ՀՀԿ գործադիր մարմնի երեկվա նիստում բավական երկար քննարկումներ էին, ենթադրաբար` կառավարության ապագա կազմի վերաբերյալ, սակայն ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը որեւէ առարկայական արդյունքի մասին նիստից հետո հայտարարություն չարեց: Նա միայն նշեց, որ մինչեւ մայիսի 3-ը ժամանակ կա: Իսկ Ազգային ժողովի նախագահի թեկնածության շուրջ անգամ քննարկումներ չեն սկսվել: Մամուլում ԱԺ նախագահի թեկնածուի համար շրջանառվող Կարեն Կարապետյանի, Գալուստ Սահակյանի անունների կողքին նաեւ Է. Շարմազանովի անունն էլ է շոշափվել, ինչպե՞ս է վերաբերում դրան.«Ազգի» այս հարցին ի պատասխան` ՀՀԿ մամուլի խոսնակը եւ ԱԺ նախագահի այժմյան պաշտոնակատարը նշեց, որ ինքը շատ լավ է զգում ԱԺ նախագահի տեղակալի պաշտոնում, դա բավականին մեծ վստահություն է, որին արժանացրել է նրան քաղաքական մեծամասնությունը: ՕԵԿ-ի կոալիցիայից դուրս գալու մասին էլ ասաց, թե հարգանքով է վերաբերվում այդ քաղաքական ուժի որոշմանը, իսկ թե ընդդիմադի՞ր է արդյոք ՕԵԿ-ը, այս հարցին նա դասական քաղաքագիտական պատասխան տվեց` ով իշխանություն չէ` ընդդիմություն է: