Արաբական Միացյալ Էմիրությունների ազգայինՙ Etihad ավիաընկերությունը երեկ հայտարարել է Աբու-Դաբի-Երեւանՙ շաբաթական չորս չվերթի իրականացման մասին: Դեպի Հայաստանի Հանրապետության մայրաքաղաք չվերթերը կմեկնարկեն 2014թ. հուլիսի 2-ից:
ԱՄԷ գլխավոր փոխադրողը երկու դաս ունեցող A320 ինքնաթիռներ է գործարկելուՙ 16 բիզնես դասի եւ 120 էկոնոմ դասի տեղերով, այսպիսով շաբաթական առաջարկելով 1,088 ուղեւորի փոխադրում:
Etihad ավիաընկերության նախագահ եւ գլխավոր գործադիր տնօրեն Ջեյմս Հոգանը նշել է. «Etihad ավիաընկերությանՙ դեպի Երեւան չվերթերի իրականացումը համահունչ է մերՙ զարգացող եւ արագ աճող շուկաներ ներթափանցելու ռազմավարությանը:
Etihad ավիաուղիները կլինի միակ առեւտրային ավիաընկերությունը Ծոցի երկրներից, որ կտրամադրի իր ծառայությունների ամբողջական փաթեթը դեպի Երեւան:
Բիզնեսի եւ հանգստանալու նպատակով ճանապարհորդել ցանկացողները Հայաստանից դուրս լավ հնարավորություն ունեն իրենց չվերթերը կապելու Աբու-Դաբի հաբի հետ, որտեղից էլՙ տարբեր ուղղություններով, այդ թվումՙ դեպի Հյուսիսային Ամերիկա:
«Նորՙ դեպի Երեւան ուղղությունը կնպաստի տուրիզմի զարգացմանը Հայաստանում, ինչպես նաեւ էլ ավելի կուժեղացնի արդեն կայացածՙ առեւետրային եւ զբոսաշրջային կապերը Հայաստանի եւ ԱՄԷ-ի միջեւ»:
Լինելով Աբու-Դաբիից մոտ երեք ժամ հեռավորության վրաՙ Հայաստանը իդեալական ուղղություն է զբոսաշրջիկների համար, ովքեր հիասքանչ տեսարաններից ու բազում ժամանցի վայրերից բացի փնտրում են հիանալի մշակույթ եւ բազմամյա պատմություն: