Ռուսաստանի նախագահ պարոն Վլադիմիր Պուտինի այցի մասին շատ խոսեցինք, ընդ որում` տարբեր տեսանկյուններից: Հնչեցին տարբեր կարծիքներ, մեկնաբանություններ, մասնավորաբար Պուտինի այցի ձեւի, նպատակի, հայտարարությունների վերաբերյալ: Անգամ կարծիք հնչեց, թե «քանի որ Պուտինը Հայաստանում անցկացրած վեց ժամից քիչ ավելի ժամանակում մուգ կարմիր փողկապ էր կրում, ուրեմն նա Հայաստանում իրեն բավականին ինքնավստահ էր զգում, եւ տիրոջ պես»: Իհարկե միջազգային մամուլը եւս անդրադարձավ աշխարհի գերտերություններից մեկի նախագահի այցին մեր երկիր, եւ այդ դրսի հայացքն էլ, հասկանալիորեն, միանշանակ չէր: Օրինակ «Մոսկովսկի կոմսոմոլեցը» գրեց. «Հրաշալի է, որ Ռուսաստանի նախագահին հայերը լավ դիմավորեցին, ոչ ինչպես ուկրաինացիները կդիմավորեին», իսկ ֆրանսիական Figaro-ն, օրինակ, գրեց. «….Հայաստանը վաղուց է դարձել Ռուսաստանի ենթական…»:
Մի խոսքով` կարծիքները` Պուտինի այցի հետ կապված, տարբեր են, եւ սա միանգամայն հասկանալի է: Այդ կարծիքներից մեկն էլ «Չենք սիրում դեկտեմբերի 2-ը» խորագրով հրապարակեցինք «Ազգ»-ի դեկտեմբերի 4-ի համարում: Անչափ ուրախալի է, որ հոդված-կարծիքն արժանացավ արձագանքի: Մեր ընթերցողներից մեկը, որը չի ներկայացելՙ ցավոք, մեկնաբանություն է թողել հոդվածի տակ` գրելով. «Տոնը չստացվեց, որովհետեւ քո նմանները 30 արծաթի դիմաց պատրաստ են ծախել հայրենիքը»: «Քո նմաններ» ասելով մեկնաբանողը նկատի ունի ինձ` որպես հոդված-կարծիքի հեղինակի: Նշենք նաեւ, որ հիշյալ մեկնաբանությունում մենք փոխել ենք երկու բան, «հայրենիք»-ը գրված էր մեծատառով, իսկ ամբողջ մեկնաբանությունը` լատինատառ հայերենով: Հիմա, ինչո՞ւ է տվյալ մեկնաբանության հեղինակը կարծում, որ ես ու «իմ նմանները» ծախում ենք հայրենիքը` նշանակություն չունիՙ քանի արծաթով կամ արծաթո՞վ արդյոք: Որովհետեւ մեր երկրում բազմակարծություն գոյություն չունի, որովհետեւ մեր հայրենիքում նա, ով քեզ պես չի մտածում, ուրեմն դավաճան է, արծաթասեր, հայրենիք ծախելու վարպետ: Իհարկե, կարելի է ընդունել մեկնաբանության հեղինակի կարծիքի տոնայնությունն այն առումով, որ Պուտինը այցը Հայաստան ստացված էր, պատմական էր, կարեւոր էր, աննախադեպ էր, բայց խնդիրն այն է, որ կարելի է ունենալ սրա հակառակ կարծիքը եւս, եւ բարձրաձայնել: Ընդ որում, խնդիրն ամենեւին էլ կոնկրետ չէ ու չի վերաբերում միայն այս դեպքին: Օրինակ, երեկ ԱԺ-ում քվեարկության դրվեց ՀԱԿ խմբակցության հեղինակած օրինագծերից մեկը (կարեւոր չէ անվանումը): Մինչ քվեարկության մեկնարկը խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը վարման կարգի վերաբերյալ իր ունեցած խոսքում, դիմելով Հանրապետական կուսակցությանը, հայտարարեց. «Եթե դուք դեմ քվեարկեք, ուրեմն չեք ցանկանում, որ մեր երկրում կոռուպցիան նվազի եւ նպաստում եք կոռուպցիայի ծաղկմանը»: Հանրապետական խմբակցությունից Գալուստ Սահակյանն արձագանքեց. «Այդ մենք ենք, որ միշտ բարձրաձայնում ենք կոռուպցիոն դեպքերի մասին, ու այդ մենք ունենք հակակոռուպցիոն լուրջ ձեռնարկներ»: Ինչո՞ւ է Լեւոն Զուրաբյանին թվում, որ հենց միայն իրենց առաջարկած օրինագծով է հնարավոր վերջ տալ երկրում կոռուպցիային, եւ բոլոր նրանք, ովքեր դեմ են իրենց օրինագծին, «նպաստում են կոռուպցիայի ծաղկմանը»: Կամ ինչո՞ւ է Գալուստ Սահակյանին թվում, որ միայն իրենք կարող են բարձրաձայնել կոռուպցիոն դեպքերի մասին ու միայն իրենց հակակոռուպցիոն ձեռնարկներն իրավունք ունեն գործելու: Որովհետեւ մեր երկրում բազմակարծություն չկա, ինչն, ի դեպ, ժողովրդավարության անկյունաքարն է, որովհետեւ մեր երկրում կան մարդիկ, ովքեր Եվրոմիություն են ոզում եւ որոնց կարծիքով Մաքսային միություն գնացողները դավաճան են, եւ հակառակը, քանի որ մեր երկրում կան մարդիկ, ովքեր դեմ են «պարտադիր» բաղադրիչին կենսաթոշակային կուտակային համակարգում, եւ որոնց կարծիքով դրան կողմ արտահայտվողները դավաճան են, եւ հակառակը, որովհետեւ մեր հայրենիքում, հայտնի մարդկանց հայտնի ժամանակներից ի վեր ժողովուրդը բաժանված է երկու մասի` մենք ու սրիկաները կամ հակառակը: