Հուլիսի 1-ից պետական համակարգում աշխատողների աշխատավարձերը բարձրանալու են: Թեեւ նախապես ասվում էր, որ դա պետք է տեղի ունենար հունվարի 1-ից, բայց ամենայն հավանականությամբ, տնտեսական աճի` նախատեսվածից ցածր ցուցանիշն անցյալ տարի հնարավորություն չտվեց դա իրագործել: Բացի աշխատավարձի բարձրացումից, պետական աշխատավարձերի համակարգում որոշակի կարգավորում է մտցվել: Ներկայումս խառնաշփոթ վիճակ է այստեղ տիրում, երբ դատավորի աշխատավարձն ավելի բարձր է, քան երկրի նախագահինը, կամ պետական հանձնաժողովի վարչության պետի աշխատավարձն ավելի բարձր է, քան նախարարինը: Մի խոսքով, այսուհետեւ գործելու է սանդղակ, եւ այս կամ այն քաղծառայողի, պաշտոնյայի աշխատավարձը սահմանվելու է բազային աշխատավարձի եւ տվյալ պաշտոնի համար կիրառվող գործակցի արտադրյալով:
Բազային աշխատավարձ է սահմանվում հուլիսի 1-ից 66140 դրամ: Հենց այս գումարի նկատմամբ էլ կիրառվելու է գործակիցը: Այսինքն, քաղծառայության առաջատար մասնագետի նկատմամբ, որը գտնվում է 1-ին ենթախմբի սանդղակում եւ 11-րդ մակարդակում, կիրառվելու է 3,64 սանդղակը: Ինչը նշանակում է, որ նրա աշխատավարձը կկազմի 66140 դրամը բազմապատկած 3,64-ով: Ստացվում է մոտ 240 հազար դրամ, որից եթե հանենք եկամտային հարկը, ապա մոտ 180-190 հազար դրամ մաքուր աշխատավարձ: Հիշեցնենք, որ ներկայումս այս գլխավոր մասնագետի պաշտոնում աշխատողների աշխատավարձը առնվազն կրկնակի ցածր է:
Ընդհանրապես, խոսելով պետական համակարգի աշխատավարձերի բարձրացման մասին, հարկ է նշել, որ դա, ըստ պաշտոնական հայտարարությունների, տարածվելու է 200 հազար մարդու վրա: Ինչը նշանակում է, որ խոսքը միայն բարձրաստիճան պաշտոնյաների մասին չէ, ինչպես փորձ է արվում ներկայացնել կամ շահարկել, այլ բնակչության մի ամբողջ շերտի: Մասնավորապես, աշխատավարձերի ապագա բարձրացումն առնչվելու է քաղաքական, հայեցողական, քաղաքացիական, բացառությամբ ԿԲ նախագահի եւ խորհրդի անդամների, պետական ծառայության, այդ թվում պաշտպանության, ազգային անվտանգության, ոստիկանության, քրեակատարողական եւ փրկարար ծառայություններում պաշտոններ զբաղեցնողների վրա:
Միաժամանակ նշենք նաեւ, որ պետական ծառայողների եւ մասնավորապես քաղծառայողների աշխատավարձերը վերջին 7-8 տարիներին (բացառությամբ աշխատանքային ստաժի եւ դասի փոփոխման հավելավճարները) չեն բարձրացվել: Դա էլ պետական համակարգում աշխատանքի ոչ գրավիչ լինելու, թերեւս, հիմնական պատճառն է եղել:
Այսպիսով, համաձայն աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության, 2014թ. հուլիսի 1-ից նվազագույն ամսական աշխատավարձի բարձրացման եւ պետական պաշտոն զբաղեցնող անձանց վարձատրության նոր համակարգի ներդրման արդյունքում միջին աշխատավարձերն, ըստ ոլորտների, կբարձրանան հետեւյալ չափով.
առողջապահություն | 21,5 տոկոս, |
կրթություն | 13,9 տոկոս, |
մշակույթ | 29,6 տոկոս, |
սոցիալական | |
պաշտպանություն | 21,6 տոկոս, |
պետական կառավարում | 47,0 տոկոս, |
քաղաքացիական | |
ծառայություն | 68,0 տոկոս: |