Պարզապես զարմանալ կարելի է, երբ ՀՀ սփյուռքի հարցերով հանձնակատարը հայտարարում է, որ «Ցեղասպանության ճանաչման գործընթացն ավարտվել է, և ճանաչումն օդի մեջ բան չի տալիս մեզ՝ բացի բարոյական շոյվածությունից»։ Azg.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին ասաց թուրքագետ Հակոբ Չաքրյանը։
«Թուրքերն իրականում մեծապես անհանգստացած են, և նրանց անհանգստությունը գագաթնակետին հասավ, երբ ԱՄՆ-ը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը։ Իսկ եթե Միացյալ նահագները նման նախաձեռնություն է հանդես բերում, նշանակում է՝ որպես աշխարհի լիարժեք գերտերություն՝ ստանձնում է նաև Ցեղասպանության հետևանքների վերացման պարտավորությունը։ Խոսքն, իհարկե, այսօրվա կամ վաղվա մասին չէ»,- ասաց թուրքագետը։
Հակոբ Չաքրյանի խոսքով՝ ԱՄՆ-ը, Ֆրանսիան և մյուս պետությունները Հայոց ցեղասպանությունը շոուի համար չեն ճանաչել։
«Այդ երկրները շոու անելու կարիք չունեն, նրանց այդ քայլի հետևում ինչ-որ ծրագիր կա։ Հայաստռանում չեն կարող թեման փակված համարել։ Եթե անգամ ՀՀ կառավարության անդամները, նախագահի և ԱԳՆ աշխատակազմերը կանգնեն հրապարակում և հայտարարեն, որ Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացն ավարտվել է, միևնույն է՝ ո՛չ Միացյալ Նահանգները, ո՛չ էլ մեկ այլ երկիր հետ չեն վերցնի ճանաչման իրենց որոշումները։
Ստացվում է, որ Սփյուռքի հարցերով հանձնակատարը, նման հայտարարություն անելուց առաջ, ինչ-որ տեղից ազդանշան է ստացել։ Նման հայտարարությունը որևէ մեկի աչքին սիրուն երևալու նպատակ է հետապնդում։
Ի սկզբանե Թուրքիան Ցեղասպանության ճանաչման հարցում առանցքային տեղ էր հատկացրել Սփյուռքին Հայաստանից տարանջատելուն։ Դա նրան չի հաջողվել և հիմա տեսնելով, որ հնարավորություններ կան, և ՀՀ իշխանությունները, Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, ի նպաստ թուրքերի հայտարարություններ են անում, Թուրքիան փորձում է սինանյանների և ՀՀ իշխանությունների միջոցով հարցը լուծել և այն օրակարգից հանել»,- ամփոփեց Հակոբ Չաքրյանը։




