Ադրբեջանական կողմը դրական է պատասխանել դելիմիտացիայի հանձնաժողովների հանդիպման մասին մեր առաջարկին։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում տեղեկացրեց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։
Գրիգորյանը, սակայն, հայտնեց, որ դեռ չեն հստակեցրել հանդիպման օրն ու ժամը։ Փոխվարչապետի խոսքով՝ հանդիպումը մոտ օրերս տեղի կունենա․ և կքննարկվեն սահմանազատման հետ կապված հարցեր։
Հարցին, թե Հայաստանի տարածքով երթուղիները վերահսկվելո՞ւ են Հայաստանի օրենսդրությամբ, փոխվարչապետն արձագանքեց․ «Դա միանշանակ է»։
Անդրադառնալով ապաշրջափակմանը և նոյոմբերի 9-ի հայտարարությանը, որ ապաշրջափակված հատվածներում Ռուսաստանի սահմանապահ զորքերն են ծառայություն իրականացնելու, Գրիգորյանն ասաց․ «Գործառույթի իրականացման մասով դեռևս քննարկում տեղի կունենա»։
«Մի կարևոր կոնսենսուս կա առ այն, որ ապաշրջափակման գործընթացն սկսվում է Երասխ-Հորադիզ երկաթգծի վերաշահագործումից, ինչը, կարծում եմ, կարևոր է, որովհետև կոնկրետ է և հասկանալի, թե ինչի մասին է խոսակցությունը, խոսակցությունը երկաթգծի մասին է։ Կարծում եմ՝ կա վերջնական ընկալում, որ կարգավորումները պետք է լինեն այն երկրների իրավազորության և ինքնիշխանության ներքո, որոնց տարածքով երկաթգիծն անցնում է։ Մյուս հարցերի շուրջ դետալներ չեմ հայտնի, որովհետև դեռևս վերջնական կոնսենսուս չկա։ Մեր հարթակի բոլոր մասնակիցները՝ եռակողմ աշխատանքի մասնակիցները, բոլորը կիսում են այդ ընկալումը», – նշեց Գրիգորյանը։





