Փաստորեն Հայաստանում բարձրագույն դատարանը կարող է որոշում կայացնել, իսկ ժամեր անց, մի շարք իշխանական քաղաքական գործիչների եւ փաստաբանների մեկնաբանությունների արդյունքում պարզվի, որ այդ որոշումը բացառապես այլ բան էր ենթադրում: Չորեքշաբթի շուրջ 64 էջ կարդալուց հետո ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը հայտարարեց, որ կառավարության առաջարկած պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի մի շարք դրույթներ համարվում են հակասահմանադրական: Սա նշանակում է, որ օրենքը չի կարող գործել հենց վճռի կայացման պահից: Նորմալ երկրներում սա կբերեր օրենքի հեղինակների եւ կառավարության հրաժարականին, Հայաստանում հակառակը եղավ. ավելի ուշ արդեն պարզ դարձավ, որ թեպետ օրենքի մի շարք դրույթներ հակասահմանադրական են, սակայն այն շարունակելու է գործել մինչեւ սեպտեմբերի 30-ը եւ քաղաքացիներին պարտադրելու են աշխատավարձերից պետությանը վճարել առնվազն 5 տոկոսը: Սա մոտավորապես նման է նրան, որ մարդուն հայտարարեն, թե նա հանցանք չի գործել եւ ազատ է, բայց ստիպված է եւս 6 ամիս շարունակել մնալ կալանավայրում: Հետաքրքրականն այն է, որ նույն որոշման մեջ Սահմանադրական դատարանը պահանջում է նաեւ վերահաշվարկ կատարել, սակայն որպես այդպիսին, կիրառման մեխանիզմները չի ներկայացնում: ՍԴ-ի որոշումները տարաբնույթ մեկնաբանությունների առարկա են դարձել, հետեւաբար այս պահին լավ կլիներ Հայաստանի բարձր դատարանը հանդես գար հայտարարությամբ եւ պարզաբանումներ տարՙ հաշվի առնելով երկու կարեւոր հանգամանք. որպեսզի տարիներ առաջ հայ-թուրքական արձանագրությունները սահմանադրական հայտարարելուց հետո ընդհանրապես չկորցնի իր դերակատարությունն ու վստահության այն փոքրիկ նշույլը, որ առկա է, եւ հաշվի առնի երկրի նախագահի այն խոսքը, թե կուտակային կենսաթոշակի օրենքի ներդրմանը դեմ է երկրի քաղաքացիների 80 տոկոսը (նախագահը նման հայտարարությամբ հանդես է եկել այս տարի փետրվարին ԵԿՄ 10-րդ համագումարի ժամանակ- Հ.Հ.):
Ինչեւէ, Սահմանադրական դատարանի կայացրած որոշումից եւ կարճ տեւած հաղթանակից հետո «Դեմ եմ» քաղաքացիական նախաձեռնությունը, ում շուրջ համախմբվել են մի քանի տասնյակ հազար երիտասարդներ (միայն Facebook-յան էջում կուտակայինին դեմ է արտահայտվել ավելի քան 47.000 երիտասարդ) հայտարարեցին, որ շարունակելու են պայքարը հանուն քաղաքացիների իրավունքի հաղթանակի եւ ապրիլի 12-ին Ազատության հրապարակում կայանալիք հանրահավաքի ժամանակ հանդես կգան հետագա քայլերի վերաբերյալ հայտարարությամբ:
«Դեմ եմ»-ի նախադեպը լավագույն օրինակն է հայտարարելու, որ Հայաստանում ոչ միայն կայացել է քաղաքացիական հասարակությունը, այլեւ տարբեր մեխանիզմներով կարողանում է իր ազդեցությունն ունենալ կառավարման համակարգում: Եթե հիշենք, նախորդ տարվա նոյեմբերից սկսված շարժմանը որեւէ մեկը լուրջ չէր վերաբերվում: Ավելի ուշ, երբ պայքարը թեժացավ եւ Դեմ եմ-ի կողմնակիցները թիվն աճեց, արդեն ՀՀԿ-ական պատգամավորներն էին համաձայնվում հարցը քննարկել ակտիվիստների հետ, իսկ ավելի ուշ անգամ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտարարեց, որ պատրաստ է օրենքի դեմ բողոքողների հետ նստել բանակցությունների, քանի որ չի բացառում, որ օրենքն իր մեջ պարունակում է որոշ բացթողումներ ու ճեղքեր: Ստացվում է, որ կառավարությունը ցանկանում էր, որ առանց այն էլ մի կերպ իր աշխատավարձով գոյատեւող քաղաքացին 40 տարի շարունակ կուտակումներ կատարի մի օրենքի շրջանակներում, որտեղ կան բացթողումներ: Այստեղ կրկին կարիք կա հիշելու նորմալ երկրների փորձն ու զարգացման տրամաբանությունը:
Սահմանադրական դատարանից հետո էլ երկրի շահերով մտահոգ քաղաքացիները հայտարարեցին, թե չեն հանձնվելու եւ պայքարելու են հանուն հաղթանակի: Պարտադիրի վերաբերյալ օրենսդիրի եւ գործադիրի ներկայացրած բոլոր տեսակետերն ու դիրքորոշումները չեն դիմանում քննադատությանը: Հակափաստարկներն ու միմյանց հակասող դրույթներն այնքան շատ են, որ անգամ Սահմանադրական դատարանում օրենքի նախահայրերից մեկըՙ Հակոբ Հակոբյանը խառնվեց իրար եւ ոչ թե օրենքն էր ներկայացնում, այլ բարեփոխումների անհրաժեշտությունը: Վերջում պարզվեց, որ իրենց ներկայացրած օրենքն ու բարեփոխումները միմյանց հետո որեւէ առնչություն չունեն:
Հետաքրքրական է, որ պարտադիր կուտակայինի առնչությամբ հիմնականում բոցաշունչ ելույթներ են ունենում հատկապես նրանք, ովքեր վաղուց 40 տարեկան չեն եւ 40 տարի շարունակ չեն վճարելու գումար մի իշխանության, ում, մեղմ ասած, չեն վստահում: Այս պարագայում ինչպես ժողովրդական առածն է ասում. «Ձայները տաք տեղից են գալիս», իսկ հարցինՙ «Իսկ դուք պատրա՞ստ եք 40 տարի շարունակ պարտքով գումար տալ մեկին ում չեք վստահում»,- ծիծաղում են ու ընդամենը բացականչում «դեեեե»:
Այս առնչությամբ շատ հետաքրքրական է նաեւ կառավարության տեսակետը: Ամիսներ շարունակ գործադիրը հարմար առիթ էր փնտրում հայտարարելու, որ համակարգից օգտվում է շուրջ 5000 քաղաքացի: Հետաքրքրականն այստեղ այն է, որ կառավարությունը չի շեշտում, թե քանի հարյուր հազար քաղաքացիներից է ընդամենը 5000-ը ընտրել ֆոնդեր: Այս առնչությամբ հետաքրքրական է նաեւ այն, որ մինչ այդ տարիներ շարունակ գործող կամավոր սկզբունքին որեւէ մեկը չէր միացել, անգամ ՀՀԿ-ի երիտասարդ պատգամավորներ, ովքեր երբեմն տառապելով դեմագոգիայովՙ տեղի-անտեղի հայտարարում են, որ արտագաղթը նվազում է, աղքատության տեմպերը մեղմվում եւ այլն (մինչդեռ ազգային վիճակագրական ծառայության ցուցանիշները հակառակն են փաստում- Հ. Հ.): Իրականում այս պահին կառավարությունը հրաշալի հնարավորություն ունի ապացուցելու, որ կողմ է դեմոկրատական արժեքներին, իրավական պետության կայացմանը եւ չի կիրառի մի օրենք, որը հակասում է Սահմանադրությանը: Օրենքի կիրառումը թեկուզ 6 ամիս ժամկետով կապացուցի քաղաքացիների այն մտահոգությունը, որ իրապես պետության բյուջեն այնքան դատարկ է, որ անհրաժեշտություն է առաջանում արդեն քաղաքացիների աշխատավարձերից 5 տոկոս գանձել:
Դեմքն ու վարկանիշը փրկելու առնչությամբ կառավարությունն ու Սահմանադրական դատարանը լուրջ գործ ունեն կատարելու: