«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Միջազգային քրեական դատարանի հիմք հանդիսացող Հռոմի ստատուտը իսկական գլխացավանք է դարձել հայրենի իշխանությունների համար:
ՔՊ-ականներն այդպես էլ չեն կողմնորոշվում՝ վավերացնեն կոնվենցիան՝ կնեղացնեն Ռուսաստանի Դաշնությանը, չվավերացնեն այն, կհիասթափեցնեն Արեւմուտքին:Հիշեցնենք, որ դեռեւս մարտի 24-ին ՀՀ Սահմանադրական դատարանը հայտարարեց, որ Միջազգային քրեական դատարանի հիմք հանդիսացող Հռոմի ստատուտը համապատասխանում է երկրի Սահմանադրությանը, եւ Հայաստանի կառավարությունը կարող է շարունակել համաձայնագրի վավերացման գործընթացը։
Խնդիրը հետեւյալն է. Հռոմի ստատուտի կարգավորումների համաձայն` միջազգային քրեական դատարանով քրեական պատասխանատվության ենթարկված անձանց նկատմամբ չի կարող կիրառվել համաներում կամ ներում, իսկ Հաագայի դատարանի կողմից մարտի 17-ին ՌԴ նախագահին ձերբակալելու օրդեր էր իջեցվել:
Ստացվում է՝ Հռոմի ստատուտին միանալով՝ ՀՀ-ն պարտավորվում է կատարել նաեւ Հաագայի դատարանի այս որոշումը եւ Հայաստան մտնելուն պես ձերբակալել Պուտինին:
ՍԴ-ում մարտի 24-ին վավերացվելուց հետո փաստաթուղթը հիմա կառավարությունում է. այն եռամսյա ժամկետում պետք է ուղարկվեր խորհրդարան՝ վերջնական հաստատման:
ՀՀ Սահմանադրության 116-րդ հոդվածի համաձայն՝ Ազգային ժողովն է վավերացնում միջազգային պայմանագրերը, այսինքն՝ առանց խորհրդարանի հաստատման Հռոմի ստատուտը չի կարող ուժի մեջ մտնել։ Փաստաթուղթը պետք է ԱԺ գար եռամսյա ժամկետում. երեք ամիսն անցել է, ԱԺ նիստերը մեկնարկում են հաջորդ շաբաթ, այսինքն՝ հաջորդ շաբաթ վերջնաժամկետն է, եւ պարզ կլինի՝ ինչ որոշում է կառավարությունը կայացրել Հռոմի ստատուտի վերաբերյալ:
Իրավաբան մասնագետները «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում պարզաբանեցին, որ գործադիրը կարող է եւ չուղարկել այն ԱԺ, ինչը կնշանակի, որ այս պահին պատեհ չի համարում փաստաթուղթը վավերականացնելը:
Ընդգծենք, որ կառավարությունից ԱԺ ուղարկելու ժամկետը հաջորդ շաբաթ արդեն լրանում է, իսկ ՔՊ-ականները չգիտեն՝ ինչպես վարվել դրա հետ. մի մասը կարծում է, որ պետք է սառեցնել գործընթացը, չուղարկել ԱԺ, քանի որ կարծում են՝ առանց այն էլ այս գերլարված իրավիճակում պետք չէ լարել հարաբերությունները Ռուսաստանի հետ, որը պաշտոնապես արդեն հայտարարել է, որ բացասական է գնահատում Հայաստանի՝ այդ փաստաթղթին միանալը:
ՔՊ-ականների մյուս մասն էլ կարծում է, որ դա կարող է միջազգային հարթակում օգնել Հայաստանին՝ ընդդեմ Ադրբեջանի, բայց՝ այն պարագայում, երբ անգամ ՄԻԵԴ-ի վճռին չենթարկվեց Ադրբեջանը, ու պարզ չէ, թե այս փաստաթուղթը ինչ կարող է տալ Հայաստանին եւ Արցախին:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Փաշինյանն էլ իր թիմակիցների հետ զրույցում ակնարկել է, որ միառժամանակ սառեցնեն գործընթացը, որպեսզի անտեղի Ռուսաստանին չլարեն իրենց դեմ:
Իշխանական մեր աղբյուրների փոխանցմամբ՝ այս պահի դրությամբ գործադիրում վերջնական որոշում չկա Հռոմի ստատուտի մասով. չեն բառացում նաեւ, որ ԱԺ չհասնի այն»: