Նախորդ շաբաթ Հաղպատում «Սայաթ-Նովա» փառատոն էր անցկացվում: Կազմակերպիչը ԿԳՄՍ նախարարությունն էր: Ոչնչով աչքի չընկած միջոցառման միակ հիշարժան բանն անձրեւի տակ մնացած մասնակիցներն էին:
Ավանդական երգուպարից անդին, ինչն, ի դեպ, հանդիպում ենք գրեթե բոլոր փառատոններին, երկրի մշակութայն քաղաքականությունն իրականացող գերատեսչությունը փոքր-ինչ հետաքրքրական կամ տարբերվող միջոցառում ստանալու համար ոչինչ չէր արել, ջանք չէր ներդրել:
Բացի Սայաթ-Նովայի երգերից՝ փառատոնին երաժիշտի ու նրա արվեստի մասին որեւէ այլ մատուցում, դրվագային ներկայացում, հետաքրքրական պատումներ չկային: Տպավորություն էր՝ նախարարության ավելորդ գումար է եղել, չեն իմացել՝ ինչպես ծախսել, որոշել են եւս մեկ փառատոն երկնել: Իհարկե, անհույս է հուսալ, թե «մշակույթն իրենց մեջ կրողները» երբեւէ կկարողանան մշակութային միջոցառումներ կազմակերպել, այնուամենայնիվ հիշեցնենք՝ փառատոնը սոսկ միայն ազգային տարազով բեմ դուրս գալը չէ:
ՍԵՎԱԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ