Աբխազիայի խորհրդարանը ոչ լողափնյա հատվածներում լողազգեստով շրջողների նկատմամբ անողոք պայքար է սկսում: Հանրային վայրերում լողազգեստ հագնողներն այսուհետ 6 հազար ռուբլի տուգանք կվճարեն՝ նախկին 300-ի փոխարեն:
ТАСС գործակալության փոխանցմամբ՝ օրենքն ուժի մեջ կմտնի այս տարվա օգոստոսի 1-ից: Ըստ նոր սահմանափակումների՝ լողազգեստ հագնելն արգելված կլինի փողոցում, մարզադաշտում, պուրակում, այգում, հասարակական տրանսպորտում ու հանրային նշանակության բոլոր այն վայրերում, որ որեւէ աղերս չունեն լողափի հետ:
Աբխազիայի խորհրդարանի պատգամավոր Դաութ Խութաբան իրենց երկիր այցելող զբոսաշրջիկներին հորդորել է՝ բաց հագնելուց առաջ հարգել երկրի մշակույթն ու կենցաղը:
«Նման տեսքով հասարակության մեջ դուրս գալը ոչ միայն ավագ սերնդին, այլեւ երիտասարդությանն է զարմացնում ու զայրացնում, քանի որ դա մեզ մոտ ընդունված չէ»,- նշել է պատգամավորը:
Ս.Վ.