Zham.am-ը գրում է․
Ինչպես գիտեք Հայաստանի նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը հունիսի 4-ին առաջարկ է արել Նիկոլ Փաշինյանին՝ «պայմաններ ստեղծել բանակցային գործընթացում հօգուտ հայկական կողմի կտրուկ շրջադարձի համար»։
Նախ՝ Վարդան Օսկանյանը նշում է, որ Նիկոլ Փաշինյանը ստում է, երբ ասում է, որ «նախկին իշխանություններն են Ղարաբաղը հանձնել Ադրբեջանին», այնուհետև նշում է, որ անձամբ Փաշինյանի սխալ քայլերը հանգեցրել են պատերազմի, ինչի արդյունքում չեղյալ են համարվել բոլոր նախկին պայմանավորվածությունները։ Պայմանավորվածություններ, որոնց հիման վրա հնարավոր էր ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորումը Մադրիդյան սկզբունքների շրջանակներում։
Ինչպես գիտեք, իշխանափոխությունից հետո Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ինքը «բանակցությունները սկսում է իր զրոյական կետից», ինչն իրականում ավարտվեց պատերազմով և 44-օրյա պատերազմից առաջ հայկական կողմի վերահսկողության տակ գտնվող տարածքների 75 տոկոսի կորստով։ Այսօր վաշինգտոնյան հարթակում Փաշինյանը բանակցություններ է վարում Լեռնային Ղարաբաղի լուծարման և նույնիսկ Հայաստանի մի շարք տարածքներ Ադրբեջանին հանձնելու շուրջ։
Օսկանյանը այս ամենը անվանում է «սխալ քաղաքականություն» և կոչ է անում Նիկոլ Փաշինյանին կանգ առնել, փորձառու մարդկանց զիջել գոնե դիվանագիտական ղեկը և առնվազն 3 ամիս լռել բանակցությունների հետ կապված հարցերի մասով։
Օսկանյանի այս առաջարկները մարդկայնորեն հասկանալի են, բայց քաղաքական տեսանկյունից դրանք հեռանկար չունեն, քանի որ ոչ թե Նիկոլ Փաշինյանի սխալներն են հանգեցրել ստեղծված իրավիճակին, այլ սա հետևողական քաղաքականության արդյունք էր, որը վարում էր Նիկոլ Փաշինյանը։
Սա այն «հանգույցային կետն» է, որի մասին Օսկանյանը ամբողջությամբ չի պատկերացնում։ Նշենք, որ այս հրեշավոր քաղաքականության շրջանակներում Արցախի կազմաքանդումը ծրագրի միայն առաջին փուլն է։ Երկրորդ փուլը պետք է լինի Հայաստանի անվտանգության հիմքերի ապամոնտաժումը, որից հետո ճանապարհ կբացվի 21-րդ դարում Հայոց երկրորդ ցեղասպանության իրականացման համար։
Իսկ թե որոնք են Նիկոլ Փաշինյանի այս քաղաքականության իրական պատճառները, հայտնի կդառնա միայն իշխանափոխությունից հետո։ Ակնհայտ է միայն մի բան, որ այս պատճառներով կան շահադիտական հարցեր, ինչպես նաև հայտնի շրջանակների ձեռքում անձամբ Փաշինյանի դեմ կոմպրոմատների գործոնը։
Սա է իրականությունը