Սակայն նրա հաղթանակը հազիվ թե հանգեցնի Թուրքիայի հայկական քաղաքականության լուրջ փոփոխությանը
Մայիսի 28-ին Թուրքիայում նախագահական ընրությունների 2-րդ փուլն է: Առաջին փուլը խորհրդարանական ընտրությունների հետ համատեղ անցկացվել էր մայիսի 14-ին, որոնց արդյունքներով երկրի գործող նախագահ, «Արդարություն եւ բարգավաճում» կուսակցության ղեկավար Ռեջեփ Թայիփ Էրդողանը ստացել էր ընտրողների ընդհանուր ձայների 49.5, իսկ Ժողովրդա-հանրապետական կուսակցության նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուն՝ 45 %-ը եւ նշանակվել 2-րդ փուլը: Գալով Թուրքիայի ազգային մեծ ժողովի՝ Մեջլիսի ընտրություններին, որոնց արդյունքում իշխող «Արդարություն եւ բարգավաճում» կուսակցությունը 600 տեղանոց Մեջլիսում ստացել է 266, Բահչելիինը՝ 49, Քըլըչդարօղլուինը՝ 169, Աքշեներինը՝ 44, «Ձախ կանաչ» կուսակցությունը՝ 62 պատգամավորական տեղ:
Խորհրդարանական մայիսի 14-ի ընտրությունների առանձնահատկությունն այն էր, որ Էրդողանի կուսակցությունն ընտրություններին մասնակցեց «Հանրային», իսկ Քըլըչդարօղլուինը՝ «Ազգ» դաշինքի կազմում, համապատասխանաբար ստանալով 322 եւ 214 տեղ: Այլ կերպ՝ բացի կուսակցությունից, Քըլըչդարօղուի դաշինքը եւս զիջել է Էրդողանի գլխավորած դաշինքին: Վերջինը նախագահի պաշտոնին առաջադրվել էր Ժողովրդա-հանրապետական կուսակցության գլխավորությամբ Մերալ Աքշեների «Լավ», Ալի Բաբաջանի Ժողովրդավարություն եւ առաջընթաց, Ամեդ Դավութօղլուի «Ապագա», Թեմել Կարամոլլաօղլուի «Բարօրություն» եւ Գյուլթեքին Ույսալի Դեմոկրատական կուսակցություններից կազմավորված «Ազգ» դաշինքը, որին աջակցում է պատագավորական 66 տեղ ստացած «Աշխատանք եւ ազատություն» դաշինքը Թուրքիայի բանվորական եւ «Ձախ կանաչ» կուսակցությունների գլխավորությամբ, որոնց մայիսի 24-ին միացավ նաեւ Ումիթ Օզդաղի «Հաղթանակ» կուսակցությունը: Ի դեպ՝ «Ձախ կանաչ»-ը այդ նույն Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունն է: Քանի որ սահմանադրական դատարում քննարկվում էր դրա գործունեությունը դադարեցնելու հարցը, ուստի վերջինը փաստի առջեւ չկանգնելու համար որոշել էր ընտրություններին մասնակցել վերանվանված:
Գալով Էրդողանի «Հանրային» դաշինքին, մինչ դրան անդրադառնալը նշենք, որ նախագահական ընտրությունների առաջին փուլում հարցախույզի արդյունքներով Էրդողանը ստանում էր ձայների 40-45, Քըլըչդարօղլուն 45-48 % ձայն: Ընդ որում, կողմնորոշվելով այդ արդյունքներով, միջազգային լրատվամիջոցները նախապատվությունը տալիս էին վերջինին, թե Էրդողանը երբեք այսքան մոտ չի եղել պարտության: Սակայն տեղի ունեցավ հակառակը, դա նախ հիասթափություն պատճառեց, ապա զայրացրեց «Ազգ» դաշինքի ընտրազանգվածին:
Ըստ երեւույթին հաղթանակն անակնկալ էր նաեւ Էրդողանի համար, որ ընտրության օրը, մայիսի 15-ի լույս գիշերը, իր կուսակիցների առջեւ հանդես եկավ հաղթանակի ելութով, որը նախատեսված չլինելու պատճառով նույնպես անակնկալ եղավ իր կուսակիցների համար: Խնդիրը, սակայն, ոչ այնքան նրա ելույթն էր, որքան հենց ընտրությունների օրը ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուի ելույթը. «Ամեն ջանք գործադրեցինք, որ մեծարգո Էրդողանի ձայները հասցնենք 51%-ի, բայց չհաջողվեց, մինչդեռ ընդամենը մի քանի տոկոս էր պակասում»: Ըստ երեւույթին թուրքական իշխանությունները խուսափել են հրահրել միջազգային հանրության զայրույթը, ինչպես նաեւ ԵԱՀԿ դիտորդների 450 հոգանոց պավիրակության, որը ընդգծված բացասական կարծիք է տվել ընտրությունների առաջին փուլին: Նույնքան բացասական է վերաբերում նաեւ թուրքական ընդդիմադիր ազդեցիկ թերթերի բնութագրմամբ «աշխարհահռչակ տնտեսագետ» եւ մեր հայրենակից Տարոն Աճեմօղլուն, ասելով. «Մտահոգ եմ թուրքական տնտեսության եւ ժողովրդավարության ապագայի համար»:
Ի դեպ՝ մեր մեկ այլ հայրենակից Սեւան Սըվաճօղլուն էլ Էրդողանի կուսակցության կազմից ընտրվել է Մեջլիսի պատգամավոր: Թեեւ հայաստանյան լրատվամիջոցները հանգամանալից լուսաբանել են խնդրո առարկա ընտրությունների առաջին փուլը, այնուհանդերձ հիշեցման կարգով նշենք, որ մինչ «Ազգ» դաշինքը առաջին փուլում հաղթանակի հույսեր էր փայփայում երկրում «ուժեղացված դեմոկրատական կարգերին» անցնելու եւ Էրդողանի միանձնյա իշխանությանն ու կամայականություններին վերջ տալու համար, Էրդողանը ապրիլի 21-ին Ստամբուլի «Կապույտ» մզկիթում արած նամազից հետո, բակում ելույթ է ունեցել եւ ասել. «Ես Ալլահից եմ հրաման ստանում, իսկ Քըլըչդարօղլուն եւ նրա թիմը` PKK-ի եւ Ֆեթուլլահ Գյուլենի ահաբեկիչերից, հետեւաբար քյաֆիրներ (գյավուր) են նրանք, ովքեր կաջակցեն վեջիններիս»:
Արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղը Էրդողանին «պաշտոնանկ» անելու ընդդիմության նախաձեռնությունը, այսինքն ընտրություններին մասնակցությունը, հրապարակավ որակեց պատական հեղաշրջման փորձ, իսկ «Արդարություն եւ բարգավաճում» կուսակցության փոխնախագահ Բինալի Յըլդըրըմը՝ օկուպացիա, թե եթե հաղթեն, ամերկացիներն են գալու Քըլըչդարօղլուի փոխարեն կառավարել Թուրքիան: Ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն էլ զգուշացրեց թուրք ժողովրդին, թե Քըլըչդարօղլուի եւ նրա թիմակիցների իշխանության գալու դեպքում երկրում թույլատրվելու է տղամարդկանց ամուսնությունը տղամարդու, նույնիսկ կենդանիների հետ…
Մայիսի 3-ին Վանում Ստանբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի հանրահավաքին շուրջ 300 հոգանոց մի խումբ, ոստիկանների անմիջական ներկայությամբ, անարգել քարկոծեց մասնակիցներին, որոնցից 12-ը վիրավորվեցին: Ըստ երեւույթին քարկոծում էին, որ ստիպեն Իմամօղլուին փախչել հրապարակից, սակայն նա թեեւ դադարեցրեց ելութը, խնայելու համար մասնակիցներին, բայց չփախավ: Նույն օրը ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն հեռուստատեսությամբ քարկոծության համար մեղադրեց Իմամօղլուին, թե նա եւ նրա նմանները մոլի սադրիչներ են, քարերը բերել են իրենց հետ եւ իրենք էլ քարկոծել հանրահավաքի մասնակիցներին: Էրդողանը Սոյլուին հաստատեց հանրահավաքում, թե նրանցից կարելի է ամեն ինչ սպասել:
Ավելին՝ Էրդողանը, կարծես հիմնավորելու համար, թե «համաշխարհային առաջնորդ» է, «Լավ» կուսակցության նախագահ տիկ. Աքշեներին մեղադրեց ամուսնուն դավաճանելու մեջ, թեեւ արժանի պատասխան ստացավ, բայցեւայնպես ինքն այնուամենայնիվ երկրի գործող նախագահն է: Մայիսի 24-ին էլ նա բազմության առջեւ հայտարարեց. «Ո՞վ է կառուցել Անկարայի օդակայանը, պր. Քեմա՞լը, ո՛չ, այդ ե՛ս եմ կառուցել, նա ստել գիտի միայն»: Ընդ որում «Էսենբողա» օդակայնը կառուցվել է 1955-ին, իսկ ինքը 1954 թթ.ի ծնունդ է, եթե մեկ տարեկանում օդակայան էր կառուցում, որեմն նրան ճիշտ կլինի համարել «տիեզերական առաջնորդ», որովհետեւ միանգամայն արժանի է դրան:
Ինչ վերաբերում է էրդողանի «Հանրային» դաշինքին, ապա դրա կազմում, բացի վերջինի «Արդարություն եւ բարգավաճում» կուսակցությունից, ընդգրկված են Դեւլեթ Բահչելիի Ազգայնական շարժում, Դեսթեջիի «Մեծ միասնություն», Ֆաթիհ Էրբաքանի «Նոր բարեկեցություն», Ձախ ժողովրդավարական եւ Հեզբոլլահի թուրքական թեւը հանդիսացող քրդական «Ազատ դատ» կուսակցությունները:Սրացից Բահչելիի եւ Դեսթեջիի կուսակցությունները «գորշ գայլերի» քաղաքական կազմակերպություններն են, Նեջմեթդինի որդու՝ Ֆաթիհ Էրբաքանինը՝ ծայրահեղ իսլամական, նույնը վերաբերում է նաեւ Զեքերիյա Յափըջըօղլուի «Ազատ դատ»-ին, Ձախ ժողովրդավարականը, թեեւ սոցիալ-դեմոկրատականի համբավ ունի, բայց ձայն չունի, հատկապես այդ դաշինքում:
«Ազգ» դաշինքում ընգրկված Աքշեների «Լավ» եւ Օզդաղի «Հաղթանակ» կուսակցությունները ստեղծվել են Ազգայնական շարժում կուսակցության հենքի վրա, որոնց նախագահները ի սկզբանե եղել են վերջինի ղեկավար կազմում: Բաբաջանի եւ Դավութօղլուի կուսակցությունների հենքն էլ Էրդողանի իսլամամետ կուսակցությունն է: Իսլամամետ է Կարամոլլաօղլուի «Բարօրությունը», Ույսալի Դեմոկրատականը՝ լիբերալ պահպանողական է: Կարծում ենք կարիք չկա բնութագրելու Թուրքիայի բանվորական եւ «Ձախ կանաչ» վերանվանված Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությանը: Այս կազմը թույլ է տալիս ասելու, որ նորընտիր Մեջլիսի կազմը թեեւ խայտաբղետ է, սակայն գերիշխողն այնտեղ մոլի իսլամամետ եւ ազգայնամոլ ուժերն են:
Որքան էլ չբացառվի նախագահական ընտրությունների երկրորդ փուլում Քըլըչդարօղլուի հաղթանակը, բայց դա հազիվ թե էական փոփոխությունների հանգեցնի Թուրքիայի հայկական քաղաքականությունը: Քանի որ «Ազգ» դաշինքը ձգտում է վերականգնել անդամակցության բանակցությունները Եվրոպական միության հետ եւ ռազմավարական նախկին մակարդակի բաձրացնել ԱՄՆ-ի հետ հարաբերությունները, ուստի դրա ղեկավարները, ի տարբերություն Էրդողանի, ավելի զուսպ կլինին Հայաստանին հասցեագրված հայտարարություններում, ոչ էլ ընդդեմ հայ ժողովրդի կընդառաջեն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, որովհետեւ ե՛ւ Քըլըչդարօղլուն, ե՛ւ Բաբաջանն ու դաշինքի մյուս անդամները խստագույնս զգուշացրել են վերջինին, ասելով. «Չմիջամտել Թուրքիայի ընտրություններին»:
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ
Թուրքագետ