Մ. Նահանգների Հետաքննությունների դաշնային բյուրոն (ՀԴԲ) վերստին բացահայտել է, որ «Հակազրպարտչական լիգան» (ՀԶԼ-Anti-Defamatioan League) զբաղվում է լրտեսությամբ: Իրավարար պաշտոնյաներին կաշառելու միջոցով ՀԶԼ-ն անձնական կարեւոր տվյալներ է ձեռք բերում ռասայական խտրականության դեմ ու մարդու իրավունքների պաշտպանության համար պայքարող մեծ թվով կազմակերպություններից:
Խմբագրությանը հասցեագրված հաղորդագրության մեջ նշվում է, որ ժամանակին (հատկապես 1990-ական թվականներին) նման բացահայտումներ եղել են, սակայն միշտ էլ հակազդեցությունները այնքան մեծ են եղել, որ դրանց մասին գործեր չեն հարուցվել կամ հարուցվելուց հետո փակվել են: 1993 թվի դեկտեմբերի 1-ին, օրինակ, Իսրայելի արդարադատության նախարար Դեյվիդ Լիբայը մոտ մեկ ժամ անձնական հանդիպում է ունեցել Մ. Նահանգների գլխավոր դատախազ Ջանեթ Ռենոյի հետ: Լիբայը նրան խնդրել է բարեխոսել նախագահ Քլինթոնի մոտՙ մեղմացնելու հրեա լրտես Ջոնաթան Պոլարի պատիժը: Հանդիպման մանրամասները չեն հրապարակվել, բայց 1994-ի մարտի 22-ին ՀԴԲ-ի լոսանջելեսյան գրասենյակը հաղորդագրություն է հրատարակել, որ փակում է ՀԶԼ-ի դեմ հարուցված լրտեսական մեղադրանքի գործը: Հաղորդագրության մեջ նշված չի եղել, թե ՀԴԲ-ն այդ գործի վերաբերյալ պատշաճ հետաքննություն անցկացրել է, թե ոչ: Այս գործը խորհրդավոր նմանություններ ունի 2005 թվի AIPAC-ի լրտեսական գործի հետ, որտեղ պաշտպանության դեպարտամենտի մի պաշտոնյա եւ AIPAC-ի երկու աշխատակիցներ մեղադրվում էին գաղտնի ռազմական տեղեկության արտահոսքը կազմակերպելու մեջ: Նրանց նպատակն էր ամերիկյան հարձակում հրահրել Իրանի վրա: AIPAC-ը աշխատանքից ազատում է Սթիվն Ռոզենին եւ Քիթ Ուայմենին, որպեսզի փրկի ամբողջ կազմակերպության հեղինակությունը: Այնուհետեւՙ Օբամայի օրոք 2009-ին արդարադատության դեպարտամենտը հարցը չեղյալ է հայտարարում:
Թե ինչպիսի լուծում կստանա ներկա մեղադրանքըՙ ցույց կտա ապագան, եզրակացնում է խմբագրությանը ուղղված հաղորդագրությունը: