Երեքշաբթի, 11 Օգոստոս, 2026

Բաքուն ընդդեմ Քըլըչդարօղլուի

Իլհամ Ալիեւի վերաբերմունքը մետաքսի նոր ճանապարհի ու ալավիականության նկատմամբ

Այս անգամ Թուրքիայի նախագահական ընտրությունները, որոնք տեղի են ունենալու առաջիկա կիրակի օրը, մեզ համար միջազգային-արտասահմանյան անցուդարձի պարզ թեմա չէ, ոչ իսկ թշնամի-հարեւան երկրի նկատմամբ հետաքրքրության նյութ: Այլ՝ տարածաշրջանային նորանոր զարգացումների, Հայաստանի եւ Արցախի նկատմամբ ադրբեջանական սաստկացող ագրեսիայի, Բաքվի նկատմամբ Անկարայի սաստիկ սիրո, միաժամանակ հայ-ադրբեջանական ու հայ-թուրքական անխաղաղ խաղաղության շուրջ շփումների ֆոնին՝ առաջիկա այդ ընտրությունները սրում են մեր շահագրգռվածությունը ծայր աստիճան՝ նախագահի փոփոխության դեպքում մեր երկրի նկատմամբ թշնամական քաղաքականության թուլացման ակնկալությամբ:
Այդ իմաստով, հատկապես Էրդողան-Ալիեւ սիրատոչոր հարաբերությունների կտրվածքով, մեր վետերան աշխատակցի ստորեւ ներկայացվող հոդվածը առավել եւս սրում է մեր շահագրգռվածությունը ընտրության ելքի նկատմամբ:

Խմբ.

Ելնելով Թուրքիայի ու Ադրբեջանի լեզվամշակութային ու կրոնադավանական ընդհանրություններից, ինչպես նաեւ  44-օրյա պատերազմից հետո «մեկ ազգ՝ երկու պետություն» կարգախոսին  փոխարինելու եկած՝ «մեկ ազգ՝ մեկ բանակ» նոր նշանաբանի առանձնահատկությունից, կարելի է  միանգամայն հասկանալի ու բացատրելի համարել  Թուրքիայի համապետական ընտրությունների նկատմամբ Բաքվի սեւեռռւն ուշադիրությունն ու նախագահի թեկնածու  Էրդողանի  նկատմամբ Ալիեւի բացառիկ համակրանքը:

Հասկանալի ու բացատրելի  է նաեւ Իրանի տարածքով դեպի Չինաստան ձգվող մետաքսի նոր երկաթուղային միջանցքի մասին Թուրքիայի ընդդիմության միասնական թեկնածու Քըլըչդարօղլուի հնչեցրած նախընտրական  հայտարարության նկատմամբ  Ալիեւի վրդովմունքն ու  այդ առիթով՝ վերջինիս ջղաձգումները:

Ըստ  globalinfo.az  կայքի մայիսի 9-ի համարի, Ադրբեջանի նախագահը  խայտառակություն է համարել Քըլըչդարօղլուի՝ Ադրբեջանը շրջանցող նոր միջանցքի մասին հայտարարությունը, որը, ըստ Ալիեւի,   հակասում է  «նեո-թուրանական» գաղափարախոսությանը եւ դավաճանական քայլ  Ադրբեջանի նկատմամբ:

globalinfo.az-ի բնորոշմամբ՝  Նոր մետաքսի ճանապարհի մասին Քըլըչդարօղլուի հայտարարությունը վերջինիս պատասխանն է Էրդողանի թեկնածության օգտին պաշտոնական Բաքվի դիրքորոշմանը, որից հնարավոր է պատկերացում կազմել,  կայքի ձեւակերպումով,   «Ադրբեջանի Հանրապետության չգոյության» մասին Քըլըչդարօղլուի ու նրա ղեկավարած «ժողովրդահանրապետական» կուսակցության դիրքորոշման մասին: 

globalinfo.az-ի հրապարակած հոդվածի նախաբանում նշված է, որ Ադրբեջանի կախվածությունը Թուրքիայում ընթացող իրադարձություններից, ինչպես նաեւ նախագահական ընտրություններին ցուցաբերվող սրտացավ վերաբերմունքը, միանգամայն տրամաբանական է: Հեղինակը հավելել է, որ  թուրանական միասնականության ծրագիրը կյանքի կոչելու համար հարյուր տարվա տքնաջան աշխատանք է պահանջվել, որի իրագործումն առանց Ադրբեջանի, հոդվածագրի կարծիքով,  անհնարին է:

Ամփոփելով հոդվածը, հեղինակը Թուրքիայի քաղաքացիներին սթափության կոչով է դիմել ու հորդորել չքվեարկել Քըլըչդարօղլուի օգտին:

Ընդդիմության միասնական թեկնածուի  օգտին չքվյարկելու Բաքվի բազմաթիվ  պատճառաբանություններից մեկն էլ ալավիական ինքնությունը բացահայտած Քըլըչդաօղլուի խիզախոթյունն էր, որը, կարող է հնարավորություն տալ վերջինիս, ընտրվելու դեպքում, Թուրքիայի ներքին ու արտաքին քաղաքականության մեջ կոտրել նաեւ  այլ կարծրատիպեր: 

Իրանի ԱԳՆ արտաքին հարաբերությունների ինստիտուտի գիտխորհրդի անդամ եւ Վատիկանում Իրանի նախկին դեսպան Մոհամմադ Մասջեդջամեին, «Ժամանակակից  Թուրքիայի սոցիալ-քաղաքական խզվածքը» խորագրով տեսակոնֆերանսին ունեցած իր ելույթում,  Թուրքիայի նախագահի  թեկնածուներից մեկի՝ ալավիական ինքնության  հարցի արծարծումը  կարեւոր է համարել  ու նշել, որ այդ կրոնադավանական շարժման նկատմամբ Թուրքիայում տարիներ շարունակ ցուցաբերվող անտարբերությունից հետո,   ալավիականության թեմայի շուրջ քննարկումները չեն կարող անհետեւանք մնալ: Բանախոսը հիշեցնում է, որ Քըլըչդարօղլուն պարզորոշ կերպով  խոսել է իր ալավիական ինքնության ու իրանական մեծ Խորասանից Թուրքիա տեղափոխվելու մասին՝  ներկայացնելով  նաեւ դրվագներ  իր նախապապերի կենսագրությունից: Ըստ բանախոսի, այսօրվա Թուրքիայում Քըլըչդարօղլուի կարգավիճակն ունեցող  անձի  կողմից ալավիական ինքնության մասին խոսելն աննախադեպ  երեւույթ  է, ինչը ոմանց կողմից  բարձր գնահատվեց ու  վերագրվեց թեկնածուի  քաջությանը: 

Բանախոսը պնդում է, որ անկախ ընտրությունների վերջնարդյունքից,   ալավիական ինքնության մասին Քըլըչդարօղլուի հայտարարությունն  իր հետքն է  թողնելու  Թուրքիայի  ներքին ու արտաքին քաղաքականության  հետագա ընթացքի վրա: 

Ալավիական շարժման ծագումը, ըստ իսլամագետ Դ. Հովհաննիսյանի ներկայացրած վարկածներից մեկի, կապված է Կիլիկիայի հայաբնակ քաղաքների հետ, եւ այդ փաստով է բացատրվում հայկական քրիստոնեության ազդեցությունն ալավիականության վրա, եւ ի տարբերություն սուննիականության, այս ուղղությունում աստվածացվում է Ալին, որը պատկանում է յուրատեսակ «սուրբ երրորդության»՝ Մուհամմադի եւ Սալման ալ-Ֆարիսիի հետ միասին:

Դժվար չէ պատկերացնել, թե Իլհամ Ալիեւն ինչ վերաբերմունք կարող է ունենալ հայկական քրիստոնեական ազդեցությունը կրող ալավիզմի  հետեւորդ Քըլըչդարօղլուի  քաղաքական հայացքների հանդեպ:

ԳՐԻԳՈՐ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Իրանում ՀՀ նախկին դեսպան