Ադրբեջանա-իսրայելական լոբբիզմի հակաիրանական ու հակահայկական դրսեւորումները կաշառատվության համատեքստում
Իրանա-ադրբեջանական հարաբերություններն այսօր սերտորեն առնչվում են մի կողմից՝ հայկական, մյուս կողմից էլ՝ թուրք-իսրայելական գործոնների հետ:
Իրանն իր հարեւան պետությունների հետ ունի բազմաթիվ սահմանային խնդիրներ, որոնց կարգավորման ուղղությամբ հետեւողական քայլեր է ձեռնարկում: Ուստի, Թեհրանը շահագրգռված չէ, հանձին Ադրբեջանի, իր սահմաններում լարվածության նոր օջախի ականատեսը դառնալ: Բաքուն էլ, հաշվի առնելով Իրանի հետ ռազմական բախման անկանխատեսելի հետեւանքները, պատրաստ չէ ամեն գնով արկածախնդրության գնալ: Հետեւաբար, ռազմական բախումից խուսափելու համար, հակամարտող կողմերն այսօր գործի են դնում իրենց բոլոր հնարավորությունները, փորձելով, սակայն, սեփական ներգրավվածությունն ապահովել ետնաբեմում ընթացող քարոզչական պատերազմում, որի տարբեր ճամբարներում դիրքավորված պետություններից յուրաքանրչյուրն իր շահն է հետապնդում:
Այս օրերին նոր թափ է ստացել Թեհրանին ուղղված Բաքվի ոչ բարեկամական հռետորաբանությունը եւ, բնականաբար, դրան հետեւած՝ Թեհրանի համարժեք արձագանքը:
Խոսքն այն մասին է, որ հունիսի 3-ին Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարությամբ էր հանդես եկել՝ կոչ անելով իր քաղաքացիներին առանց հրատապ անհրաժեշտության չայցելել Իրան, իսկ այդ երկիր մուտք գործողներին խորհուրդ էր տրվել զգոն լինել: Դրան ի պատասխան, ԻԻՀ ԱԳՆ խոսնակ Նասեր Քանանին իր թվիթերյան էջում համոզմունք էր հայտնել, որ Իսրայելի նախագահ Իցհակ Հերցոգի վերջերս Բաքու կատարած այցելությունն է իր ազդեցությունը թողել Իրանի նկատմամբ Ադրբեջանի վարած ոչ բարեկամական քաղաքականության վրա:
Ադրբեջանի ու Իսրայելի մերձեցմանը նպաստող գործոնները
Իսրայելի հետ հարաբերութունները սերտացնելով՝ Ադրբեջանը ոչ միայն հարստացնում է իր զինանոցն ու ընդլայնում դաշնակիցների շրջանակը, այլ փորձում է նաեւ հրեական լոբբիի միջոցով հակադրվել հայկական լոբբիին:
1999 թվականին, դեռեւս «գահաժառանգի» կարգավիճակով Վաշինգտոն այցելած Իլհամ Ալիեւը խոսել էր ԱՄՆ-ի հայկական լոբբիին հակակշռող հրեական լոբբիի ակտիվ գործունեության մասին, գոհունակությամբ նշելով, որ հանձին հրեական լոբբիի, Ադրբեջանն ԱՄՆ-ում ունի իր սեփականը: Նա իրավացիորեն համոզմունք էր հայտնել, որ հրեական լոբբին հայկականից ավելի զորեղ է:
Ակնհայտ է նաեւ Ադրբեջանին մերձենալու Իսրայելի շարժառիթները: Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ պաղեստինյան հարցը հրեական լոբբիի գործունեության ոլորտի հիմնական բաղկացուցիչը չէ, եւ այն առավելապես հակաիրանական ուղղվածություն ունի, որն էլ հանդիսանում է Ադրբեջանի ու Իսրայելի համագործակցության առանցքը:
Իրանի ու Ադրբեջանի միջեւ վերջին շրջանի լարվածության մեջ ազերիա-հրեական լոբբիզմի ազդեցությունն ակնհայտ է: Հատկապես վերջին տարիներին ազերիա-հրեական լոբբիստական խմբերը միեւնույն նպատակի շուրջ համախմբվելով, աշխատանքներ են տանում հայկական ու հունական լոբբիների դեմ:
Հրեական լոբբիի նկատմամբ հայկականի նվազ ակտիվ լինելու պատճառներից է այն իրողությունը, որ ԱՄՆ-ի դաշնակից Իսրայելի հետ հարաբերությունները սերտացնելու համար, Բաքուն օգտագործել է նաեւ ԱՄՆ-ի մեկ այլ դաշնակցի՝ Թուրքիայի հետ իր հարաբերությունները: Իսկ հայ-իրանական ու հայ-ռուսական հարաբերությունների նկատմամբ Արեւմուտքի վերապահ ու երկբայական վերաբերմունքը բոլորին է հայտնի: Մյուս կողմից, ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի հետ Բաքու-Թել Ավիվ հարաբերությունները Բաքվի համար մշտապես շահեկան են եղել: Օրինակ, Իսրայելի հետ հարաբերությունների զարգացումը Բաքվին հնարավորություն է տվել ժամանակակից զենք ու զինաթերք ձեռք բերել Իսրայելից: Հայկական լոբբիի ջանքների շնորհիվ էլ ԱՄՆ-ը ու Եվրոպական երկրները Ադրբեջանին զենք չեն վաճառում: Այդ պատաճառով էլ Բաքվի զենքի մատակարարման հիմնական աղբյուրները, ՌԴ-ից բացի, Թուրքիան, Իսրայելն ու Պակիստանն են:
Իսրայելական «ՀԱԱՐԵՑ» թերթի կատարած հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ 2016 թվականից սկսած ադրբեջանական ԻԼ-76 օդանավերը առնվազն 92 անգամ վայրէջք են կատարել Իսրայելի «Օվադա» օդանավակայանում, որի մասին շաբաթներ առաջ թարգմանաբար գրել էր «Ազգ»ը:
Ազերիական լոբբի
Բաքուն վերջին տարիներին Արեւմուտքում իր սեփական լոբբիի ակտիվացման ուղղությամբ գործնական քայլեր է ձեռնարկում, այդ նպատակին տրամադրելով ահռելի դրամական միջոցներ: Ազերիական լոբբին իր նախատեսած ծրագրերն իրականացնելու համար ունի հետեւյալ նախադրյալները՝
* Եվրոպային էներգակիրերի մատակարարման հարցում Ադրբեջանի կարեւոր դերակատարությունը,
* Մեծամասնությամբ մուսուլմաններով բնակեցված, սակայն կառավարման աշխարհիկ համակարգն ընտրած Ադրբեջանի իմիջը,
* Արեւմուտքի պատկերացմամբ՝ տարբեր կրոնների նեկայացուցիչների խաղաղ գոյակցության համար Արբեջանում առկա բարենպաստ պայմանները (խոսքն, անշուշտ, վերաբերում է միայն ադրբեջանաբնակ հրեաներին)
* Ժողովրդավարական ավանդույթներից զուրկ Ադրբեջանի ժողովրդավարեցման հետագա գործընթացքին նպաստելու միջազգային հանրության շահագրգռվածությունը:
Հայտնի է, որ տարիներ շարունակ «խավիարային դիվանագիտությունն» ու թանկարժեք նվերների մատուցումն օգտագործվել է ազերիական լոբբիզմը սնուցանելու համար: Խորհրդային տարիներին բարձրաստիճան պաշտոնյաներին ադրբեջանական խավիար նվիրաբերելու ավանդույթը հայտնի է բոլորին:
2017 թվականին անգլիական «Գարդիան» պարբերականը հանդես է եկել մի հրապարակմամբ, որտեղ խոսվում է լոբբիստական աշխատանքներին, ինչպես նաեւ աշխարհի տարբեր գիտակրթական հաստատություններին շահագրգռելու համար Բաքվի կողմից շուրջ 3 միլիարդ դոլարի հասնող բյուջետային հատկացումների մասին: Ադրբեջանական ընկերությունների հետ փոխկապակցված անգլիական բանկերի հաշվին փոխանցվող այդ գումարները ծախսվել են Գերմանիայում, Մեծ Բրիտանիայում, Ֆրանսիայում, Իրանում, Թուրքիայում եւ Ղազախստանում: Հրապարակման համաձայն, միայն 2012-2014 թվականներին Բաքվից գումարային փոխանցումների քանակը կազմել է շուրջ 16 հազար անգամ: Փոխանցումներից մեկի հասցեատերը CNN-ի նախկին պրոդուսեր Eckart Sager-ն էր, որը Ադրբեջանի հետ փոխկապակցված բանկից ստացել է 2 մլն ԱՄՆ դոլար:
Մեկ այլ փոխանցում էլ կապված է Գերմանիայի Բունդեսթագի նախկին պատգամավոր Էդուարդ Լինցի անվան հետ, որը Գերմանիա-Ադրբեջան հարաբերությունները համակարգող կազմակերպություն հիմնադրելու համար Բաքվից ստացել էր 819,500 եվրո գումար:
2021 թվականին Իտալիայի խորհրդարանի նախկին պատգամավոր եւ Եվրախորհրդարանի նախկին անդամ Լուկա Վոլոնտեն կոռուպցիայի համար դատապարտվել է 4 տարվա ազատազրկման: Իտալական «La Republica» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ դատարանը ճանաչել է, որ Վոլոնտեն չարաշահել է պաշտոնեական դիրքը՝ ադրբեջանցի երկու քաղաքական գործիչներից ստանալով կես միլիոն եվրո:
Վոլոնտեին պարգեւատրել են դեռեւս 2013-ին Ադրբեջանում քաղբանտարկյալների վերաբերյալ ԵԽԽՎ-ի զեկույցի ընդունումը ձախողելու համար: Հետաքննություն անցկացնող կենտրոնի ներկայացրած վարկածի համաձայն՝ դրա դիմաց նրան խոստացել են 10 մլն եվրո, որից նա կարողացել էր ստանալ ընդամենը 2.4 մլն եվրո:
Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի նախագահ Կալին Միտրեւը Բաքվի օգտին կատարած լոբբիստական աշխատանքների դիմաց առնվազն մեկ անգամ 425 հազար եվրո կաշառք է ստացել: Ուշագրավն այն է, որ վերջինիս տիկինը՝ Իրինա Բուկովան տվյալ ժամանակահատվածում ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավարն էր, եւ Ալիեւի տիկնոջը՝ Մեհրիբան Ալիեւային է հանձնել այդ կազմակերպության ամենապատվավոր շքանշաններից մեկը՝ Մոցարտի անվան շքանշանը, եւ վերջինիս հասցեին գովեստի խոսքեր շռայլելիս՝ Ադրբեջանն անվանել է «հանդուրժողականության երկիր»:
Ազերիական լոբբին, որի սնուցումը կատարվում է Ադրբեջանի կառավարության կողմից, իր դաշնակից երկրների լոբբիստական կազմակերպությունների օժանդակությամբ շարունակում է ընդլայնել իր ցանցն ու ակտիվացնել աշխատանքները: Որքանո՞վ են համարժեք այդ ուղղությամբ կատարվող Հայաստանի կառավարության ջանքերը:
ԳՐԻԳՈՐ ԱՌԱՔԵԼՅԱՆ
Իրանագետ