Մի շարք ֆիզիկոսներ ավելի ու ավելի են հակվում այն վարկածին, որ տիեզերքում ժամանակ հասկացություն որպես այդպիսին գոյություն չունի, դա մարդկանց պայմանականությունն է` կախված արեգակնային համակարգի իրողություններից, այսինքն` չկա անցյալ, ապագա, այլ` միայն մշտական ներկա: Մեկ այլ ֆանտաստիկ վարկածով` ողջ տիեզերքը (այդ թվում` մենք ) ինչ-որ մեկի ստեղծած հոլոգրաֆիան է, այսինքն` մենք ընդհանրապես գոյություն չունենք, այլ ինչ- որ մեկի պատրանքներով ստեղծված բազմաչափ պատկերի մաս ենք: Վարկածները նրա համար են, որ միշտ էլ դրանք կարելի է հերքել կամ ինչ-որ մի օր ապացուցել: Վարկած , թե ոչ` երկուսի նյութականացումն էլ մեր քաղաքական դաշտում առկա է, դե մեր իրականությունը միշտ էլ մի քիչ ֆանտասմագորիա է պարունակում իր մեջ, քանի որ երբեմն հիշեցնում է ծուռ հայելիների թագավորությունը, իսկ ըստ ֆանտաստիկ վարկածներից մեկի` ժամանակային անցումներից մեկն իրականություն է դառնում հենց ծուռ հայելիների միջոցով:
Դե` վարկածներից առաջինը մեր դեպքում իրական է դառնում վերջին քսան տարվա ղեկավարների ցանկությունների առումով, նրանցից ոչ մեկը չի ուզում ժամանակային պայմանականությունների գերին դառնալ, այսինքն` անցյալում մնալ, այլ միայն` մշտական ներկայի մեջ լինել: Դա արել եւ անում են բոլորը` առաջին, երկրորդ նախագահները, բազմաթիվ նախարարներ ու պատգամավորներ, որոնք թվում էր` անդարձ գնացել են, բայց վերադառնում ու վերադառնում են: Ներկա նախագահը դեռեւս շանս ունի այդ վարկածից օգտվելու, անցած շաբաթ դա արեց Ռոբերտ Քոչարյանը, որը շատ ռեալ ուզում է վերադարձնել «Քոչարյանական ժամանակները»:
Ճիշտն ասած` տողերիս հեղինակին, ով ժամանակին տեսել է եւ Տեր-Պետրոսյանի իշխանության հանձնումը Քոչարյանին, եւ Քոչարյանի իշխանության փոխանցումը Սերժ Սարգսյանին, դետալներով իմանալով շատ բան, անհնար է այլեւս զարմացնել մեր քաղաքական գործընթացներում տեղի ունեցող որեւէ երեւույթով, անգամ եթե հիմա իշխանությունը սահուն հանձնվի Քոչարյանին: Մեր գործն ուղղակի այս պահին սպիրալաձեւ շարժումը բացառող հայ քաղաքական դաշտի գործելակերպը ֆիքսելն է միայն, նկատի առնելով, որ բնության օրենքներին դեմ գնալիս պատրաստ պետք է լինել անոմալիայի: Եւ միայն: Իսկ որ Քոչարյանը հանգիստ կարող է լինել հաջորդ նախագահացուների շարքում` մենք դրանից ոչ զարմանում ենք, ոչ ողբերգություն սարքում, քանզի անընդունելին այնպիսի քաղաքական համակարգ ունենալն է, որի շնորհիվ ամեն ինչ կարելի է նախապես որոշել, համարյա ոչինչ չթողնելով ընտրությունների ինստիտուտին: Եւ կապ չունի, թե ո՞վ է հայտ ներկայացնում ապագա նախագահ լինելու, Քոչարյա՞նը, Աբրահամյա՞նը, Ծառուկյա՞նը, թե այլ մեկը, սահմանադրական փոփոխություններ տեղի կունենա՞ն-տեղի չե՞ն ունենա` ամեն ինչ նախապես որոշվելու է կաբինետներում, իսկ եթե ԵՏՄ մտնենք` նաեւ այս կառույցում կամ ավելի ստույգ` ռուսական կաբինետներում, իսկ ընտրությունները միայն կմնան որպես այս կամ այն սեւ կամ սպիտակ տեխնոլոգիան կիրառելու գործիք: Սա է ողբերգականը, սա է դիտարկելի շատ տարիներ, երբ հասարակությանն ընդհանրապես շատ փոքր դեր է մնում եւ ղեկավար, եւ երկրի հետագա ճանապարհ ընտրելիս: Անտեսված հասարակությունից սպասելիքն էլ քիչ է լինում:
Իսկ որ Քոչարյանն իրեն տեսնում է հաջորդ նախագահացուների ցանկում` դա երեւում էր եւ նրա հարցազրույցում` «Նոեւ Կովչեգին», եւ «Կենտրոնի»` նրա մասին ֆիլմում, եւ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանի այն լոյալ խոսքում, որ Քոչարյանի հետ ՀՀԿ-ն է ժամանակին հաջողություններ է գրանցել, բայց հիմա այդպիսի առաջարկ չի քննարկվում: Գալուստ Սահակյանը փաստորեն չի բացառում, որ այդպիսի առաջարկ որ լինի` կքննարկվի: Ու այդ դեպքում մեկ էլ տեսար Քոչարյանը դարձավ եւ ԲՀԿ-ի, եւ ՀՀԿ-ի, միգուցե նաեւ` այլ ուժերի թեկնածուն: Չնայած` վարչապետ Հովիկ Աբրահամյանի հակադրությանը, թե այն ժամանակ Քոչարյանի հետ միասին աշխատել են, նա էլ գիտի, որ հաջողելու համար կառավարությանը ժամանակ է պետք, ժամանակ լինի` իր կառավարությունն է հաջողելու:
Դե, հայերը սպիրալաձեւ շարժումից գլուխ չեն հանում, չնայած` Համբարձումյան ու Ալիխանյան ենք ունեցել: Այս առումով կադրային եւ ժամանակային նոնսենսներ դեռ կլինեն, դե իսկ ուսումնասիրողներին շատ դեպքեր են հայտնի մարդկանց` այլ ժամանակի մեջ հայտվելու առումով, չնայած ֆիզիկոսները տեխնիկական առումով դրանք բացատրել չեն կարողանում:Բացի այդ` հոկտեմբերի 10-ից հետո չի բացառվում, որ շատ բան կփոխվի, այդ թվում` չի բացառվում, որ բոլորովին այլ մարդիկ ակտուալ դառնան:
Քոչարյանական ցնցուղին զուգահեռ` ողջ շաբաթ վերստին քննարկվում էր Հայաստանի ` Եվրասիական միություն մտնելու հարցը, քանի որ հայտնի դարձավ, որ Ռուսաստանի նախագահ Պուտինը կարգադրել է ստորագրել Հայաստանի հետ պայմանագիրը: Այս առիթով վերստին բախվեցին կողմ եւ դեմ տեսակետները, ընդ որում` ԵՏՄ մուտքի կողմնակիցները շատ են, իսկ դեմերը դեմ են Խորհրդային Միության տեսքով մի այլ նոր միության վերստեղծմանը, մտահոգված են Հայաստանի ինքնիշխանության նվազման վտանգով, բայց եւ հույս ունեն, որ ԵՏՄ ստեղծման փաստաթուղթը կմնա թղթին, ինչպես ԱՊՀ դեպքում եղավ: Դեմ գործիչները (որովհետեւ ոչ մի քաղաքական ուժ դեմ չէ ԵՏՄ-ին, քանի որ այդպիսի տեսակետ չի բարձրաձայնում) հուսով են, որ այդ միության ստեղծմանը կտորպեդահարեն հենց իրենք` ԵՏՄ խորհրդի անդամ երկրներ Ղազախստանն ու Բելառուսը` իրենց երկրների ինքնիշխանությանը սպառնացող վտանգին ի տես, այդ մասին արդեն արտահայտվել է Ղազախստանի նախագահը «եթե-ապա»-ով: Այդպիսով` ԵՏՄ մտնելուն դեմ մարդկանց կարծիքով այդ միությունը չի գործի` Հայաստանից անկախ պատճառներով, ու Հայաստանն այդպես կշահի, քանի որ այն խնդիրները որ դնում էր Հայաստանը ԵՏՄ-ի առաջ` դրանք չեն վերացել, առկա են:
Դե, իսկ կողմնակիցները շարունակում են պնդել Հայաստանի անվտանգության եւ տնտեսական զարգացման պարագաները, որոնք նրանց կարծիքով ԵՏՄ-ում կապահովվեն:
Սակայն անզարմանք հեղինակիս միշտ շարունակում է զարմացնել մի հանգամանք. աջուձախ սահմանադրական փոփոխություններից խոսող մեր քաղաքականները, որ այդ փոփոխությունները համաբալասան են համարում ամեն ինչի համար, գեթ մեկ անգամ չհիշեցին սահմանադրության այն դրույթը, որով երկրի համար կարեւորագույն որոշումներ ընդունելիս այդ մասին հանրաքվեով պետք է հարցնել ժողովրդից: Իսկ միթե ԵՏՄ մտնելը, ինչպես, ի դեպ, Եվրոասոցիացումը, երկրի կյանքի ամենակարեւորագույն փոփոխությունները չէի՞ն, որոնց մասին միայնակ որոշում կայացնելը հղի է պատասխանատվությամբ, այդ մասին հիմա ոչ ոք չի հիշում:
Իսկ երեկ Ուելսում մեկնարկեց ՆԱՏՕ-ի գագաթաժողովը, որտեղ ըստ մեր հոռետեսների երկրի նախագահը չէր գնալու, քանի որ Ռուսաստանը դա չէր ուզենա: Նախագահ Սարգսյանը եւ գնացել է, եւ ելույթ ունի, հոռետեսների գծած կլիշեն խախտելով փաստորեն, միգուցե նաեւ այլ ենթադրությունների դուռ բացելով, մանավանդ` սոցցանցերի սիրահար, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ջեյմս Ուորլիքն էր Twitter-ում գրել, թե Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների ներկայությունը ՆԱՏՕ-ի գագաթաժողովին «ուժեղ հայտարարություն է մեր ընդհանուր արժեքների ու նպատակների մասին»` սա ուղերձ մյուս շաբաթվա մեր քաղաքական բանավեճերին: Իսկ Թուրքիայի փնթփնթոցը` ԼՂ կարգավորման հետ կապվածՙ ընդհանրապես կարող են ՆԱՏՕ-ի վեհաժողովում բանատեղ չդնել, ինչպես որ բանի տեղ չեն դրել մինչ այժմ Թուրքիայի բազում այլ փնթփնթոցներ: