Մ. Նահանգներում հրեական «Հակազրպարտության լիգայի» (Anti-Defamation League) անդամիՙ իրավաբան, Հայոց ցեղասպանությունը ժխտող Ջոզեֆ Բերմանի սուտը պատճառ է դարձել, որ նա չնշանակվի ԱՄՆ Գերագույն դատարանի դատավոր, տեղեկացնում է անկախ լրագրող Դավիթ Բոյաջյանը:
Երկու արդար եւ երկար լսումներից հետո Մասաչուսեթսի նահանգապետարանի խորհուրդը (8 հոգի) քվեների 4:4 հարաբերակցությամբ հրաժարվել է հաստատել Բերմանի թեկնածությունը այդ պաշտոնում, մի շարք պատճառներով, որոնցից գլխավորը ստախոսությունն է: Բերմանը, որը երդման տակ է գտնվել, երեք անգամ «ոչ» է ասել խորհրդի անդամների այն հարցին, թե արդյոք որեւէ մեկին խնդրե՞լ է հօգուտ իրեն քարոզչություն ծավալել խորհրդի ներսում: Մինչդեռ պարզվել է, որ նա զանգահարել է սենատոր (այժմ արդեն կոնգրեսական) Քեթրին Կլարքինՙ հօգուտ իրեն բարեխոսելու համար:
Պարզվել է նաեւ, որ Բերմանը հարյուրհազար դոլար է ներդրել ժամանակին Դեվալ Պատրիկի նահանգապետի պաշտոնի ընտրարշավին: Խորհրդի անդամները կասկածել են, որ դա հեռահար նպատակի համար է իրագործվել, քանի որ Բերմանին հենց Դեվալ Պատրիկն է առաջադրել Գերագույն դատարանի դատավորի պաշտոնին:Հայտնի է դարձել նաեւ, որ Բերմանը արդեն 19 տարի է ինչ անդամակցում է «Հակազրպարտչության լիգային», ընդ որում 2006-ից եղել է այդ կազմակերպության «ազգային հանձնակատարը», որը պատասխանատու պաշտոն է:
Դավիթ Բոյաջյանը հիշեցնում է, որ 2007-ին մեծ սկանդալ էր ծագել վերոնշյալ լիգայի շուրջ Հայոց ցեղասպանությունը կասկածի տակ առնելու առնչությամբ: