխատանքների ընթացքին, դպրոցի ծրագրերին, ինչպես նաեւ տեղեկացան Դիլիջանի զարգացման ծրագրի շրջանակներում քաղաքում իրականացվող այլ ծրագրերի մասին:
«Դպրոցի հանդեպ հետաքրքրությունը մեծ է թե՛ հայաստանցիների եւ թե՛ օտարերկրացիների կողմից, ուստի որոշեցինք «UWC Դիլիջան»-ը ներկայացնել Հայաստանում աշխատող միջազգային համայնքի անդամներին: Դպրոցն իր առաջին 90 աշակերտներին կընդունի 2014թ. սեպտեմբերին, եւ ընդունելության գործընթացը սկսված է: Բոլոր ցանկացողներին խորհուրդ եմ տալիս դիմել www.am.uwc.org կայքի միջոցով եւ դա անել հնարավորինս շուտ»,- նշեց IDeA հիմնադրամի գործադիր տնօրեն Արտակ Մելքոնյանը :
«Մեծ խանդավառությամբ ենք սպասում Դիլիջանում միջազգային դպրոցի բացմանը», – ասաց ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը: «Կարծում եմ, սա Հայաստանի համար ճիշտ մոդել է` երիտասարդներ ներգրավելու ողջ աշխարհից, ներառյալ նրանց, ովքեր նախկինում Հայաստանի հետ կապեր չեն ունեցել: Շատ կարեւոր է այն փաստը, որ դպրոցը ունենալու է մեծ կրթաթոշակային ֆոնդ: Դա նշանակում է, որ այն չի լինելու դպրոց միայն հարուստ ընտանիքների երեխաների համար` այն բաց կլինի ցանկացած շնորհալի երիտասարդի համար: IDeA հիմնադրամը մեծ ջանքեր է գործադրում գումարներ հայթայթելու ուղղությամբ, որպեսզի ֆինանսական գործոնը ոչ մի երեխայի համար խոչընդոտ չհանդիսանա», – նշել է ԱՄՆ դեսպանը:
«Վերջերս եմ նշանակվել Ռումինիայի դեսպան Հայաստանում, եւ այնպիսի դպրոց ենք փնտրում երեխաներիս համար, որը լավ հիմք կհանդիսանա նրանց ապագա մասնագիտության համար: Անչափ ուրախացանք, երբ տեղեկացանք, որ Դիլիջանում UWC դպրոց է կառուցվում: UWC դպրոցները համաշխարհային ճանաչում ունեն», – ասել է Ռումինիայի նորանշանակ դեսպան Սորին Վասիլեն :
UWC Դիլիջան դպրոցը IDeA հիմնադրամի լայնածավալ բարեգործական նախաձեռնությունն է: Ս.թ. հոկտեմբերին դպրոցը դարձավ Միացյալ համաշխարհային քոլեջներ (United World Colleges-UWC) կրթական ցանցի լիիրավ անդամ եւ ստացավ UWC Դիլիջան անվանումը: Դպրոցը վերջերս ստացել է «IB World School« կարգավիճակ, որը հնարավորություն կտա սաներին իրենց կրթությունը շարունակելու աշխարհի լավագույն համալսարաններում:
Դպրոցն իր դռները կբացի 2014 թ. սեպտեմբերից` 16-ից 18 տարեկան 90 աշակերտների համար: 2023-ին դպրոցում կուսանեն 650 աշակերտներ 60 երկրներից: Շնորհալի աշակերտների մեծամասնությունը դպրոցում սովորելու է անվճար` կրթաթոշակների շնորհիվ: Հայաստանցի շնորհալի երեխաները կազմելու են UWC Դիլիջան դպրոցի աշակերտների 10-12%-ը: