Շաբաթ, Հունիսի 20, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԱՄԵՆԻՑ ՇԱՏ ՀԱԼԱԾՎՈՂ ԿՐՈՆԸ

18/07/2014
- 18 Հուլիսի, 2014, ԱԶԳ շաբաթաթերթ

Պ. Ք.

Աշխարհում տարեկան 100 հազար քրիստոնյա է զոհվում

Համայն աշխարհում քրիստոնյաների եւ քրիստոնեության դեմ իրականացվող հալածանքները հասել են աղետալի չափերի: Զանազան միջազգային կազմակերպությունների տվյալներով, ներկայումս ճնշումների են ենթարկվում Հիսուս Քրիստոսի ուսմունքի ավելի քան 100 մլն հետեւորդներ: Open Doors միջազգային իրավապաշտպան կազմակերպության հերթական ամենամյա հաշվետվության համաձայն, աշխարհում տարեկան մոտ 100 հազար քրիստոնյ ա է զոհվում: Դա կրոնական համոզմունքների համար սպանվող անձանց առավել մեծաթիվ խումբն է: Ճակատագրի հեգնանքն այն է,որ Քրիստոսի հետեւորդներին 21-րդ դարում սպանում եւ հալածում են ոչ միայն ակնհայտ ոչ քրիստոնեական Մերձավոր Արեւելքում, Հյուսիսային ու Հարավային Աֆրիկայում, Հարավարեւելյան Ասիայում, այլեւ եվրոպական պետություններում, որտեղ քրիստոնեությունը դարեր շարունակ դրված է եղել քաղաքակրթական կազմավորման հիմքում: Այսօր քրիստոնյաների դեմ պայքարում են անգամ իրենքՙ քրիստոնյաները:

2013 թվականի արդյունքների հիման վրա Open Doors-ի հրապարակած հաշվետվության մեջ նշվում է, որ քրիստոնյաների եւ քրիստոնեության ճնշման խնդիրը արդեն 12 տարի անընդմեջ առանձնակի սրությամբ ծառացած է մասնավորապես ԿԺԴՀ-ում: Մասնագետների խիստ մոտավոր հաշվարկների համաձայն, ԿԺԴՀ-ում Քրիստոսի ուսմունքի 70 հազար հետեւորդներ արգելափակված են ճամբարներում: Կարելի է պատժվել ոչ միայն տաճար հաճախելու կամ հավատքը հրապարակայնորեն դավանելու, այլեւ տանը Աստվածաշունչ պահելու համար: Հայտնի են նաեւ դեպքեր, երբ մահապատժի են ենթարկվել հարեւան Չինաստանում միսիոներների հետ շփվելու մեջ կասկածվող անձինք:

Իրավապաշտպանների ցանկերում 2-րդ տեղը զբաղեցնում է Սոմալին: Աֆրիկյան այդ երկրում քրիստոնյաներին պարբերաբար հայտարարում են հավատուրացներ, իսկ նրանց բնաջնջումը համարվում է գրեթե պատվի գործ: Ներկայումս սոմալեցիների ավելի քան 95 տոկոսը մահմեդականներ են: Քրիստոնեություն դավանում է միայն բանտու ցեղախմբի փոքրիկ ժողովուրդներից մեկը: Այդ ժողովրդի ներկայացուցիչները դարեդար ենթարկվում են ճնշումների, համարվում երկրորդ կարգի մարդիկ: Բանտուները ոչ միայն դուրս են մղված հասարակության կյանքից եւ չունեն կրթություն ստանալու հնարավորություն, այլեւ զրկված են քաղաքական իրավունքներից:

«Արաբական գարնան» հետեւանքներից մեկը

Սիրիայի քաղաքացիական պատերազմը պատճառ դարձավ, որ այդ երկիրը հայտնվի իրավապաշտպանների ցանկերի 3-րդ տեղում: Դեռ վերջերս քրիստոնյաները կազմում էին Սիրիայի բնակչության 10 տոկոսըՙ մոտավորապես երկու միլիոն, սակայն նախագահ Բաշար Ասադի եւ ապստամբական ուժերի դիմակայության ավելի քան երեք տարիների ընթացքում իրավիճակն արմատապես փոխվեց: Հենց միայն 2013 թվականին սպանվեց առնվազն 1200 քրիստոնյա, 600 հազարը դարձավ փախստական: Սիրիայում եկեղեցիների ավելի քան 30 տոկոսը վնասվեց կամ հիմնովին ավերվեց: Երկրում մեծությամբ երրորդ քաղաք Հոմսը ներկայումս գրեթե լիովին զրկվել է քրիստոնյա բնակչությունից:

Եգիպտոսում 2013 թ. օգոստոսին տեղի ունեցան քրիստոնյաների դեմ ուղղված բռնարարքների աննախադեպ դեպքեր: 38 եկեղեցի ավերվեց, 23-ը վնասվեց: Քրիստոնյաներին պատկանող 58 տներ կողոպտվեցին եւ հրկիզվեցին: Ոչնչացվեցին 85 խանութ, 16 դեղատուն եւ 3 հյուրանոց: Սպանվեցին 6 եւ առեւանգվեցին 7 քրիստոնյաներ:

Ներկայումս քրիստոնյա բնակչության հետապնդման, արտաքսման եւ սպանությունների վերաբերյալ լուրեր են ստացվում Իրաքից, Աֆղանստանից, Սաուդյան Արաբիայից, Պակիստանից, Լիբիայից, Էրիթրեայից, Եմենից, Սուդանից, Մալդիվյան կղզիներից:

Առանձնահատուկ հիշատակության է արժանի Նիգերիան: Աֆրիկյան այդ պետությունում գործում է իսլամիստ ծայրահեղականների «Բոկո հարամ» խմբավորումը (անվանումը մոտավորապես նշանակում էՙ «արեւմտյան կրթությունը պիղծ է»): Խմբավորման գրոհների թիրախներ են դառնում ոչ միայն ոստիկանության տեղամասերը, այլեւ քրիստոնեական եկեղեցիները: Ամեն շաբաթ Նիգերիայում սպանվում է մինչեւ 500 քրիստոնյա: Այս տարի «Բոկո հարամի» առավել աղմկահարույց գործողություններից մեկը դարձավ 16-ից մինչեւ 18 տարեկան 276 աղջիկների առեւանգումը: Նրանց մեծամասնությունը քրիստոնյա էր, սակայն գերության մեջ բռնի իսլամացվեց:

Մասնագետները վստահ են, որ Մերձավոր Արեւելքի պետություններում հենց արմատական տրամադրությունների խորացումն է հանգեցրել այն բանին, որ քրիստոնեությունը դարձել է աշխարհում ամենից շատ հալածվող կրոնը: Քրիստոնյաների հանդեպ ատելության բորբոքման մեջ իր «ավանդը» ներդրեց նաեւ այսպես կոչված «Արաբական գարունը». 2011 թականից ծավալված հեղափոխությունների ալիքի վրա տարածաշրջան հորդեցին իսլամիստներ եւ ահաբեկիչներ աշխարհի ուրիշ շրջաններից:

Հին Եվրոպայի վախճանը

Այն փաստը, որ Հիսուս Քրիստոսի ուսմունքը փորձում են բոլոր միջոցներով դուրս մղել արաբական երկրներից, դեռ մի կերպ կարելի է հասկանալ: Սակայն շատ ավելի դժվար է համակերպվել այն մտքին, որ բուն քրիստոնեական քաղաքակրթության երկրներում եւս հավատացյալները ներկայումս ենթարկվում են ճնշումների: Ահա մի քանի օրինակ.

* Իսպանիայում դատավոր Ֆեռնանդո Կալամատը աշխատանքից 18 տարով հեռացվեց, քանի որ հետաձգել էր միասեռական զույգի կողմից մի երեխայի որդեգրումը: Դատավորը սեփական արարքը պատճառաբանել էր նրանով, որ դա հակասում է իր կրոնական համոզմունքներին:

* Գերմանիայում միասեռական ուսանողները Քյոլնի համալսարանում ընդհատեցին բողոքական փիլիսոփա, պրոֆեսոր Էդիթ Դյուզինգի դասախոսությունըՙ բողոքելով ընդդեմ այն բանի, որ տիկին Դյուզինգը 2009 թ. մայիսին, ի թիվս այլ անձանց, հոգեբանների համագումարում դեմ էր արտահայտվել ակադեմիական այն դասախոսության չեղարկմանը, որի հեղինակը զբաղվում էր միասեռականության բուժման հնարավորության հետազոտմամբ:

* Ավստրիայում փաստաբան Գեորգ Զանգերը փորձեց կաթոլիկ եկեղեցու ներկայացուցիչներին ամբաստանել այն բանում, թե նրանք իբր հանցավոր կազմակերպության անդամներ են:

* Ֆրանսիայում բնակչության հարցման արդյունքների համաձայն, ֆրանսիացի կաթոլիկների 67 տոկոսը կարծում է, որ հանրային դպրոցներում խախտվում է իրենց զավակների դավանանքի ազատությունը:

* Հունաստանում մի ուղղափառ հոգեւորականի պայմանականորեն դատապարտեցին, քանի որ նա «չափազանց հաճախ ու երկար» էր հնչեցնում եկեղեցու զանգը:

* Իտալիայում Լուջուդի-Ռոմանյա համայնքը ընդունեց կանոններ, որոնք արգելում են հասարակական վայրերում կախել կրոնական խորհրդանշաններ, օրինակՙ խաչելություն: Դա վերաբերում է նաեւ գերեզմանատան տարածքին:

* Մեծ աղմուկ հանեց երկու բրիտանուհիների պատմությունը: Նրանցից մեկը բուժքույր Շիրլի Չապլինն է, մյուսըՙ բրիտանական առաջատար ավիաընկերություններից մեկի ուղեկցորդուհի Նադի Էվեյդան: Երկուսին էլ աշխատանքից հեռացրին իրենց ծառայողական պարտականությունների կատարման ժամանակ զարդախաչ կրելուց չհրաժարվելու համար: Երկու այլ բրիտանացիներՙ հոգեբան Հարրի Մակֆառլեյնը եւ մատենավար Լիլիան Լադելը, կարգապահական տույժի ենթարկվեցին միասեռական ամուսնության գրանցումից հրաժարվելու համար: Մասնագետների վկայությամբՙ ամեն տարի Մեծ Բրիտանիայում արձանագրվում է մոտ մեկուկես հազար նման միջադեպ:

Հանուն արդարության պետք է ասել, որ Եվրոմիության շատ երկրներում պետական քաղաքականության աստիճանի է հասցված բացասական վերաբերմունքը առհասարակ բոլոր կրոնների նկատմամբ: Նման իրավիճակին նպաստող գործոններից մեկը դարձավ «բազմամշակութային» քաղաքականությանՙ այսպես կոչված մուլտիկուլտուրալիզմի ձախողումը: Մահմեդականների ներխուժումից եւ իսլամիզմի բուռն դրսեւորումներից սարսափած արեւմտյան հասարակությունը ատելությամբ համակվեց կրոնիՙ որպես երեւույթի նկատմամբ, այն բաժանելով ըստ դավանանքների:

Կրոնական համոզմունքների դրսեւորման արգելումը հաճախ կապված է նաեւ Եվրոպայում գովերգվող հանդուրժողականության գաղափարի հետ: Քրիստոնեական խորհրդանշանների, օրինակՙ Սբ. Ծննդյան տոնածառի կամ դպրոցներում կախվող Խաչելության ուրացումը մատուցվում է այն պատճառաբանությամբ, թե դա արվում է «ուրիշ կրոնների հետեւորդներին, ինչպես նաեւ կրոնի հանդեպ անտարբեր մարդկանց չվիրավորելու» նպատակով: Այսպես, Սբ. Ծննդյան տոներից առաջ Բրյուսելի կենտրոնում ավանդաբար կանգնեցվում էր տոնածառ եւ ներկայացվում էր տվյալ իրադարձության մանրակերտը: Սակայն անցյալ տարեվերջին տոնածառը փոխարինվեց ինչ-որ վերացական շինվածքով: Դրանից դժգոհ մնացին ամենքը. քրիստոնյաները զրկվեցին ավանդական խորհրդանշանից, քաղաքի բնակչության զգալի մասը կազմող մահմեդականները հայտարարեցին, որ սովորական եղեւնու փոխարեն տեղադրվել է ինչ-որ ավանգարդային բան, իսկ տեղացի գեղագետները գտան, որ շինվածքը չի ներդաշնակվում մերձակա քաղաքապետարանքի տեսքի հետ:

Եվրոպայում որոշ հավատացյալներ, համայնքներ եւ ծխեր ինքնապահպանության նկատառումներով երբեմն ստիպված են վարվել սեփական համոզմունքներին հակառակ եւ ենթարկվել եվրոպական իշխանությունների հակաքրիստոնեական քաղաքականությանը: Օրինակ, Իռլանդիայում գրեթե բոլոր եկեղեցիները ստիպված են անցկացնել միասեռական ամուսնության արարողություններ: Նորվեգիայի քրիստոնյա բժիշկները ըստ օրենքի չեն կարող հրաժարվել արհեստական վիժեցումներից: Ավելին, եթե նրանք հրաժարվեն հակաբեղմնավորիչ միջոցներ դուրս գրելուց, ապա կարող են զրկվել բժշկի արտոնագրից: Մոտավորապես նույնպիսի վիճակ է Շվեդիայում: Շոտլանդիայում երկու մանկաբարձուհիներ դատի տվեցին իրենց հիվանդանոցներին այն բանից հետո, երբ կառավարիչը նրանց պարտավորեցրեց վիժեցումներ կատարել: Սակայն դատավորը գտավ, որ կրոնական համոզմունքները բավարար հիմք չեն վիժեցումներ կատարելուց հրաժարվելու համար:

Ի դեպ, այսօր քրիստոնյաները տառապում են ոչ միայն աթեիստական եւ հակակրոնական տրամադրություններ ունեցող քաղաքական գործիչներից, այլեւ իրենց դավանակիցներից: Օրինակ, Հյուսիսային Իռլանդիայում մինչեւ օրս գոյություն ունեն բողոքականների եւ կաթոլիկների ռազմականացված կազմակերպություններ, որոնք պատրաստ են ամեն պահի սպանդ սարքել հանուն իրենց քաղաքական համոզմունքների:

Միջքրիստոնեական համաձայնություն չկա նաեւ Ուկրաինայում: Այդ երկրում ներեկեղեցական պառակտման եւ ազգայնական միտումների խորացման երկու տասնամյակների ընթացքում կանոնական ուղղափառության եւ պառակտիչ հունական կաթոլիկ եկեղեցու հետեւորդները միմյանց հանդեպ թշնամաբար են տրամադրված: 2014-ին սկսված քաղաքական ճգնաժամը էլ ավելի բարդացրեց իրավիճակը:

Նախորդ գրառումը

ՎԱՆՈՒՄ ԶԲՈՍԱՇՐՋԻԿՆԵՐԻ ԹԻՎԸ ԿՐԿՆԱՊԱՏԿՎԵԼ Է

Հաջորդ գրառումը

ՏԱԳՆԱՊԻ ԵՐԵՔ ՕՐԵՐԸ

Համանման Հոդվածներ

Newly elected chairman of the Armenakan-Ramkavar Liberal Party Hakob Avetikyan guest in Friday press club
19 Հունիսի, 2026

Դեռ ի՜նչ խարդախություն ասես չի կատարվի մեր երկրում…

19/06/2026
19 Հունիսի, 2026

Կարոտ մնացինք հանրային համերաշխության

19/06/2026
19 Հունիսի, 2026

«Առանց արտաքին ճնշման ՀՀ-ն կապերը չի խզի որեւէ մեկի, այդ թվում՝ ՌԴ-ի հետ»

19/06/2026
19 Հունիսի, 2026

Բելգիան կհատուցի գաղութային բռնության զոհերին

19/06/2026
Հաջորդ գրառումը

ՏԱԳՆԱՊԻ ԵՐԵՔ ՕՐԵՐԸ

Լրահոս

Անիմաստ է դիմել Սահմանադրական դատարան. արդյունքում ի հայտ կգա այս ընտրությունները լեգիտիմացնող դատական մի որոշում, որը խնդիրներ կառաջացնի հետագայում. ԱԺՄ

19/06/2026

ԱԺՄ (Ազգային ժողովրդավարական միություն) կուսակցության հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև. Հայաստանում ընտրությունները միշտ են կեղծվել, իսկ կեղծիքի չափը...

Եվրոպական երկրները սխալվում են՝ կարծելով, թե Ռուսաստանի հետ կարող է երկխոսել nւժի դիրքերից. Կրեմլի խոսնակ

19/06/2026

Եվրոպական երկրները սխալվում են՝ կարծելով, թե Ռուսաստանի հետ կարող են երկխոսություն կառուցել ուժի դիրքերից և նրա թուլության մասին պատկերացումից ելնելով:...

Ռուբեն Հակոբյանի նկատմամբ դատարանը կիրառել է բացակայելու արգելք և վարչական հսկողություն

19/06/2026

Քաղաքագետ Ռուբեն Հակոբյանի նկատմամբ դատարանը կիրառել է բացակայելու արգելք և վարչական հսկողություն: Հիշեցնենք՝ Հայաստանի քննչական կոմիտեն ավելի վաղ հայտնել էր,...

Դատարանը վերացրել է Սաշիկ Սարգսյանի կալանավորման որոշումը. նա այլևս ազատ է. «Իշխանություն»

19/06/2026

«Իշխանություն» լրատվականին հայտնի է դարձել, որ Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի դատավոր Սուրեն Խաչատրյանը վերացրել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբոր՝ Ալեքսանդր...

Իրավիճակը ռազմաճակատում շուտով կդառնա լիովին աղետալի. Պեսկով

19/06/2026

Երեկ Մոսկվայի վրա ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարձակումը վերջին երկու տարվա ընթացքում ամենազանգվածայինն էր. օրվա սկզբից ի վեր խոցվել է...

Պատերազմի եռագլուխ դևը Փաշինյանը, Ալիևն ու Էրդողանն են. շուրջ 700 հազար մարդ մերժել է Ալիևի սահմանադրություն ունենալը. Վարդանյան

19/06/2026

Իշխանությունները հայտարարում էին, որ օգոստոսի 8-ից հետո «Արևմտյան Ադրբեջանի» կոնցեպտի թեման փակ է, բայց օգոստոսի 8-ից հետո ավելի շատ են...

Արխիվ

Հունիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« Մյս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական