Փաստաբանները բողոքի ակցիա են իրականացրել Գլխավոր դատախազության դիմաց։ Նրանք պահանջում են, որ Աննա Վարդապետյանը հետևողական լինի ու փաստաբանին ոստիկանների կողմից ծեծի ենթարկելու արդեն 3-րդ դեպքին մատների արանքով չնայի։
Մի քանի ամիս առաջ ոստիկանները Մարզպետ Ավագյանի ու Էմանուել Անանյանի նկատմամբ ևս բռնություն էին իրականացրել։ Դեպքը ևս «սպրդել է» դատախազության ուշադրությունից։
Մի խումբ փաստաբաններ այսօր Գլխավոր դատախազություն էին բերել կարմիր ժապավենով փաթեթավորած հեռուստացույց։
«Սա Աննա Վարդապետյանին ենք նվիրում։ Այս հեռուստացույցը Հ1-ից բացի, այլ ալիքներ էլ է բռնում։ Թող նայի, տեսնի, թե ինչ է կատարվում իրականում, ինչպես են փաստաբաններին ծեծի ենթարկում, այլապես մենք նախորդ դեպքի առնչությամբ հարցրել էինք՝ դատախազը տեղյա՞կ է, որ Մարզպետ Ավագյանին ու Էմանուել Անանյանին ծեծել են, նա պատասխանել էր, որ տեղյակ չէ»,-ասացին փաստաբանները։