Կիրակի, Սեպտեմբերի 28, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԱՐԵՎՄՏԱՀԱՅՈՑ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՒՄԱՐԻ ՊԱՀԱՆՋԱՏԻՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-ԱՄՅԱ ՏԱՐԵԼԻՑԻ ՆԱԽՕՐԵԻՆ

06/06/2014
- 06 Հունիսի, 2014, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԱՐԱՄ ՍԱՖԱՐՅԱՆ, քաղաքական վերլուծաբան, բանասիրական գիտությունների թեկնածու

Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցը նախապատրաստող պետական հանձնաժողովի նիստը, փաստորեն, զարկ տվեց համահայկական գործողությունների շուրջ համազգային քննարկումներին: Ավելին, բոլորն ասում են, որ անհրաժեշտ է համահայկական կեցվածքի շուրջ քննարկումներն ու բանավեճերը մեկտեղել նախահարձակ ակտիվ գործողությունների հետ: Այս վերլուծականը գրելու նպատակը վերջերս իր ակտիվ գործունեությունն աշխուժացրած Արեւմտահայոց ազգային համագումարի դիրքորոշումները ներկայացնելն է հայկական մյուս կազմակերպությունների ու կառույցների սպասվող ակտիվության համապատկերի ֆոնին:

Ի՞նչ է պահանջում Արեւմտահայոց ազգային համագումարը

Ապրիլի 23-ին տեղի ունեցած հայտնի կլոր սեղանից հետո, երբ Թուրքիայից Երեւան ժամանած ազդեցիկ հասարակական գործիչներ եւ մտավորականներ օգտագործեցին «ցեղասպանություն» եզրը, ներողություն խնդրեցին հայությունից եւ հաստատեցին երկխոսություն ծավալելու իրենց ցանկությունը, բնականաբար աճող հետաքրքրություն առաջացավ Արեւմտահայոց ազգային համագումարի դիրքորոշումների նկատմամբ: Ստացվել է այնպես, որ այս կազմակերպությունն է, որ այսօր իրական ներուժ եւ կուտակված փորձ ունի երկխոսելու Թուրքիայի ստվարացած հասարակական-քաղաքական շրջանակների հետ, որոնք հանդես են գալիս իրենց պատմական անցյալի հետ անկեղծորեն առերեսվելու եւ Հայոց ցեղասպանության զոհերի իրավահաջորդների պահանջները հասկանալու ու քննարկելու դիրքերից: Այս պատճառով է, որ Արեւմտահայոց ազգային համագումարի ղեկավարների յուրաքանչյուր խոսքը, յուրաքանչյուր դատողությունը խոշորացույցի տակ քննարկվում է հայության մյուս բոլոր շահագրգիռ շրջանակներում:

Թուրքական հասարակական շրջանակներում տարածված Սեւակ Արծրունու «Արեւմտահայության հայրենադարձության խնդիրը եւ հայության ակնկալիքները» հոդվածում հեղինակը, մասնավորապես, հետեւյալ կերպ է ձեւակերպել արեւմտահայության ժառանգների ակնկալիքը. «Առանց հայկական ցեղասպանության փաստի ճանաչման, առանց հայության կրած տարածքային, նյութական եւ բարոյական վնասների վերականգնման, 1,5 միլիոն կոտորված հայերի հիշատակը հավերժացնելն ընդամենը համազոր կլինի հայկական ցեղասպանության անգերեզման զոհերի մահվան վկայականի: …Հայ ժողովրդի բոլոր շրջանակներում, հայկական ցեղասպանության հիշողությունն, առաջին հերթին, պատմական հայրենիքից բռնի տեղահանման իրողության ընդհանուր հիշողություն է: Հայ հասարակության մեջ Հայոց ցեղասպանության հիշողությունը, ամեն ինչից առաջ, հայության պատմական հայրենիքի կորստի եւ այդ կորստից բխող իրավունքների հատուցման խնդիրն է: Յուրաքանչյուր հայի համար ցեղասպանությունն ամեն բանից առաջ հայրենիքի կորստի ազգային ընդհանուր եւ ընդհանրացված խորունկ ցավով է արտահայտված» :

Երեւանում ապրիլի 23-ի վերոհիշյալ կլոր սեղանի ժամական ելույթ ունենալովՙ Արեւմտահայոց ազգային համագումարի Հայաստանի լիազոր ներկայացուցիչ, Ազգային ժողովի պատգամավոր Արագած Ախոյանը այսպես էր ձեւակերպել հայերին եւ թուրքերին մեկտեղած հավաքի նպատակի իր պատկերացումը. «1915թ. իթթիհատականների կողմից կազմակերպած ծագումով հայ օսմանյան քաղաքացիների կոտորածների մասին, հայկական ցեղասպանության մասին կարելի է տակավին պատմագիտական շատ տեղեկություններ հավաքել, կարելի է կազմակերպել շատ գիտաժողովներ, բացահայտել բազմաթիվ նոր փաստաթղթեր, ցուցահանդեսներ կազմակերպել, երթեր, նստացույցեր, հազարավոր նոր գրքեր հրատարակել, սակայն ոչ մի շոշափելի արդյունքի չենք հասնի, չենք ազատագրվի մեզանում բուն դրած ատելությունից, չենք ձերբազատվի թշնամության թույնից, եթե մենք մեր մեջ ուժ ու կորով չգտնենք դիմագրավելու մեր ատելությանն ու մեր մեղքի բաժինը, հաղթելու կասկածներին եւ շփոթին, հավատալու պատվաբեր ապագային: …Մեր կլոր սեղանի խնդիրը կայանում է նրանում, որ արեւմտահայերը, որպես օսմանցի հայերի ժառանգորդներ, այսօր կանգնեն փոփոխվող Թուրքիայի կողքին, իրենց պահանջներով, իրավունքներով եւ քաղաքական համաշխարհային ներուժով, վերստին ստանձնելու համար 20-րդ դարում ընդմիջված իրենց գործառույթները: Այս ամենի համար, սակայն, հարկավոր է մի բան, որ Թուրքիայի ազատական իսլամական շրջանակները եւ նրանց քաղաքական կամքը մարմնավորող իշխանությունները լինեն այնքան քաջ ու խիզախ, որ կարողանան Թուրքիայիում արմատախիլ անել թուրքական ազգայանամոլությունը եւ ազատագրված բոլոր տեսակի հետադիմական արժեքներիցՙ առաջնորդվեն միայն համամարդկային բարոյական եւ իրավական արդար արժեքներով: Արեւմտահայության հաշտեցումը Թուրքիայի պետության հետ ունի ընդամենը մեկ նախապայման. դա 1915թ. ցեղասպանության հետեւանքների վերացման խնդիրն է, այսինքնՙ արեւմտահայության պահանջների կատարումը» :

Մեջբերումների այս շարքը կուզենայինք ամփոփել Արեւմտահայոց ազգային համագումարի հայտարարության մի հատվածովՙ Թուրքիայի վարչապետ Էրդողանի ապրիլի 23-ի ցավակցական ուղերձի վերաբերյալ: Հայտարարության մեջ մասնավորապես ասված էր. «Արեւմտահայոց ազգային համագումարը այս ելույթը համարում է առաջին քայլ եւ, ինչպես չինացի փիլիսոփա Լաօ Ցզին է ասում. «Մի հազար մղոնանոց ուղեւորություն սկսում է մեկ քայլով»: Բնականաբար այս քայլը չի պատասխանում եւ չէր կարող պատասխանել արեւմտահայոցՙ Օսմանյան կայսրության նախկին հայ քաղաքացիների բոլոր ակնկալիքներին, սակայն մենք հուսով ենք, որ այս ելույթից հետո Թուրքիայի քաղաքացիական հասարակության եւ մեր միջեւ ստեղծված կառուցողական երկխոսությանը կմիանան նաեւ Թուրքիայի իշխանությունները: … Օսմանյան կայսրության իթթիհատական կառավարության ցեղապաշտական, ազգայնամոլական կանխամտածված գործողությունների արդյունքում մինչեւ 1915թ. Օսմանյան կայսրության սահմաններում ապրող 2,5 միլիոն հայերը ենթարկվել են բռնի տեղահանման, առանց սեռի ու տարիքի խտրության զանգվածային կոտորածների, բռնի ուծացման եւ ունեզրկման: Օսմանյան կայսրության փլուզումից հետո, Հանրապետական Թուրքիան շարունակել է համակարգված եղանակով ավարտին հասցնել արեւմտահայության հայրենազրկման եւ ունեզրկման գործընթացը» : Դիվանագիտական զսպվածությամբ գրված այս հայտարարությունը կարդացող յուրաքնաչյուրի բերանից պետք է, որ թռչի այդ գործողությունների միակ հնարավոր ձեւակերպումըՙ ցեղասպանություն:

Այսպիսով, ժամանակակից Թուրքիայի արդարամիտ, ազատ մտածող եւ լայնախոհ թուրք լրագրողների, հասարակական եւ քաղաքական գործիչների, մտավորականների հետ Արեւմտահայոց ազգային համագումարի ներկայացուցիչների երկխոսության տեսական հիմքը մասամբ ձեւավորված է: Ասում եմ մասամբ, որովհետեւ մյուս, ամենակարեւոր մասը Հայոց ցեղասապանության զոհերի իրավահաջորդների պահանջների հստակ ձեւակերպումն է, որի ընդհանրացման աշխատանքին ձեռնամուխ են եղել Արեւմտահայոց ազգային համագումարում: Նրանք պատրաստվում են համազգային քննարկման ներկայացնել իրենց պատրաստած պահանջագիրը եւ այն փորձել հաստատել աշնանը Երեւանում գումարվելիք համագումարում: Հիշեցնենք, որ 1919թ. Հայաստանի Հանրապետության եւ Արեւմտահայոց Ազգային Պատվիրակության կողմից Փարիզի խաղաղության կոնֆերանսին ներկայացված վնասների հատուցման պահանջագիրը գումարային առումով կազմում էր 20 միլիարդ ֆրանսիական ոսկե ֆրանկ կամ 3 միլիարդ ԱՄՆ դոլար: Այդ գումարի ժամանակակից համարժեքը մոտ 3 տրիլիոն ԱՄՆ դոլարի հասնող գումար է:

Յուրաքանչյուրի անելիքը համընդհանուր ջանքերում

Ո՞ւմ անունից է խոսում Արեւմտահայոց ազգային համագումարը: Այն հասարակական միջազգային կազմակերպություն է, որի կենտրոնակայանը գտնվում է Փարիզում եւ որը պատրաստվում է մի ներկայացուցչություն բացել Ստամբուլում, որտեղ ներգրավված թուրք իրավաբանների մասնակցությամբ քաղաքական երկխոսություն եւ դատական գործընթացներ կսկսի արեւմտահայ սերունդների իրավունքների վերականգնման ուղղությամբ: Թուրքական օրենքներով բռնագրաված, որպես «լքյալ գույք» հայտարարված եւ այնուհետեւ որպես պետական գույք օգտագործվող կամ օտարվող հայկական ունեցվածքը այնքան պատկառելի է այսօրվա չափանիշներով, որ թուրքական թերթերից մեկը Արեւմտահայոց ազգային համագումարի պահանջներն անվանել է ավելի ծանր, քան «Սեւրի պայմանագրի պահանջները»: Եթե մենք ելնում ենք այն իրողությունից, որ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացի տրամաբանական ավարտը Թուրքիայի իշխանությունների գործած ցեղասպանության համար հայությունից ներողություն խնդրելն է եւ ցեղասպանության զոհերի իրավահաջորդների բարոյական եւ նյութական իրավունքների վերականգնումը, ապա վերը բերված փաստերն են այն դառն ու Թուրքիայում շատ-շատերի համար սարսափելի իրողությունները, առանց որոնց հետ բարոյապես եւ գործնականում առնչվելու անհնար է Հայոց ցեղասպանության խնդիրը ճանաչված, դատապարտված, եւ այնուհետեւ իրավականորեն ու բարոյապես կարգավորված համարել:

Բայց կա մի շատ կարեւոր խնդիր, որ ուզում եմ ընդգծել. Արեւմտահայոց ազգային համագումարի գործունեությունը համահայկական չափանիշներով կարելի է ընդունելի եւ բավարար համարել միայն այն պայմանով, որ դա տարբեր ուղղություններով եւ զուգահեռաբար ծավալվող հայկական պահանջատիրության ուղղություններից միայն մեկն է: Հայ քաղաքական կուսակցությունների, լոբբիստական կազմակերպությունների, Համաշխարհային հայկական կոնգրեսի եւ Ռուսաստանի հայերի միության, նրա նման հասարակական միջազգային ու ազգային կառույցների ակտիվությունը տարվա ընթացքում պետք է մեծանա եւ այդ մասին վստահեցնող բարձր մակարդակի հայտարարություններ արդեն իսկ արվել են: Սա շեշտում եմ այն բանի համար, որ ինչպես ամերիկահայ լրագրող Հարութ Սասունյանն է ձեւակերպել իր միտքը հայաստանյան հեռուստաեթերում, թուրքական դիվանագիտությունը խորամանկ է եւ կարող է ջանքեր գործադրել հայության մի հատվածի ներկայացուցիչների հետ սկսված եւ առաջացող երկխոսությունն օգտագործել Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը երկարաձգելու, խճճելու, ինչպես նաեւ միջազգային ասպարեզում հայերի հետ հաշտության եւ երկխոսության կողմնակցի իմիջ ձեւավորելու համար: Առանց կասկածի տակ առնելու հայերի հետ երկխոսելու եւ համագործակցելու պատրաստ թուրքերի ու քրդերի ազնվությունն ու մտադրությունների մաքրությունը, մենք էլ կուզենայինք շեշտել, որ տասնամյակների ժխտողական քաղաքականության հետեւանքով առանձնապես հաջողությունների չհասած թուրքական պետական մեքենան կարող է ցանկացած խարդավանքների դիմել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման եւ դատապարտման գործընթացի այս նոր ուժեղացած ալիքը թուլացնելու եւ չեզոքացնելու համար: Մենք պետք է լավ իմանանք, խորապես ուսումնասիրենք եւ աչքի առաջ ունենանք հարեւան Թուրքիայում ընթացող գործընթացների իրական բովանդակությունը եւ ոչ մի կերպ չհրաժարվենք ՀՀ Ազգային անվտանգության համադրույթում իր կարեւոր տեղն ունեցող Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ու դատապարտման գործընթացը հետեւողականորեն առաջ մղելու քայլերիցՙ երբեք չմոռանալով, որ գլխավորն այստեղ համահայկական միասնությունն է եւ համազգային քննարկումներն ու բանավեճերը, որոնք մեզ ոչ թե պետք է թուլացնեն ու պառակտեն, այլ միավորեն ու դարձնեն ավելի ուժեղ: Կարծում եմ, եւ բոլորս ենք արդեն համաձայն, որ առաջադեմ թուրքերի հետ ուղիղ եւ պարկեշտ երկխոսության եւ բանակցության խնդիրը հասունացած պետք է համարել, եւ այս տեսանկյունից Արեւմտահայոց ազգային համագումարի դերակատարությունը կարող է շատ ու շատ կարեւորվել:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՀԵՌԱՆԱԼ… ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՁԵՎՈՎ

Հաջորդ գրառումը

ՏԵՂԵԿԱՆՔԻ ՀԱՄԱՐ ՀԱՐԵՎԱՆ ԳՅՈՒՂ ՉԵՆ ԳՆԱԼՈՒ

Համանման Հոդվածներ

26 սեպտեմբերի, 2025

Կրակոցներ ու զոհեր. հետո՞…

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

Օրենքով եւ իրավունքով զբաղվեք

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

Կբախվե՞ն Թուրքիան ու Իսրայելը

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

ԱՄՆ-ին արտապատվիրակված տարածքը Աֆղանստանում

26/09/2025
Հաջորդ գրառումը

ՏԵՂԵԿԱՆՔԻ ՀԱՄԱՐ ՀԱՐԵՎԱՆ ԳՅՈՒՂ ՉԵՆ ԳՆԱԼՈՒ

Արխիվ

Loading...
«Սեպտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« ՕգոստոսիՀոկտեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Նիկոլի ելույթը ՄԱԿ-ում հիշեցնում էր խաբված ու օգնություն աղերսող դեռահասի խոստովանություն․ Շարմազանով

28/09/2025

ՀՀԿ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը գրում է․ Փաշինյանը ՄԱԿ-ում փաստացի արձանագրեց, որ խաղաղության օրակարգը ձախողվել է ու առկա է «կոնֆլիկտային խոսույթ»։...

ԿարդալDetails

Ինչի՞ տակ է ստորագրել Փաշինյանը, ինչ իրավունքով, և ո՞վ է շարունակելու գնել այս ֆարսը. Վլադիմիր Մարտիրոսյան

28/09/2025

Այս տողերը գրվել են 1907 թվականին, այլ ոչ 2025 թվականին, գրվել են հայակեր սուլթան Աբդուլ Համիդի մասին. Բալյան

28/09/2025

Գործ ունենք ուրացման հետ. որեւէ պաշտոնյա որեւէ սփոփանքի, հիշատակի խոսք չասաց․ Գեղամ Մանուկյան

28/09/2025

Փաշինյանը Նյու Յորքում հանդիպում է ունեցել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

28/09/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական