Դեկտեմբերի 20-ին, ժամը 12-ն անց 20 րոպեին Կարելիայի Սեգեժա քաղաքում գտնվող գաղութի տարածքից դուրս է եկել «Յուկոս» ընկերության նախկին ղեկավար Միխայիլ Խոդորկովսկին: Այդ մասին «Ինտերֆաքս» գործակալության թղթակցին հայտնել են Կարելիայի ուժային կառույցներում:
Նույն օրը առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել էր «Յուկոսի» նախկին ղեկավարին ներում շնորհելու հրամանագիր: Փաստաթուղթն ուժի մեջ էր մտել ստորագրման պահից:
«Ղեկավարվելով մարդասիրության սկզբունքներովՙ որոշում եմ ներում շնորհել 1963 թ. Մոսկվա քաղաքում ծնված Միխայիլ Բորիսովիչ Խոդորկովսկուն` նրան ազատելով պատժի հետագա ժամկետից», ասվում է հրամանագրում:
Դեկտեմբերի 19-ին Պուտինը հայտարարել էր, որ Խոդորկովսկին դիմել է ներման խնդրագրով, որը կբավարարվի:
Նախկին օլիգարխ Միխայիլ Խոդորկովսկին ձերբակալվել էր 2003 թվականին: 2005-ի մայիսին դատարանը նրան 9 տարվա ազատազրկման էր դատապարտել խարդախության եւ հարկ չվճարելու մեղադրանքներով: Հետագայում պատժաժամկետն իջեցվել էր 8 տարվա: 2010-ի դեկտեմբերին երկրորդ գործի շրջանակներում «Յուկոսի» նախկին ղեկավարին 14 տարվա ազատազրկման էին դատապարտել նավթի հափշտակման եւ դրա վաճառքի հասույթի օրինականացման համար: Մեկուկես տարի անց ժամկետն իջեցվել էր 13 տարվա, կես տարի անցՙ եւս 2 ամսով: Ամենավերջին դատավճռի համաձայն, Խոդորկովսկին պետք է ազատ արձակվեր 2014-ի օգոստոսին: