ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը թվիթերյան միկրոբլոգում գրառում է արել Արցախում բնակվող երկու երեխայի՝ 3-ամյա Լեոյի և 6-ամյա Գիտայի մահվան վերաբերյալ՝ ընդգծելով, որ կատարվածն Արցախի շրջափակման հետևանք է:
«Լաչինի միջանցքի 7-ամսյա արգելափակումն ու Լեռնային Ղարաբաղի ամբողջական շրջափակումն անդառնալի և կործանարար ազդեցություն է թողնում մարդկանց կյանքի վրա: Լեռնային Ղարաբաղի բնակիչներ 3-ամյա Լեոյի և 6-ամյա Գիտայի մահը լուրջ մարդասիրական իրավիճակի հետևանք է: 21-րդ դարն է: Սա չպետք է հանդուժվի», – գրել է Միրզոյանը՝ կից հրապարակելով երեխաների լուսանկարներ:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Արցախի Աղաբեկալանջ գյուղում բնակվող 3 տարեկան Լեոյի և 6 տարեկան Գիտայի միայնակ մայրը հուլիսի 7-ին քնած երեխաներին տանը մենակ է թողել՝ 5 կմ քայլելով գնացել մինչև մոտակա Մարտակերտ քաղաք՝ ձեթ, շաքար և այլ մթերքներ ձեռք բերելու։ Արթնանալուն պես երեխաները սկսել են փնտրել մորը։ Համաձայն ճանապարհային տեսախցիկների կադրերի՝ երեխաները հոգնել են և որոշել նստել ճանապարհի մոտ կայանված լքված մեքենան: Նրանք ի վերջո քնել են։ Երեխաները մահացել էին փակ մեքենայում ջերմային հյուծումից։