Ինչպես տեղեկացանք Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, ամբողջությամբ ավարտվել է 2012 թվականի մայիսին սկսված Ուլնեցի եւ Ռուբինյանց փողոցները միմյանց կապող 2,6 կմ ընդհանուր երկարությամբ նոր ավտոճանապարհի շինարարությունը: Ճանապարհի երթեւեկելի մասի լայնությունը 9 մ է, երկու կողմերից հետիոտնային մայթերի լայնությունըՙ 1,5 մ:
Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի այս հատվածում, «Ալմաստ» գործարանին հարող նախկին երկաթգծի կամրջի վերակառուցմամբ ստեղծվել է տրանսպորտային նոր հանգույց: Կամրջի երկարությունը 66 մ է, երթեւեկելի մասի լայնությունըՙ 7,5 մ: Կամրջի երկու կողմերում մեկական մետր լայնությամբ մայթեր են: Կառուցվել են նաեւ նոր ճանապարհը Ռուբինյանց փողոցին կապող, 290 գծմ ընդհանուր երկարությամբ մոտեցման երկու ուղիներ, 230 գծմ ընդհանուր երկարությամբ երկաթբետոնյա միաձույլ հենապատեր, մոնտաժվել են անվտանգության նոր բազրիքներ, բնակչության մոտեցման եւ անցումների համար` նոր աստիճանավանդակներ:
Ճանապարհի ամբողջ երկայնքով կառուցվել է 2210 գծմ կենցաղային կոյուղատար նոր համակարգ, ինչպես նաեւ 2040 գծմ երկարությամբ հեղեղատար նոր կոյուղագիծ, վերատեղադրվել է 680 մ երկարությամբ գազատարը: Ճանապարհային նոր հանգույցն ապահովված է արտաքին լուսավորության նոր ցանցով. տեղադրվել է 172 լուսատուներով 86 հենասյուն:
Ճանապարհը նշագծվել է, տեղադրվել են ճանապարհային երթեւեկության համապատասխան նշաններ: Շինարարության ավարտին ամբողջությամբ մաքրվել եւ բարեկարգվել են ճանապարհի հարակից տարածքները:
Տեղեկացնենք նաեւ, որ ավարտին է մոտենում Լենինգրադյան փողոցն ու Իսակովի պողոտան միմյանց կապող մայրուղին, որը, սակայն, նախատեսված էր ավարտել դեռեւս այս տարվա փետրվարին: