Բաքվի մամուլը տառացիորեն հեղեղված է «Ադրբեջանի դեմ լրտեսության» թեմայով: Haqqin.az-ը ծավալուն անդրադարձել է Channel 4 հեռուստաընկերության աշխատակից Գրեգ Փալաստի հեղինակած հաղորդմանը, որը նվիրված է ԱՄՆ ԿՀՎ եւ բրիտանական ՄԻ-6 հետախուզական կառույցների ու British Petroleum նավթային ընկերության կողմից «աշխարհի ամենատարբեր անկյուններում ոչ ցանկալի կառավարությունների տապալման ուղղությամբ անցկացրած հատուկ գործողությունների բացահայտմանը»:
Ըստ ադրբեջանական լրատվամիջոցի, Գրեգ Փալաստն անդադարձել է նաեւ Ադրբեջանում «համաժողովրդական ընտրված նախագահ Աբուլֆազ Էլչիբեյի տապալմանը»: Բրիտանացի լրագրողի համար սկզբնաղբյուր է հանդիսացել BP-ի նախկին փոխնախագահ Լսելի Աբրահամսը, որ նույնիսկ մի լուսանկար է տրամադրել, որտեղ ինքը պատկերված է «Կալաշնիկովը» ձեռքին` Բաքվում BP-ի գրասենյակի մուտքի մոտ: Աբրահամսի մատուցմամբ, Էլչիբեյի նախագահ ընտրվելուց հետո Բաքվում bp-ի նախագահ լորդ Բրաունը եւ նախկին վարչապետ Թետչերը բանակցություններ են վարել Էլչիբեյի հետ` «Ադրբեջանի նավթային պաշարները շահագործելու համար bp-ին առանձնաշնորհ տրամադրելու հարցով»:
Աբրահամսը վկայել է, որ բրիտանացի հյուրերի պատվին տրված ճաշկերույթին լորդ Բրաունը ներկայացել է ձեռնապայուսակով, որտեղ «փաստաթղթեր էին եւ 30 մլն.դոլարի չեք»: Ճաշկերույթի ավարտին «ձեռնապայուսակը փոխանցվել է նախագահ Էլչիբեյին»: Բայց բրիտանացիները «շուտով հասկացան, որ Էլչիբեյը չի համապատասխանում իրենց պահանջին»: Եւ գործին «խառնվում են ԱՄՆ ԿՀՎ-ն, բրիտանական ՄԻ-6-ը, որոնք էլ 1993թ.-ին նախապատրաստել եւ իրականացրել են այն խռովությունը, որը հանգեցրեց Էլչիբեյի տապալմանը»:
Էլչիբեյի տապալումից հետո իշխանության գալով` ընդամենը 4 ամիս անց Հեյդար Ալիեւը bp-ի հետ կնքում է Կասպից ծովում «խոշոր նավթահանքի շահագործման պայմանագիր»: Աբրահամսը պատմել է, որ լորդ Բրաունի հանձնարարությամբ հատուկ ինքնաթիռ է վարձակալել եւ Լոնդոն ուղեկցել «ադրբեջանցի պաշտոնյաների, որոնց համար կազմակերպվել է ճոխ ընդունելություն»: Աբրահամսի վկայությամբ` ինքն անձամբ ընդհանուր հաշվով «3 մլն. դոլար է բաժանել այդ պաշտոնյաներին»:
Բրիտանացի լրագրողը նաեւ պատմել է, որ Ադրբեջանին անդրադարձել է պատահաբար. նա հետաքննություն էր անցկացնում Մեքսիակայում նավթահորի հրդեհի պատճառներն ուսումնասիրելու թեմայով, երբ նույնպիսի աղետ տեղի է ունենում նաեւ Կասպից ծովում` դարձյալ bp-ին պատկանող հանքում: Նա, սակայն, Ադրբեջանում բախվել է դժվարությունների: «Ցավոք, երբ մեզ արտաքսեցին Ադրբեջանից, իմ հավաքած բոլոր փաստերը կորան»,- եզրափակել է Գրեգ Փալաստը:
Փաստացիՙ բրիտանացի լրագրողն ադրբեջանական ներկա իշխանություններին մեղադրել է կոռուպցիայի մեջ: Հարկ է նկատի ունենալ, որ bp-ի հետ «դարի պայմանագիր» ստորագրելուց անմիջապես հետո Հեյդար Ալիեւը մինչ այդ Ստամբուլում «անհատական ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող» որդուն` Իլհամին, վերադարձրել է Բաքու եւ նշանակել պետական նավթային ընկերության փոխտնօրեն: Հետեւաբար, Լոնդոնում ճոխ ընդունելության արժանացած պետական պաշտոնյաների մեջ է եղել նաեւ Ադրբեջանի ներկայիս նախագահը:
Կան տեղեկություններ, որ «դարի պայմանագրի» գինը Լոնդոնի կենտրոնական թաղամասերից մեկում Հեյդար Ալիեւի համար գնված շքեղ առանձնատունն է, որը քիչ անց նա նվիրաբերել է դստերը` Սեւիլին: Այդ առանձնատունն առայսօր նաեւ Մեծ Բրիտանիայում Ադբեջանի դեսպանի նստավայրն է, ինչի դիմաց կառավարությունը տարեկան 1,5 մլն. ֆունտ ստեռլինգ է վճարում Սեւիլ Ալիեւային:
Հետաքրքրականն այն է, թե ինչո՞ւ հատկապես այս օրերին է ադրբեջանական մամուլը հիշում, որ ԿՀՎ-ն, ՄԻ-6-ը կամ այլ հետախուզական կառույցներ աշխարհի ամենատարբեր երկրներում «տապալում են անցանկալի կառավարություններ»: Մի՞թե Իլհամ Ալիեւը երկյուղում է, որ աշխարհաքաղաքական ընտրություն կատարելու անհրաժեշտությունը կարող է իր համար ճակատագրական լինել: Գուցե արեւմտյան հանրությո՞ւնն է նրան ինչ-որ բան հիշեցնում: Արտառոց է նաեւ այն, որ մինչ բոլորովին վերջերս համարվում էր, որ Էլչիբեյին «որպես երդվյալ արեւմտամետի իշխանությունից հեռացրել է Կրեմլը», բրիտանացի լրագրողն ընդհակառակն է պնդում:
Իհարկե, չափազանց մութ է 1993թ. ամռանն Ադրբեջանում կատարված պետական հեղաշրջման պատմությունը, բայց ստույգ է մի բան` այնտեղ, ուր մեկ անգամ դա հնարավոր էր, միշտ էլ առկա է արտաքին միջամտությամբ կառավարություն տապալելու հնարավորությունը: Ըստ երեւույթին, Բաքվում ինչ-ինչ ազդակներ ստացել են: Հակառակ դեպքում այդքան առատորեն չէին շրջանառի «իշխանության ներսում գործակալների առկայության» թեման:
Haqqin.az-ը «սեփական հետաքննությամբ» բացահայտել է Իլհամ Ալիեւի աշխատակազմի նախկին բաժնի վարիչ Էլնուր Ասլանովի «նամակագրությունը ԿՀՎ գործակալների հետ»: Որպես ապացույց, լրատվամիջոցը մեջբերել է Ասլանովի էլեկտոնային նամակագրությունը Stratfor «ամերիկյան մասնավոր հետախուզական կառույցի» վերլուծաբան Ռեւե Բալեի հետ, որը 2011թ. «գտնվել է Բաքվում»: Ադրբեջանցի պաշտոնյայի դեմ ուղղակի մեղադրանքներ, սակայն, չեն հնչեցվում: Շեշտվում է, որ Stratfor-ի պաշտոնյաներից Ջորջ Ֆրիդմանը վերլուծաբան Բալեին հետեւյալ հանձնարարականն է տվել. «Եթե դուք նրան համարում եք արժեքավոր, պետք է նրան վերցնեք հսկողության տակ: Դա կարող է լինել ֆինանսական, սեքսուալ կամ հոգեբանական հսկողություն եւ հասցվի այն աստիճանի, երբ նրա առջեւ հնարավոր կլինի դեն մեզ անհրաժեշտ խնդիրներ» (*):
Լրատվամիջոցին «հաջողվել է ձեռք բերել Վաշինգտոն առաքված` Ասլանովի էլեկտրոնային նամակը», որտեղ նա հայտնել է, որ ժամը 15:00-ին «նախագահի աշխատակազմի իր առանձնասենյակում սպասում է Ռեւե Բալեին»: Մեջբերվում է Stratfor-ի աշխատակից Լոուրեն Գուդրիչի նամակն Էլնուր Ասլանովին. «Ինձ համար հետաքրքրական է, որ նախագահի աշխատակազմի ներկայացուցիչները Մոսկվա են մեկնել ԱՄՆ-ի հետ խնդիրներ ունենալուց հետո: Ես հետաքրքրված եմ, թե Ռուսաստանը նրանց ինչ է խոստացել: Փոխանցեք հարգանքներս …-ին»: Բազմակետերի տեղում Իլհամ Ալիեւի աշխատակազմի այն պաշտոնյայի անունն է, որը haqqin.az-ը չի նշում:
Բացահայտվում է նաեւ Էլնուր Ասլանովի կապը նուրսիականների հետ: Մեջբերվում է Ռեւե Բալեի նամակը, որտեղ նա խոսում է իր եւ Ասլանովի` «գյուլենականների դպրոց համատեղ այցելության մասին»: Stratfor-ի վերլուծաբանը գրում է. «Ես ուզում էի տեսնել, թե ինչպես են գյուլենականներն աշխատում Թուրքիայից դուրս, շատ նկատելի էր, որ Ադրբեջանում նրանք չափազանց զգուշավոր են, քանի որ պետությունը նրանց ուշի-ուշով հետեւում է»:
«Լրտեսական ամենալուրջ» պատմությունը, սակայն, կապված է «Զերկալո» թերթի մեկնաբան Ռաուֆ Միրկադիրովի հետ: Ապրիլի 20-ին անսպասելի հայտնի դարձավ, որ թուրքական իշխանությունները նրան երկրից արտաքսելու որոշում են կայացրել, չնայած որ Միրկադիրովն ուներ մինչեւ տարեվերջ Անկարայում «Զերկալո»-ի թղթակցային կետը ղեկավարելու արտոնագիր: Թուրքական իշխանությունները Միրկադիրովին արտաքսելու որոշումը որեւէ կերպ չէին մեկնաբանել:
Բաքվում, մինչդեռ, Միրկադիրովին հենց օդանավակայանում էին ձերբակալել: Ապրիլի 21-ին հայտնի դարձավ, որ հայտնի լրագրողին ներկայացվել է «հօգուտ Հայաստանի լրտեսությամբ զբաղվելու մեղադրանք»: Նա կասկածվում է «Հայաստանի ԱԱԾ նախկին պետ Դավիթ Շահնազարյանի հետ համատեղ գործունեության ընթացքում Ադրբեջանի համար պետական գաղտնիք հանդիսացող լուսանկարներ եւ սխեմաներ փոխանցելու մեջ»:
Իրավապաշտպան Լեյլա Յունուսովան խոստովանել է, որ Միրկադիրովը ներգրավված է Դավիթ Շահնազարյանի հետ համատեղ անցկացվող ծրագրերում եւ «մի քանի անգամ այցելել է Հայաստան, բայց լրտեսության մեջ նրան մեղադրելը պարզապես աբսուրդ է»: Յունուսովայի ասելով, իր համար «Դավիթ Շահնազարյանն ավելի ընդունելի է, քան ադրբեջանցի ոստիկանը, որ բռնանում է քաղաքացիների կամքին»: Ադրբեջանցի իրավապաշտպանը գտնում է, որ Միրկադիրովի ձերբակալությամբ Բաքվի «իշխանությունները սպառնում են բոլոր նրանց, ովքեր կողմ են մարդկային շփումների հաստատմանը»: Նա հրապարակային մարտահրավեր է նետել` պահանջելով, որ ձերբակալեն նաեւ իրեն, քանի որ նախագծի նախաձեռնողն ինքն է:
Այսքանով, մինչդեռ, ադրբեջանական լրտեսամոլության թեման չի սպառվում: «Ենի մուսավաթը», դարձյալ հղում անելով «սեփական քաջատեղյակ աղբյուրներին», ապրիլի 22-ին գրել է, որ «ամենայն հավանականությամբ, մոտակա օրերին կձերբակալվի Միլլի մեջլիսի պատգամավոր Ջեյհուն Օսմանլին»: Արդեն մի քանի շաբաթ է, ինչ Օսմանլիի եւ ԱՄՆ ԿՀՎ «սերտ համագործակցության» թեման չի իջնում ադրբեջանական «իրազեկ» լրատվամիջոցների կայքէջերից:
Պատգամավորին ներկայացվում են ԿՀՎ միջոցով «Ադրբեջանի պետական կարգը սասանելու» մեղադրանքներ: Ըստ այդմ, Օսմանլին «որոշակի ֆինանսական աջակցությամբ զբաղվում է ադրբեջանական երիտասարդության շրջանում «գունավոր հեղափոխության» սերմեր ցանելու վտանգավոր ձեռնարկումներով»: Խոսքը վերաբերում է սոցիալական ցանցերում հանրային դժգոհության խմբերի ձեւավորմանը, որոնք «ըստ անհրաժեշտության պետք է «պայթեցնեն» սոցցանցերը եւ դառնան «հեղափոխության» քարոզիչներ»:
Թե ի՞նչ ավարտ կունենա Ջեյհուն Օսմանլիի «գործը»` դժվար չէ կանխագուշակել. եթե մամուլն սկսել է «հրետանային նախապատրաստություն», ուրեմն պետական պատվերն արդեն իջեցված է: «Ենի մուսավաթը» տեղեկացրել է, որ «Օսմանլիի դոսյեն վաղուց է պատրաստ, ուժայիններն սպասում են ամենավերեւից իջեցված հրահանգի, որպեսզի նրան ձերբակալեն»: Նույն տեղեկատվությունը փոխանցելով` «Թուրան» գործակալությունն իր հերթին ավելացրել է, որ Օսմանլիի «ձերբակալությանը խոչընդոտ չի դառնա նրա պատգամավորությունը, Ադրբեջանում հայտնի են դեպքեր, երբ պատգամավորին անձեռնմխելիությունից զրկել են ձերբակալությունից հետո»:
Կարելի է միայն ենթադրել, թե Բաքվում ինչո՞ւ են այդքան ջղագրգիռ: Մամուլում կասկածներ են տարածվել, որ Անկարայից պահանջում են պաշտպանության նախկին նախարար Սաֆար Աբիեւի «գլուխը»: Ըստ ակնարկների, Ադրբեջանում նուրսիական կառույցների «զինված թեւը ստեղծվել է Աբիեւի հովանավորությամբ»: Բաքվում լուրջ կասկածներ կան, որ Աբիեւը «շարունակում է վերահսկել զինված ուժերի հրամատարական կազմի մի զգալի մասին եւ ամեն կերպ փորձում է անվանարկել պաշտպանության նախարար Զաքիր Հասանովին»:
Որ նման ենթադրություններն անհիմն չեն, վկայում է փաստը. զինվորական փորձագետի համարում ունեցող Ուզեիր Ջաֆարովը, որը պահեստի փոխգնդապետ է, անցյալ շաբաթ հանդես է եկել ադրբեջանական բանակում ապրիլ ամսվա ընթացքում արձանագրված ինքնասպանությունների, սպանությունների եւ անդամախեղումների դեպքերի «խորքային վերլուծությամբ» եւ եկել եզրակացության, որ «ոստիկանական զորքերի հրամանատարը (պաշտպանության նախախար Հասանովը եղել է ՆԳՆ ներքին զորքերի հրամանատար- Վ. Ա.) չի կարող ռազմավարական կարեւորություն ունեցող խնդիրներ լուծել»:
Ըստ ամենայնի, Զաքիր Հասանովը պաշտպանության նախարար է նշանակվել, քանի որ Իլհամ Ալիեւը Սաֆար Աբիեւի կատարյալ հավատարմությանն այլեւս չէր վստահում: Բայց նա միաժամանակ անզոր է պատժել Աբիեւին: Իսկ նման իրավիճակում, երբ զինված ուժերը փաստացի երկու հրամանատար ունեն, պետական հեղաշրջման վտանգն ավելի է առարկայանում: Եւ այդ պատճառով էլ Ադրբեջանում լրտեսամոլությունը դարձել է «ներկա պահի» կարեւորագույն հարց:
Իլհամ Ալիեւը կկարողանա՞ վերջ տալ «ստվերային կառավարությանը», թե՞ վերջինս ավելի եռանդուն կգործի: Սպասենք դեպքերի հետագա ընթացքին: Մի բան ակնհայտ է` Ադրբեջանը ներսից «եռում է», իսկ «երկու գլուխ նույն կաթսայում չեն եփվում»:
Ստեփանակերտ
Նկար 1. Շրջանակի մեջ առնվածը bp-ի նախկին փոխնախագահ Աբրահամսն է` Բաքվում: