ԱՆԻ ԳԱԼՍՏՅԱՆ
Դորտմունդի «Բորուսիան» դուրս եկավ Գերմանիայի գավաթի եզրափակիչ:
Ապրիլի 15-ին Դորտմունդի «Սիգնալ Իդունա Պարկ» մարզադաշտում Գերմանիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչում «Բորուսիան» ընդունել էր «Վոլֆսբուրգին»:
Դորտմունդցիների մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս եկած Հենրիխ Մխիթարյանը սկիզբ դրեց «Բորուսիայի» հաղթանակին: Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպանը 12-րդ րոպեին բացեց խաղի հաշիվը (1:0): Հենրիխը փոխարինվեց 72-րդ րոպեին: Նա այդ խաղում լավագույններից էր:
Ընդմիջումից առաջ Ռոբերտ Լեւանդովսկին կրնապատկեց հաշվի տարբերությունը (2:0): Գոլը հոբելյանական էր լեհ հարձակվողի համար: Լեւանդովսկին 100-րդ անգամ գոլի հեղինակ դարձավ «Բորուսիայի» կազմում:
Գերմանիայի գավաթի եզրափակիչում տիտղոսը կվիճարկեն «Բորուսիան» եւ «Բավարիան»: Կիսաեզրափակիչի երկրորդ ուղեգիրը նվաճեցին մյունխենցիները: «Բավարիան» 5:1 հաշվով հաղթանակ տարավ «Կայզերսլաուտերնի» նկատմամբ:
Օրեր առաջ Բունդեսլիգայի 30-րդ տուրում Մյունխենի «Ալիանս արենայում» դորտմունդցիները երեք անպատասխան գնդակ ուղարկեցին «Բավարիայի» դարպասը: Այս դիմակայությունում եւս հայ լեգեոները աչքի ընկավ: Մխիթարյանը 20-րդ րոպեին բացեց խաղի հաշիվը եւ խաղաց առանց փոխարինման:
Չնայած պարտությանը, «Բավարիան» շարունակում է միանձնյա գլխավորել մրցաշարային աղյուսակը (78), «Բորուսիան» 61 միավորով երկրորդն է:
Նշենք, որ Գերմանիայի գավաթի եզրափակիչը կայանալու է մայիսի 17-ին: