«Շարունակում ենք հավատալ, որ հնարավոր է հասնել խաղաղության: Նախկինում ևս հյուրընկալել ենք երկու կողմերին, իսկ պետքարտուղարը մի շարք առիթներով զրուցել է Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հետ: Կարծում ենք, որ այս շաբաթվա հանդիպումները կարևոր են, ու կարևոր է, որ առաջընթաց գրանցվի»,- Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների և Պետքարտուղար Բլինքենրի հանդիպումների մասին ասել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը:
Ինչպես հայտնում է «Ամերիկայի ձայնը», մամուլի ասուլիսի սկզբում Մեթյու Միլլերը դրական է գնահատել Հայաստանի և Ադրբեջանի ջանքերը՝ խաղաղ գործընթացում արդյունավետորեն ներգրավվելու համար: Մենք կշարունակենք օգնել նրանց ամեն կերպ, ինչպես կարող ենք՝ այդ գործընթացը զարգացնելու համար, ասել է նա՝ ընդգծելով՝ այսօր հանդիպումների առաջին օրն է. հանդիպումները կշարունակվեն մինչև հինգշաբթի:
Նա կոչ է արել սպասել մինչև բանակցությունների ավարտը՝ գանահատականներ տալու համար: Հույս է հայտնել, որ Բաքվին և Երևանին կհաջողվի մի կողմ դնել իրենց տարաձայնությունները:
«ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը կարևորում է յուրաքանչյուր կողմի հետ իր ունեցած առանձին հանդիպումները: Նա հանդիպում է ունեցել նրանց հետ անհատապես և եռակողմ ձևաչափով, բայց առաջարկում եմ սպասենք մինչև շաբաթվա վերջ, որպեսզի խոսենք արդյունքների մասին»,- նշել է խոսնակը:
Նշենք, որ վաշինգտոնյան հանդիպումների մասին գրառում էր արել նաև Էնթոնի Բլինքենը. «Մենք աջակցում ենք Հայաստանին և Ադրբեջանին, որոնք համատեղ աշխատում են տևական և արժանապատիվ համաձայնության հասնելու ուղղությամբ։ Երկխոսությունը տևական խաղաղության բանալին է»: