2017-ին կանցկացվի հանրաքվե
Մինչեւ Ուկրաինայում ընդդիմությունը բողոքի զանգվածային ելույթներով իշխանություններից պահանջում է ստորագրել Եվրոմիության հետ ասոցիացման համաձայնագիր, բուն Եվրոպայում ոմանք դժգոհ են հենց Եվրոմիության վարած քաղաքականությունից: Եվրոպամետ ուկրաինացիների գլխավոր ակնկալիքներից մեկն այն է, թե փաստաթղթի ստորագրումը ապագայում իրենց հնարավորություն կտա Եվրոպայում տեղաշարժվելու առանց այցագրերի: Սակայն Եվրոմիությունը սկսել է միջոցներ ձեռնարկել արեւելաեվրոպացիների, ասիացիների եւ աֆրիկացիների ներգաղթը սահմանափակելու համար: «Ազգը» դեկտեմբերի 3-ին գրեց, որ արդեն գործում է ԵՄ սահմանային հսկողությունն ուժեղացնող համաեվրոպական Eurosur համակարգը:
Գերմանիայում եւ Ֆրանսիայում ներկայումս քննարկվում են արեւելաեվրոպական երկրներից ներգաղթը սահմանափակելու կոշտ միջոցառումների ծրագրեր: BBC News հեռուստաալիքը հաղորդում է, որ Մեծ Բրիտանիայի իշխանությունները մտածում են ոչ միայն ներգաղթը կրճատելու մասին, այլեւ առհասարակ ուզում են դուրս գալ Եվրոմիության կազմից:
1946 թ. Մեծ Բրիտանիայի վարչապետ Ուինսթոն Չերչիլը շվեյցարական Ցյուրիխ քաղաքում ելույթ ունենալովՙ կոչ էր արել ստեղծել Ամերիկայի Միացյալ Նահանգների նման մի բան: Սակայն, ինչպես հետագայում պարզվեց, նա Բրիտանիան պատկերացնում էր այդ պրոցեսից փոքր-ինչ առանձնացած:
Մեկ ուրիշ բրիտանացի վարչապետՙ Մարգարետ Թետչերը, համաեվրոպական գաղափարն անվանում էր քամելեոն, որտեղ ամեն ոք տեսնում է իր ուզածը: «Երկաթյա Լեդին» զգուշացնում էր, որ չարժե գայթակղվել այդ գաղափարով, քանզի եվրոպամետների դիմակների հետեւում «թաքնված է դատարկություն»:
Ավելի ուշ Թետչերը առհասարակ հայտարարեց, որ Եվրոմիությանն անդամակցելը բրիտանացիների սխալն է: Եվ ահա 2013-ի դեկտեմբերին Համայնքների պալատը քվեարկեց հօգուտ այն առաջարկության, որ 2017 թվականին հանրաքվե անցկացվի ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալու վերաբերյալ: Մեծ Բրիտանիան տվյալ քայլին դիմում էՙ չնայած այն բանին, որ արդեն իսկ առանձնանում է միասնական Եվրոմիությունից, քանզի ունի սեփական արժույթ եւ այցագրային քաղաքականություն:
Դժգոհության ակներեւ պատճառը զանգվածային ներգաղթն է: Եվրոմիության ընդլայնմանը զուգընթաց արեւելաեվրոպական աղքատ երկրներից գաղթականների հոսքեր էին շարժվում դեպի Մեծ Բրիտանիա: Սկզբում գնում էին Լեհաստանից, հետոՙ Էստոնիայից, Լիտվայից եւ Լատվիայից: Մեծ Բրիտանիան հրապուրիչ էր բազմաթիվ արտոնությունների եւ նպաստների շնորհիվ:
Ներկայումս բրիտանացիներն անհանգստությամբ սպասում են ներգաղթի մի նոր ալիքի: Բուլղարիայի եւ Ռումինիայի քաղաքացիները եկող տարի իրավունք կստանան ազատորեն մուտք գործելու այդ երկիր:
Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեւիդ Կեմերոնն առաջարկում է սահմանափակել ներգաղթյալների իրավունքները: Բրյուսելում նրան պատասխանում են, որ դա հակասում է ԵՄ սկզբունքներին: Անգլիացիները դժգոհ են ամենքին խաղի կանոնների թելադրող ԵՄ բյուրոկրատիայից եւ փորձում են ծավալման հաշվին ամրապնդել սեփական դիրքերը:
«Եվրոմիությունը բնույթով ոչ միայն ժողովրդավարական չէ, այլեւ հակաժողովրդավարական կառույց է: Միասնական Եվրոպան ավելի ու ավելի է հիշեցնում Խորհրդային Միությունը, երբ ամեն ինչ որոշում է կենտրոնը: Դրանով չբավարարվելովՙ նրանք հաջողեցնում են իրենց կողմը գրավել ուրիշ երկրների, իրենց ենթարկել վերջիններիս: Իսկ դա արդյոք դո՞ւր է գալիս այդ երկրներում ապրող մարդկանց: Իհարկե ոչ», ասում է Մեծ Բրիտանիայի Անկախ կուսակցության առաջնորդ Նայջել Ֆարաջը:
Նման հայացքները սովորաբար բացատրում եմ բրիտանացիներիՙ որպես «կղզեբնակների» առանձնահատուկ մտածելակերպով: Սակայն երեք տարի առաջ, երբ Հին աշխարհամասում եվրոյի ճգնաժամ սկսվեց, հեռատես բրիտանացիները բացահայտորեն ուրախանում էին, որ պահպանել են իրենց ֆունտ ստեռլինգը: